Կիսինի այցը՝ մշակութային դիվանագիտության կարեւոր մաս

Կիսինի այցը՝ մշակութային դիվանագիտության կարեւոր մաս

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ փառատոնն իր երկու տասնամյա գործունեության ընթացքում ձեւավորել է մի միջավայր, որտեղ ե՛ւ հայ երաժիշտներն են կրթվում, զարգանում, ե՛ւ մեր երկիրն է ձեռք բերում նոր ընկերներ, ի դեմս Եվգենի Կիսինի, որոնք Հայաստանի համար ամենաբախտորոշ ժամանակներում կանգնում են մեր երկրի կողքին:

«Կիսինի այցը փառատոնի կենսագրության, նաեւ մեր երկրի մշակութային կյանքի ամենակարեւոր ու էմոցիոնալ պահերից է, որովհետեւ Կիսինը չի գալիս միայն որպես երաժիշտ, այլ նաեւ որպես մեծ հայասեր, որպես մեզ բոլորիս, Հայաստանի մեծ ընկեր, որը չենք կարող հաշվի չառնել։ Կիսինի վերջին համերգը Երեւանում 2017-ին էր՝ օպերային թատրոնում, եւ շենքի պատմության մեջ երեւի առաջին դեպքն էր, որին համարյա 2 հազար մարդ էր ներկա։ Այսինքն՝ մեր հասարակությունն առանձնահատուկ սեր է տածում Կիսինի հանդեպ՝ թե՛ նրա բարձրագույն կատարողական վարպետության, թե՛ մարդկային կերպարի հանդեպ, ով մեր ազգի վատ օրերին՝ երկրաշարժ, պատերազմ, միշտ եղել է Հայաստանի կողքին»,- ասում է Սոնա Հովհաննիսյանն ու ընդգծում, որ այս տարին եւ այս համերգն առանձնահատուկ են նաեւ նրանով, որ լրանում է Կիսինի 50-րդ տարեդարձը․

«Նա իր համար շատ թանկ տեղեր է միայն առանձնացրել, որ հասցնի համերգներով ներկա լինել, եւ շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Երեւանը հայտնվել է այդ ցանկում։ Մենք էլ կփորձենք ինչ-որ կերպ իր ծննդյան առիթին անդրադառնալ, որովհետեւ հայ ունկնդիրների հիշողության մեջ այն վունդերկինդ երեխան, որին միշտ հետեւում էինք սերնդեսերունդ, արդեն 50 տարեկան է դառնում»։

Աշխարհահռչակ դաշնակահարն ամեն տարի ընտրում է մենահամերգի մի ծրագիր, որը ներկայացնում է Եվրոպայի ամենամեծ բեմահարթակներում։ «Մեկ ամիս առաջ նա նույն ծրագիրը նվագեց Վերդիի հռչակավոր փառատոնում՝ Շվեյցարիայում, եւ նույն ծրագիրը մի քանի շաբաթ անց կնվագի երեւանյան բեմում,- ասում է նա ու հավելում, որ դաշնակահարը հազվադեպ է նվագում նվագախմբերի հետ, հիմնականում մենահամերգներով է հանդես գալիս։- Կիսինն այն համեստագույն անձնավորություններից է, որի կենսագրության մեջ նշված չեն անգամ նրա բոլոր մասնագիտական նվաճումները։ Մենք շատ պատահական տեղեկացանք, որ նա Գրեմի մրցանակ ունի»։

Փառատոնի տնօրենն ընդգծում է, որ երեւանյան բեմը Կիսինի համար սիրելի է դարձել, թեպետ չենք կարող երազել նրան ավելի հաճախակի հյուրընկալելու մասին, որովհետեւ առնվազն 3 տարի առաջ նշանակված են նրա բոլոր համերգները, «բայց մի քանի տարին մեկ արժանանում ենք այդ երջանկությանը, եւ նա այցելում է Հայաստան, որը ե՛ւ համերգ է, ե՛ւ մարդկային շփում, ե՛ւ երիտասարդ տաղանդներին լսելու հնարավորություն, որոնց իր խորհուրդներով աջակցում է, նաեւ՝ այցելություն ցեղասպանության հուշահամալիր եւ մեզ համար այլ նվիրական տեղեր։ Եվ փառատոնի մշակութային դիվանագիտության այն հատվածը, որը մենք ինտենսիվ իրականացնում ենք, այդտեղ Կիսինի ֆենոմենն ամենակարեւոր դերն է կատարում»։

Աշխարհահռչակ երաժիշտը շատ ակտիվ էր թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից առաջ՝ իր կեցվածքն ու վերաբերմունքն արտահայտելու հարցում․ «Նա մամուլում գրում էր, արձագանքում էր, երբ որեւէ ոտնձգություն էր լինում ադրբեջանական կողմից։ Անցյալ տարի, հենց այս օրը փառատոնը համերգ կազմակերպեց սահմանամերձ Բերդ քաղաքում, որը պատասխանն էր այն կրակոցների, որ Տավուշում հնչել էին, եւ դեռ չգիտեինք, որ պատերազմ կսկսվի։ Կիսինը հատուկ ուղերձ ուղարկեց, եւ ես բեմից ընթերցեցի նրա ուղերձը։ Այսինքն՝ չի եղել մի ոտնձգություն, անարդարություն, որին նա չարձագանքի»։

