Հիմա էլ բնակարաննե՞րն են հանձնում․․․

Սովորաբար այն մարդիկ չեն իրենց տները վարձակալությամբ տալիս, ովքեր ֆինանսապես ապահովված են։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիկոլի շուրթերով շոշափում է հասարակությանը՝ պարապուրդի մատնված բնակարանների գույքահարկը մեծ թվերով բարձրացնելու մասին։ Սովորական թվացող նման նախագծերի հետևում վտանգ կա։ Մի կողմից հասարակությանը գրգռում են՝ տեսեք, մարդիկ կան, որ մի քանի բնակարաններ ունեն և պարապուրդի են մատնված, նմաններին կստիպենք որ տասն անգամ թանկ գույքահարկ վճարեն։ Հասարակությունը կշոյվի՝ վա՜յ Նիկոլը պայքարում է օլիգարխների դեմ։
Եթե մի ժամանակ մարդիկ ասում էին, որ Նիկոլը եկել է հողեր տալու, Փաշինյանը դրա շուրջ կատակներ էր անում՝ պատկերացնու՞մ եք, թե ինչեր են մոգոնում նախկինները։ Խոսում էր Արցախից մի թիզ հող չտալու մասին, այսօր արդեն վայելում ենք նրա «ստի պտուղները»։
Հիմա էլ պարզ երևում է, որ Նիկոլը պարապուրդի մատնված կամ մշտապես չբնակեցված բնակարանները հանձնել է ուզում։ Եթե այդ մասին բարձրաձայնվի, էլի հողերը հանձնելու նման այս անգամ Նիկոլ- Մինասյան դուետը դուրս կգա ու չքմեղանա՝ տեսնու՞մ եք ինչե՜ր են մոգոնում։
Ուզում եմ ընդամենն այս փաստը ներկայացնել։ Օրերս Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել էր Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներին և խնդրել էր ԵՄ-ին միջամտել իրենց հայրենակիցների՝ «Հայաստան վերադառնալու և բնակվելու իրավունքների ապահովման հարցում, որտեղից նրանք, իբր, արտաքսվել են»։ Ահա թե ինչ է պատասխանել ԵՄ-ն․ «միանշանակ պաշտպանում է ադրբեջանցի բնակիչների վերադարձի իրավունքը և ընդունում է այս հարցի կարևորությունը ավելի լայն խաղաղ գործընթացում»։
Նիկոլը ինչքան էլ զարկ տա բնակարանաշինությանը, որ եղբայրներին առոք- փառոք տեղավորի Հայաստանում, չի հասցնի։ Այդ պատճառով ընկել է այն բնակարաների հետևից, որտեղ մարդ չի բնակվում, չնայած նրանց տանտերերը տարին մի քանի անգամ կամ գոնե մի անգամ գալիս են և համարվում են բնակարանների սեփականատերը և կատարում են իրենց պետական պարտավորությունները։ Եթե գույքահարկը այնքան բարձրացվի, իսկ դա անպայման կարվի, որ այդ մարդկանց համար ձեռնտու չլինի պահել իրենց տները, բնականաբար վաճառելու են։ Իսկ նման շքեղ բնակարանները աղքատ Հայաստանում գնորդ չի ունենա։ Ադրբեջանը, Թուրքիան իր քաղաքացիների համար կապահովի նման բնակարանները գնելու ու ապրելու իրավունքը։ Սա ծրագիր է, կարծում եմ, և իրականացվում է վարձով տրվող բնակարաններից հարկ վճարելու հետ միաժամանակյա։ Վերջինս կրկրին հարվածելու է վարձով ապրողի գրպանին։ Վարձով տներից հարկ գանձելու օրենքը գործելու դեպքում, տանտերը կբարձրացնի վարձն այնքան, որ հարկն էլ մտնի դրա մեջ։ Սա այնքան պարզ մեխանիզմ է և իզուր պետք չէ քաղաքացու մոտ տպավորություն ստեղծել, թե շահելու է վարձով ապրողը։ Այս երկուսը միաժամանակ են ներկայացնում, որ իրականացվող ծրագիրը, ինչքան հնարավոր է, քողարկվի։
Կոմունիստների ժամանակ էլ նման օրենք մտցվեց։ Երբ բնակարանում մի տարի չապրողը զրկվում էր բնակարանից։ Բայց դա արվեց « բոլորը բնակարան ունենալու» նպատակով։ Ամենակարևորը՝ այդ բնակարանները տրվել էին պետության կողմից և անվճար։ Դրա համար ասում էին պետական բնակարան։ Նիկոլ – Գրիգորի, քանի՞ կոպեկ է պետությունը դրել այդ քաղաքացիների բնակարանների վրա։
Կարծիքներ