Դիպուկահարներ, ոստիկաններ, ԱԱԾ ու ՀՔԾ՝ սա է Փաշինյանի հենարանը․Ֆոտոշարք

Դիպուկահարներ, ոստիկաններ, ԱԱԾ ու ՀՔԾ՝ սա է Փաշինյանի հենարանը․Ֆոտոշարք

Ավելի լավ է Նիկոլ Փաշինյանն առհասարակ դուրս չգա կառավարության շենքից կամ կառավարական դաչաներից, քան այսպիսի խայտառակ տեսարաններ ուղեկցեն նրան ամեն քայլափոխի։ Կառավարության իր նստավայրից մինչեւ կառավարության մյուս մասնաշենք՝ այդ մի քանի հարյուր մետրը քայլելու համար մի քանի հազար ոստիկան կանգնեցնելն այս իրավիճակի հայելին է եւ ցույց է տալիս, թե որքան է այսօր Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աստիճանը եւ ինչ մեթոդներով է նա պահում իշխանությունը։ 

Սա այն մարդն է, որը, հիշեցնենք, դուրս էր գալիս փողոց՝ կնոջ ու երեխաների հետ քայլում էր, գնում բազմամարդ վայրեր, ողջագուրվում եւ զրուցում մարդկանց հետ։ Ճիշտ է, այն ժամանակ էլ նրան ու ընտանիքին թիկնապահներ էին ուղեկցում եւ աչալուրջ հսկում, որ որեւէ բան չպատահի։ Բայց մի բան է մեկ տասնյակի չափ թիկնապահ պահելը, մեկ այլ բան է ոստիկանության ողջ ուժերը մի մարդու եւ նրա ընտանիքին ծառայեցնելը։ 

Եթե մեր երկրում այդքան հանցանք չի կատարվում եւ այդքան հանցագործ չկա, որ նման քանակի ոստիկանների կարիք լինի եւ նրանք այնքան պարապ են, որ կարող են թիվ 1 կառավարական շենքից մինչեւ թիվ 3 կառավարական շենք ընկած տարածքում ժամերով ու հազարներով լռվել, ուրեմն պետք է կրճատել հարկատուների փողերից աշխատավարձ ստացող այս ձրիակերների բանակը։ 

Եթե կան հանցանքներ ու հանցագործներ, որոնց դեմ պայքարը մեզնից նման ծախսեր եւ նման քանակի ոստիկանություն է պահանջում, ուրեմն նրանց իրենց բուն գործից կտրելն ու վարչապետի անձի պաշտպանության գործին ծառայեցնելը ուղղակի խայտառակություն է եւ պետական միջոցների անօրինական վատնում։

Առհասարակ, մարդ, որն ասում էր՝ երբ լինի հանրային պահանջ, ես կհեռանամ, փետրվարի 20-ի հանրահավաքից, ամեն օր իր դեմ ուղղված այս ակցիաներից, այս վանկարկումներից, ֆեյսբուքյան հազարավոր գրառումներից ու իրեն ուղղված հրաժարականի կոչերից հետո պետք է կամովին հեռանար՝ հրաժարական տար, չթաքնվելով ուժային կառույցների թիկունքում, որոնք, ի դեպ, նույնպես վրդովված են իրենց բաժին հասած տխուր դերակատարումից։ 

Բայց նա կառչած է իր աթոռից, պատսպարվել է ոստիկանների ու դիպուկահարների թիկունքում, ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին հրահանգում է քրեական գործեր հարուցել եւ շարունակում է պահել իշխանությունը՝ ամեն օր ավելի ու ավելի վտանգելով մեր երկրի ապագան։