Հետաքրքրվեցինք՝ լինելո՞ւ են հատուկ այցեր, որտեղ Կիսինը ցանկություն է հայտնել գտնվել, գուցե մարդկանց հետ շփվել։ «Մենք ունենք որոշակի առաջարկություններ, որոնք կանենք, երբ նա արդեն այստեղ կլինի, որովհետեւ դեռ նրա հետադարձ օրը պարզ չէ, քանի որ նա որոշել է իր 50-ամյակը նշել Թելավիվում եւ այնտեղ համերգ ունի նախանշված։ Նա նաեւ իր երկրի, ժողովրդի մեծագույն պատրիոտն է։ Մեզ տեղեկացրեց, որ դեռ չգիտի, թե Երեւանից երբ եւ ուր է թռչելու։ Դրա համար համերգից հետո միայն մենք մեր պլանների մասին կխոսենք, եթե նա մի քանի օր մնա Երեւանում, մեր ծրագիրը կառաջարկենք, որի փակագծերը հիմա չեմ ուզում բացել, բայց կարծում եմ՝ նա սիրով այդ ամեն ինչի մասնակիցը կլինի»։

Թե պատերազմն ու կորոնավիրուսն ինչպես անդրադարձան մշակութային կյանքի ու նաեւ հանդիսատեսի վրա, Ս․ Հովհաննիսյանն ասում է, որ մարդկանց աչքերում մեծ կարոտ են տեսել, ինչը նկատել են առաջին համերգի ժամանակ․ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն իր համերգաշրջանը սկսեց հուլիսին՝ հյուրընկալելով Ռավվեննայի փառատոնին, որի շրջանակներում Երեւան եկավ դիրիժոր Ռիկարդո Մուտին։

«Անգամ մինչեւ փառատոնի մեկնարկը սոցիալական ցանցերով, անձնական նամակներով ու զանգերով մարդիկ հետաքրքրվում էին։ Այն սթրեսը, որի միջով մենք անցանք, որին գումարվեցին նաեւ պատերազմի դժոխային օրերը, այս ամենից հետո մարդիկ ուզում են դրական, հոգեւոր սնունդ ստանալ, նույնիսկ պահանջում են։ Առաջին համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, ու հիմա մի քանի օր է, ինչ առկա է Կիսինի համերգի մասին ազդագիրը։

Չափազանց ակտիվ են հեռախոսազանգերը, տոմսերի վաճառքը։ Շատ մեծ ակտիվություն ենք նկատում, նույնիսկ ավելին, քան նախորդ տարիներին, որովհետեւ մեկ ամսից էլ քիչ կա համերգին, բայց անսովոր ակտիվություն է նկատվում, մարդիկ իսկապես կարոտել են եւ հիմա առավել քան դրա պահանջն ունեն, հավատացեք՝ Մուտիի, Կիսինի համերգը բժշկող, ուժ տվող երեւույթներ են եւ տպավորություն են ամբողջ կյանքի համար։ Ու շատ երջանիկ եմ, որ այս 20 տարվա մեջ ինչ միջոցառում արել ենք, բոլորը եղել են իրադարձային, ոչ սովորական համերգներ, եւ մարդիկ համերգի ավարտին տուն են գնացել՝ ամիսներով դրա տպավորության տակ ապրելով։ Դա ապրեցնող է, ուժ է տալիս, որ թեւաթափ չլինես, ոտքի կանգնես ու գործ անես»։

Փառատոնն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, քիչ համերգներ է ունենալու, քանի որ կա նաեւ ֆինանսական խնդիր, բայց երաժշտական որակը նույնկերպ բարձր են պահելու։ «Կիսինից հետո մենք նոյեմբերին հյուրընկալելու ենք աշխարհի ամենահայտնի ջութակահարներից մեկին՝ Աննե Սոֆի Մուտերին՝ իր վիրտուոզների խմբով։ Ունենք մի շարք գեղեցկագույն համերգներ՝ Բյուրականի մեր արվեստի ակադեմիայում։ Նախատեսված է նաեւ Էբբեն ջազային, լարային քառյակի համերգը, որը դասական եւ ջազային ծրագրեր է ներկայացնելու։

Գոսպել երգչախումբն էլ, որ հոգեւոր երգեր է ներկայացնում, համերգով կներկայանա դեկտեմբերին»,- ասում է փառատոնի տնօրենն ու նշում, որ զուգահեռաբար կառուցում են հաջորդ տարվա ծրագիրը, որովհետեւ մայիսին Հայստանում հյուրընկալելու են Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական 70-րդ գագաթնաժողովը, իսկ դա նշանակում է, որ ողջ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնանալու է մեր երկրի վրա։