Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Փողով զինգրքույկ գնելու մասին Հայկ Աարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծն այսօր դրական եզրակացություն ստացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: 

Պաշտպանության մասին նախագծում պատգամավորի առաջարկած փոփոխությունները հնարավորություն են տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Չնայած քննադատություններին՝ ՔՊ-ականները հանձնաժողովում կողմ քվեարկեցին նախագծին: Օրենքով սահմանված՝ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ ազատազրկում:

Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով նախատեսվում է՝ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Մասնավորապես՝ «27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամ
3) զինծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 5 միլիոն ՀՀ դրամ
4) զինծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետբյուջե վճարել 10 միլիոն ՀՀ դրամ
5) զինծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել 15 միլիոն ՀՀ դրամ»:

Բացի այդ, փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 37 տարեկան: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2 միլիոն 500 հազար դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից: