Պարզ հարց տվեք

Պարզ հարց տվեք

Կոռուպցիայի ամենապարզ ձեւակերպումն այսպիսին է. «Ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում` անձնական օգուտ ստանալու նպատակով»: Որպեսզի հասկանաք` արդյոք կա՞ կոռուպցիա այս կամ այն անձի գործունեության, այս կամ այն գործընթացի մեջ, բավական է պարզ հարց տալ` եթե այս անձը նման պաշտոն չզբաղեցներ, կկարողանա՞ր այդ քայլն առհասարակ անել կամ անել` առանց օրենքի հետ խնդիրներ ունենալու: Ասենք, Աննա Հակոբյանը կկարողանա՞ր Մատենադարանի դահլիճում նման միջոցառումներ կազմակերպել, Երեւանի պետական համալսարան այցելել, հանքարդյունաբերողներին եւ այլ անձանց հավաքել ու դասախոսություններ կարդալ, եթե չլիներ վարչապետի կինը: Քանի՞ մարդ կհավաքվեր այդ դահլիճներում, եւ քանի՞ անձ կարձագանքեր նրա հրավերներին: Կկարողանա՞ր հիմնադրամ ունենալ, դրամահավաքներ անել, ծրագրեր իրականացնել, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի կինը, կստանա՞ր այն միլիոնավոր դրամները, որոնք փոխանցվում են «Իմ քայլը» հիմնադրամին` անանուն եղանակով:

Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ր պարտադրել մասնավոր ընկերություններին` իրենց բաժնեմասի 20 տոկոսը փոխանցել պետությանը, եթե չունենար քրեաիրավական, հարկային ու մաքսային լծակներ: Կկարողանա՞ր «Քաղպայմանագիր» կուսակցության համար դրամահավաքներ անել եւ իր կուսակցության քարոզարշավի ծախսերը դնել գործարարների վրա: Իսկ ՔՊ-ն կունենա՞ր 36 տոկոս ձայն Գյումրիում, եթե այդ նույն իշխանական լծակները եւ վախի գործոնը չլինեին: Քանի՞ քվե կստանային իշխող կուսակցությունն ու նրա առաջնորդը, եթե ընտրություններին մասնակցեին այլ կուսակցությունների հետ հավասար դաշտում` չունենալով ադմինիստրատիվ ռեսուրս եւ վարչական լծակներ: Բոլոր նմանատիպ իրավիճակներում փորձեք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նրանք չլինեին իշխանություն: