Հետաքրքիր է, ի՞նչ պետք է անեն իրավապաշտպանները, որ չեն արել

Հետաքրքիր է, ի՞նչ պետք է անեն իրավապաշտպանները, որ չեն արել

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարպիս Փաշոյանի հոդվածները հավանում եմ։ Պարզ է, ոչ բոլորը։ Հեղինակին էլ եմ հավանում։ Շատ գրողներից էապես տարբերվում է՝ կարդացող է ու ուսումնասիրող։ Բայց մեկ-մեկ նա էլ է առանց խորանալու ու թեման ուսումնասիրելու դարակազմիկ հայտարարություններ անում։ Հիշում եմ՝ ժամանակ առաջ մի հոդվածում գրել էր, թե ԽՍՀՄ փլուզումից հետո (1990թ․) խորհրդային տարիների քաղբանտարկյալները պարզեցին, որ անելիք այլեւս չունեն (մոտավոր եմ հիշում)։ Ուզում էի արձագանքել, գրել, որ աչքի անցկացնի, փորձի ուսումնասիրել ԽՍՀՄ նախկին հանրապետություններում (Էստոնիա, Լիտվա, Ուկրաինա, Վրաստան ու նաեւ, անկասկած՝ Հայաստան), ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներում (հատկապես՝ Չեխիա, Լեհաստան) նախկին այլախոհների վճռական դերը 1990-ականների զարգացումներում ու դրանից էլ հետո, բայց մտափոխվեցի։ Եթե ուսումնասիրող մարդը, ինչպիսին, կրկնվեմ, Կարպիսին եմ համարում, կարող է նման թեթեւությամբ պատմական լրջագույն երեւույթի մասին հընթացս՝ մեկ նախադասությամբ խեղաթյուրված ու սխալ տեղեկություն հաղորդել ընթերցողին՝ ի՞նչ ասես։
Նույն թեթեւությամբ էլ ու կրկին առանց թեմայի մեջ խորանալու այսօր էլ նա մեղադրանք է ներկայացրել իրավապաշտպաններին։ Գրել է․ «Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար»։
Չլիներ իրավապաշտպաններին ուղղված խոսքը՝ չէի արձագանքի։ Բայց, Կարպիս ջան, հետաքրքիր է, ի՞նչ պետք է անեն իրավապաշտպանները, որ չեն արել, եւ որտե՞ղ ես դու տեսնում ընտրովի արդարադատություն։ Գործը դատարանում դեռ չի էլ քննվել։ Խոսքդ, որքան հասկանում եմ, վերաբերվում է նախաքննությանը եւ դատարան ուղարկված գործին։
Ես չեմ ցանկանում ստանձնել Alen Simonyan -ի պաշտպանի դերը, բայց քեզ առաջարկում եմ մի կողմ դնել Ալենի նկատմամբ ունեցած քո վերաբերմունքը եւ իրավիճակը պատկերացնել։ Մարդը բարեւում է իր ծանոթին ու որպես պատասխան՝ գռեհիկ հայհոյանք է ստանում։ Հիմա ի՞նչ՝ դու առաջարկում ես, որ նախաքննությունը կռիվ հրահրողին ու կռվի մեջ ներքաշվողին նույն հարթության վրա՞ դիտարկեր։ Մի պահ քեզ գործը վարող քննիչի դերում կարո՞ղ ես պատկերացնել։ Ի՞նչ կանեիր։ Կռիվ հրահրողին ու կռվի մեջ ներքաշվողին նույն մեղադրանքը՞ կներկայացնեիր։ Եթե՝ այո, ապա լավ ենք պրծել, որ քննիչ չես։ «Ընտրովի արդարադատության» մասին էլ է խոսելը վաղ։ Իրավապաշտպաններին անարգանքի սյունին գամելը նույնպես վաղ է ու անտեղի։ Դեռ դատ պետք է լինի։ Արի, սպասենք։ Ելնելով մեր արդարադատության ներկա վիճակից բոլորովին չի բացառվում, որ այդ կռվի համար Ալենին ցմահ ազատազրկման դատապարտեն, իսկ Արթուրին արդարացնեն։ Մի շտապիր»։