Կրթության ռազմավարության ընդունումը՝ կանաչ լույս բուհերի միավորման համար 

Կրթության ռազմավարության ընդունումը՝ կանաչ լույս բուհերի միավորման համար 

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Հաջորդաբար ընդունվելու են նաեւ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագրի իրագործման գործողությունների եւ միջոցառումների պլանն ու ժամանակացույցը: Համաձայն ԿԳՄՍ նախարարի, արդեն իսկ սկսվել են ծրագրից բխող գործողությունների պլանի մշակման աշխատանքները, եւ այն շուտով կդրվի հանրային քննարկման։

Ինչպես հայտնի է, ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, նպատակը, ըստ հեղինակների՝ որպեսզի մեր կրթական համակարգը լինի միջազգայնորեն մրցունակ: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհ մինչեւ 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Ինչպես հայտնի է, բուհերի միավորման գործընթացի մեկնարկն արդեն տվել է նախարարությունը, համաձայն որի՝ Բրյուսովի անվան համալսարանն ու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը պետք է միավորվեն Մանկավարժական համալսարանին։ 

Նկատենք, որ բուհերի միավորման հարցը դիտարկվում եւ քննարկվում է հենց այս՝ մինչեւ 2030 թվականը ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակում, որին արագացված կարգով դրական եզրակացություններ ապահովելով, իշխանությունը կանաչ լույս է վառում այս ծրագրի իրականացման համար։

Ընդգծենք նաեւ, որ օրեր առաջ վարչապետի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որի ղեկավարը (վարչապետի աշխատակազմի ղեկավարը) մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է մշակի եւ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով նոր ձեւավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Նոր ձեւավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն: Ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ակադեմիական քաղաքում նոր ձեւավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն: Համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների եւ գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն եւ այլն: 

Հատկանշական է, որ որոշման մեջ բոլոր ձեւակերպումներն առնչվում են նոր ձեւավորվող բուհերի կառուցվածքին, բովանդակությանը, այսինքն՝ որոշման մեջ արդեն իսկ առկա են բուհերի միավորման դատավճիռն ու դրա անխուսափելիությունը, ինչը լավատեսության տեղ չի թողնում, որ նորաստեղծ աշխատանքային խումբը, որում ընդգրկված են կրթական մասով բոլոր պետական գերատեսչություններից ներկայացուցիչներ, կարող է կառավարության որոշմանը դեմ գնալ եւ կողմ չարտահայտվել բուհերի օպտիմալացման ծրագրին ու կրթության զարգացման պետական ծրագրին՝ ընդհանրապես։