Դատավորները չեն մեկնի առաջնագիծ․ նրանք ազատվում են զորահավաքներից

Դատավորները չեն մեկնի առաջնագիծ․ նրանք ազատվում են զորահավաքներից

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ՝ իր աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ որպես կամավորական և ներգրավվել տարբեր ջոկատներում։

Ովքե՞ր են ներգրավված այդ 60-ի մեջ, կա՞ն դատավորներ, «Հրապարակ»-ի հարցերին պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

-Պարոն Փոլադյան, դատավորներից մեկնողներ եղե՞լ են ռազմաճակատ։

-Այս պահին պաշտոնական տեղեկատվության չեմ տիրապետում։

-Օրենքն ի՞նչ է ասում, բացառո՞ւմ է իրենց մեկնումը։ Օրինակ՝ պատգամավորների դեպքում հստակ կարգավորվում է, որ նրանք իրավունք ունեն չմեկնելու սահման։

-Եթե իրավիճակն եղավ այնպես, որ հերթը հասավ, այդ թվում դատավորների գնալուն, ես վստահ եմ, որ բոլորն իրենց հայրենիքի պաշտպանության պարտքը կատարելու են։ Պարզապես համապատասխան իրավական ակտերը ռազմական դրության ժամանակ պարտադրում են ապահովել դատական համակարգի բնականոն գործունեությունը։ Իսկ դատական համակարգի բնականոն գործունեությունը ապահովում են դատավորները, իսկ դրան օժանդակություն, նպաստ բերում է Դատական դեպարտամենտը, այդ պատճառով է, որ օրենքն ամրագրել է, որ դատավորները, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ ազատվում են բոլոր տեսակի վարժանքներից եւ զորահավաքներից։ Իրավական առումով՝ այդ պատճառով դատավորներն այս պահին իրենց առաքելությունն են կատարում՝ նաեւ պահելով թիկունքը։

-Տեսեք, բայց արդյոք բնականոն հունով աշխատո՞ւմ է դատական համակարգ։ Օրինակ՝ քրեական գործերով կալանավորներին ոստիկանությունը չի կարողանում բերել դաստարան։

-Ճիշտ եք, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ չեն բերում դատարաններ։ Կալանավորներին բերում են դատարաններ, բայց տարբեր-տարբեր հարցեր կան, որոնք մարդկանց համար օրհասական քննարկման անհրաժեշտություն ունեն դատարանների վարույթներում գտնվող գործերով։ Միայն կալանավորների հարցը չի, հավատացեք, որ շատ հարցերում կան նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնք ձեզ տեսանելի չեն։

-ԲԴԽ-ից 60 հոգի է մեկնել մարտադաշտ, նրանց թվում կարգադրիչներ էլ կա՞ն։

-Առաջնագծում են, արդեն 60 եւ ավելի մեր աշխատակիցներ առաջնագծում են։ Ցավոք սրտի, ունենք նաեւ մեկ-երկու վիրավորներ, որոնք ապաքինում են ստանում, մենք ուշի ուշով հետեւում ենք բոլոր իրադարձություններին եւ յուրաքանչյուրս սպասում ենք մեր հերթին․․․Կարգադրիչներն էլ են ԲԴԽ աշխատակիցներ, Դատական դեպարտամենտը ԲԴԽ-ի աշխատակազմն է, եւ, հետեւաբար, այդ թվում կարգադրիչները ներառված են այդ համակարգում։

-ԲԴԽ անդամներից ոչ ոք այդ 60-ի մեջ չէ՞, աշխատո՞ւմ են։

-Այս պահին Բարձրագույն դատական խորհուրդն իրականացնու՞մ է իր բնականոն գործունեությունը։

- Այո՛, աշխատում է։

Նշենք, որ ըստ ԲԴԽ-ի՝ ՀՀ վարչապետի, նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել էր կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը: