Հուզված եմ

Հուզված եմ

Նայում եմ 2050 թվականի Հայաստանի պատկերին՝ քեֆս է գալիս, նայում եմ մեր երկրի ցաքուցրիվ վիճակին՝ լացս է գալիս: Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես: Գուցե պատճառն այն է, որ ես չափից դուրս հուզական բնավորություն ունեմ եւ լա՞վ եմ հասկանում ինձնից ոչ պակաս էմոցիոնալ Փաշինյանին: Գուցե: Նրա տեղը լինեի՝ այդ օրը ավելի մեծ թվեր կհայտարարեի… Անկախության օր, շնորհավորանքներ աշխարհի չորս ծագերից, Թրամփը, ահա, գրել է՝ անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տարում մեր բարեկամության ամրապնդմանը… Ո՞վ լիներ Փաշինյանի փոխարեն՝ չհուզվեր: Կորոնավիրուսը խառնեց 2020 թվականին Թրամփին տեսնելու բոլոր ծրագրերը, բայց ոչինչ, 21 թվին կտեսնենք նրան, դատարկ ձեռքով էլ չենք գնա: Պատկերացնում եմ ԱՄՆ վերընտիր նախագահի հիացմունքը, երբ Փաշինյանը նրան ներկայացնի 2050 թվականի Հայաստանի իր տեսլականը: Հա, ի դեպ, առաջիկայում ԱՄՆ նախագահի ընտրություններն են, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թրամփը վերընտրվի: Չի բացառվում, որ նա հենց այդ հույսով էլ Փաշինյանին հիշեցրել է իր գոյության մասին: Դե, ԱՄՆ-ում՝ հայկական մեծ սփյուռք, բան…
Բայց գանք Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությանը, որ Անկախության օրով ներկայացրեց Փաշինյանը:

Անկախության օրը հաճախ եմ հիշատակում, որովհետեւ այն մի տեսակ հանդիսավորության խորհուրդ է պարունակում, եւ այդ օրն ասվող բաներն ավելի լավ են տպավորվում լսողների մեջ: Մնում է, որ ասողներն էլ պարտավորության զգացումով վերաբերվեն իրենց հայտարարություններին: Հուզմունքն էլ, անշուշտ, կարող է որոշակի տեղ զբաղեցնել նրանց խոսքում, բայց չի կարելի թույլ տալ, որ այն գերակշռի բուն ասելիքն ու իրենով ստվերի ամեն ինչ: «Պետք է ստեղծվի 1 500 000 նոր աշխատատեղ, հաղթահարվի աղքատությունը աշխատանքով, 20 անգամ ավելացվի Հայաստանի ՀՆԱ-ն, 7 անգամ բարձրացվի միջին աշխատավարձը...  Պետք է նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ, ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք 15 մլն-ի»,- գլխապտույտ կարելի է ունենալ, եթե բավականաչափ հուզական խառնվածք չունենաս՝ այս ամենը Փաշինյանի էմոցիաներին վերագրելու համար: Դիցուք՝ ես այս ամենով հիանում եմ, բայց հաջորդ վայրկյանից սկսում եմ մտածել՝ փչոց է, երազախաբություն, վառ երեւակայության արդյունք, ուտոպիա… 
Տնտեսագետները վստահեցնում են, որ ժամանակի 30-ամյա կտրվածքում նման տնտեսական ցուցանիշների հնարավոր է հասնել, եթե գտնվեն համապատասխան մեխանիզմներ:

