Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստերը տապալվում են

Մանվել Գրիգորյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստերը տապալվում են

Դեռեւս մեկ տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց էր ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ։ 

Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: 

Դատավորն այս գործով ինքնաբացարկ է հայտնել։ Որոշման հիմնավորման մեջ նշել է․ «Թեև տվյալ դեպքում չկա սուբյեկտիվ մոտեցում դատավարության կողմերից որևէ մեկի նկատմամբ, որը օբյեկտիվ առումով կարող է ազդել և կասկած առաջացնել դատավորի անաչառության և օրինական գործողությունների նկատմամբ, սակայն նկատի ունենալով, որ հայցվոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի դստեր՝ Նաիրա Մանվելի Գրիգորյանի հետ, ով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, ինչը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իմ անկողմնակալության մեջ և դառնալ անհարկի շահարկումների հարց, ուստի անկողմնակալ դիտորդի ցանկացած տեսակի կասկածները փարատելու, նաև հետագայում այդ հարցով անհարկի շահարկումներից զերծ մնալու նպատակով գտնում եմ, որ հայցադիմումը վարույթ ընդունելու քննարկման փուլում իմ կողմից պետք է հայտնվի ինքնաբացարկ»։

Խաչատրյանից հետո այս գործով որեւէ նորություն չկա․ հայցը մակագրվել է մեկ այլ դատավորի՝ Նաիրա Ավետիսյանին։ Նիստերը տեղի չեն ունենում, Սիլվա Համբարձումյանը դատարան չի ներկայանում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Գրիգորյանի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանը նշեց․ «Սիլվա համբարձումյանը չի ծանուցվում, դատարանը ծանուցումներ ուղարկում է, կա՛մ չեն ստանում, կա՛մ հազար պատճառաբանություններ։ Նիստ չի եղել ընդհանրապես»։


Նշենք, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին  տված հարցազրույցում արված հետեւյալ արտահայտության համար. «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: 

Սիլվա Համբարձումյանը հավելել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի: