Իսկ ի՞նչ անեն
Իշխանության եւ նրա վարած քաղաքականության նկատմամբ վերաբերմունք արտահայտելու շատ միջոցներ չկան: Ամենակարեւորն ընտրություններում քվեարկությունն է, բայց ընտրություններ կեղծող, ադմինիստրատիվ ռեսուրս, «չագուջ» ու Քրեական օրենսգիրք կիրառող երկրներում դա էլ միանշանակ չէ, եւ ընտրություններն էլ 5 տարին մեկ են: Իսկ եթե ընտրվելուց մեկ տարի անց իշխանությունը սկսում է երկիրը մաս-մաս հանձնել, ի՞նչ անեն դժգոհ քաղաքացիները: Իրավացի եք` փողոց դուրս գան: Այստեղ էլ գործի են դրվում այլ «մուրճեր»` ոստիկանություն, քրեական հետապնդումներ, ճնշումներ: Իհարկե, պայքարող հասարակությանն այդ մեթոդները չպետք է խանգարեն, բայց ՔՊ-ական իշխանության օրոք այդ մեթոդները հատել են բոլոր կարմիր գծերը` դարձել նողկալի ու անբարոյական: Ամենաանբարոն արցախցիների դեմ գործադրվող քայլերն են. վարկաբեկումներ, ատելության հրահրում, քրեական գործեր:
Մի ամբողջ երկիր հանձնած իշխանությունը, իբրեւ թե պետական ունեցվածքի պաշտպանության նպատակից ելնելով, քրեական գործեր է հարուցում արցախցի համայնքապետերի դեմ, որոնք իրենց ծառայողական մեքենաները չեն հանձնել: Բայց Արցախի պաշտոնյաների դեմ սանձազերծված քրեական գործերը ոչինչ են՝ շարքային արցախցիների դեմ ձեռնարկված քայլերի կողքին: Նիկոլ Փաշինյանն ու նրան սպասարկող կառույցները պատրաստ են ցանկացած արցախցու կալանավորել` լինի կին, թե տարեց մարդ, ով փորձում է իր ցասումն արտահայտել Արցախը հանձնելու կապակցությամբ: Տուն-տեղ կորցրած մի կին հովանոց է նետում Փաշինյանի ուղղությամբ, մի տարեց մարդ` խնձոր: Կարող էին ավելի վտանգավոր «զենքեր» կիրառել, բայց ընդամենը իրենց զայրույթն են հայտնում: Ինչքա՜ն պետք է կորցրած լինես մարդկային էությունդ, որ ըմբռնումով չմոտենաս այս մարդկանց արարքներին:
Կարծիքներ