Բայց Փաշինյանը ոչ միայն այդ մեխանիզմները չունի, այլեւ չի կարծում, որ մինչեւ իր նպատակների մասին բարձրաձայնելը պետք է առնվազն մի քանի քայլ արած լինի դրանց իրագործման ուղղությամբ: Երկուսուկես տարի անընդհատ շաղակրատելուց բացի ոչինչ չի արել, քանդել է ամեն ինչ, ոչնչացրել տնտեսությունը, երկիրը հասցրել կատարյալ շրջափակման… Հերն էլ անիծած, եկեք սա համարենք թավշյա հեղափոխության հետեւանք, բայց գոնե կարո՞ղ է ասել կամ ցույց տալ, թե մինչեւ 2023 թվականը, այսինքն՝ մինչեւ այս կառավարության ժամկետի ավարտն ինչ է հասցնելու անել: Պարզվում է՝ ամեն ինչ ավելի է վատանալու: Նրա կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրերում մինչեւ 2023 թվականը կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ, կրճատվելու են զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները, հստակություն չկա նվազագույն աշխատավարձի բարձրացման հեռանկարում: Այստեղ մի պարզ հարց է առաջանում՝ ո՞ւմ վրա ես հույսդ դրել, Փաշինյան Նիկոլ, ի՞նչ է ստացվում՝ գաղափարն ինձնից, մնացածը  ձեզնի՞ց: Լենին պապին էլ «հեղափոխություն» արեց, կոմունիզմի գաղափարներ տվեց ու գնաց: Ի՞նչ եղավ հետո…
Փաշինյանը սոցիալական ցանցերում մե խինդ, մե ծիծաղ է առաջացրել, որ էլ չասելու: Օգտատերերը բառիս բուն իմաստով «ղժժում» են, բայց ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի հայտարարած թվերն են ծիծաղելի, այլ որ այդ թվերը հայտարարում է մի մարդ, որն իր ղեկավարման 2,5 տարում արել է ամեն ինչ, որ Հայաստանը հետընթաց ապրի բոլոր ուղղություններով: Եվ ահա Փաշինյանին համեմատում են Նյու Վասյուկի կառուցող եւ զբոսաշրջիկների աներեւակայելի հեղեղ խոստացող Օստապ Բենդերի հետ, համեմատում են կոլխոզի նախագահ Նաջարյանի հետ, որ մերժում էր գյուղի մարզական խմբակների բոլոր պահանջները՝ էս նեղ մաջալին պնգ-պոնգն էր պակաս, այսօր էլ ֆուտբոլն առանց գնդակի խաղացեք…

Փաշինյանի սպորտի նախարարը գոնե գիտի՞, թե ինչ պետք է անի այսօր՝ 30 տարի հետո օլիմպիական չեմպիոն ունենալու կամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր դարձնելու համար:

Ոչինչ էլ չգիտեն, ոչինչ էլ չեն պատրաստվում անել իրենց իսկ հռչակած տեսլականի ուղղությամբ: Ապացույցն այս զազրախոսությունն է. «Ամենակարեւոր գաղափարը վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թվարկել ենք մեր ազգային արժեքները: Առաջին այդպիսի արժեքը հայոց պետականությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ: Երկրորդ առաջնորդող արժեքը համարում ենք կրթությունը, որովհետեւ կրթությունն է միակ գործիքը, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները եւ գտնել լուծումները: Հաջորդ առանցքային արժեքը անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձեւավորում է ընտանիք, ձեւավորում է հանրություն, ժողովուրդ ու պետություն: Եվ վերջապես չորրորդ արժեքը աշխատանքն է»: Մարդը խարխլել է պետության հիմքերը, ոչնչացնում է ազգային կրթությունը, քանդում է հայ ավանդական ընտանիքը, հայ մարդու մեջ մեռցնում է անհատականությունը, տասնյակ հազարներով աշխատատեղեր փակում, բայց կանգնում ու այսպիսի ելույթ է ունենում Անկախության օրը… Ու դեռ լավ է՝ վերջում չի հավելել. «Չարեցիք՝ ասֆալտին եմ փռելու»:

ՀԳ. Խիստ հուզված եմ: Ասում եմ՝ բա մի ժամանակի մեքենա չլինե՞ր մի երկու ժամով հասնեինք 2050 թվական ու տեսնեինք, թե ինչ է կատարվում ապագայի Հայաստանում: Ո՞վ իմանա, գուցե Նիկոլն իր կախարդական փայտիկն այնտե՞ղ է կորցրել: