Ետընտրական մտորումներ-1

Ետընտրական մտորումներ-1

Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Արտահերթ ընտրությունները դարձան իրողություն: Թեեւ խորհրդարան մտան նախկին երկու նախագահների թիմակիցները եւս, սակայն ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը համախմբվեց գործող իշխանության շուրջ: Թվում է՝ սա բազմաթիվ սխալներ թույլ տված ՔՊ-ական իշխանության ապաշխարության ու ժողովրդից մեղքերի թողություն ստացած լինելու անքննելի վկայությունն է: Մինչդեռ հանրությունը ոչ այնքան ներողամիտ գտնվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որքան կրկնապատժեց նախկիններին: Որքան էլ ժողովրդի հավաքական կամքը շատերի համար անսպասելի էր ու առաջին հայացքից անհասկանալի, իրականում իշխանությանն այս քվեները տրվեցին ավանսով՝ ապագայում այն կոնկրետ գործերով փոխհատուցելու ակնկալիքով:

Մեծամասնություն վերահաստատած ուժը, ըստ էության, ազատվեց ռեւանշիզմի վտանգից: Այս պահին իշխանությունն այլեւս չունի խոչընդոտող որեւէ բան իր գործունեության ճանապարհին: Ապագա թերացումների ու բացթողումների համար թավիշային պատճառաբանություններն այլեւս համոզիչ չեն լինելու: Եթե մինչ այս, ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում իշխանության ձախողումներին ու թերացումներին, ապա այժմ վերաբերմունքը կլինի ավելի խիստ ու պահանջատիրական: Ուստի ոչ թե տարիներ, այլ հենց ամիսներ անց հանրությունը կճշգրտի իր դիրքորոշման արդարացիությունը: Հենց դա էլ, չնայած թարմացված լեգիտիմությանը, իշխանական ճամբարում առաջացրել է լուրջ մտահոգություն: Վերջիվերջո, եկել է առերեսման պահը՝ հին ու նոր խոստումներն իրապես կատարելու ժամանակը: Դա այն փորձությունն է, որն արագություն կհաղորդի գործընթացներին, կբացահայտի իշխանության իսկական դեմքը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կախված ձեռնարկվող քայլերից,  հավասարապես հնարավոր է իշխանության դիրքերի թե՛ ամրապնդում եւ թե՛  ժամանակից շուտ գահավիժում: Մի բան է ակնհայտ՝ անհամբեր ու հավատի թելը պրկած ժողովուրդը սպասում է արդյունքների:

Հարցեր եւ կասկածներ

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ներշնչել, թե բոլոր զարգացումների դեպքում էլ պատերազմն ու նման արդյունքն անխուսափելի էին լինելու, հարցականները դրանից չեն քչանում, ոչ էլ կասկածներն են ամբողջությամբ փարատվում: Ինքն էլ է գիտակցում, որ, նախ, չի կատարել հրապարակավ տված այն խոստումը, որ Արցախի հարցով չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, առանց ժողովրդի հետ նախապես խորհրդակցելու: Սա այն անկյունաքարային դրվագն է, որն ինչպես էլ շուռումուռ տան, ինչ օբյեկտիվ պատճառներ էլ բերեն, հնարավոր չէ չբնորոշել որպես խաբեություն կամ առնվազն անկարողություն: Սրանք առաջնորդին բնութագրող ամենախոցելի գծերն են, եւ չկա որեւէ երաշխիք, որ դրանք այսուհետ եւս չեն դրսեւորվի: Այդպես ինքնահոսի թողնված ցանկացած գործընթաց կարելի է ներկայացնել որպես անխուսափելիություն, անգամ՝ ձեռքբերում:

Իսկ կա՞ր, արդյոք, պատերազմից խուսափելու հնարավորություն: Իր անմեղության մեջ համոզված լինելու դեպքում, Նիկոլ Փաշինյանը պատերազմից անմիջապես հետո  արդեն պետք է ձեռնամուխ լիներ հանրությանը համապարփակ բացատրություններ տալուն: Միայն ութ ամիս անց է նա խոսում այդ նպատակով հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Իհարկե, այդպիսի նախաձեռնությունը հղի է 44-օրյա պատերազմից իր համար ոչ ցանկալի էջեր բացելու վտանգով:

Սակայն, մյուս կողմից, եթե նորընտիր խորհրդարանը պատշաճորեն չուսումնասիրի պատերազմին առնչվող հանգամանքներն ու չտա իրավաքաղաքական անաչառ գնահատական, ստիպված՝ տարիներ անց այդ հարցով կզբաղվի հաջորդ Ազգային ժողովը: Իսկ ո՞վ կարող է կանխատեսել, թե ինչպիսին կլինի ապագայի այդ խորհրդարանը, ու ինչպիսի տրամադրություններ կիշխեն այնտեղ: Համենայնդեպս, ժողովրդական վստահություն ու իշխանական լծակներ ունեցող քաղաքական ուժն այս պահին իրեն պաշտպանելու ավելի մեծ հնարավորություններ ունի, հատկապես որ խորհրդարանական ուժերի այսօրվա դասավորվածությունը հազիվ թե նպաստի ճշմարտության լիակատար բացահայտմանը՝ այն պարզ պատճառով, որ այդ ուժերի պարագլուխներից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի տվյալ հարցում:

Ուստի, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ականատես կդառնանք յուրօրինակ ներկայացման, որտեղ գործող անձինք որքան էլ միմյանց քննադատեն ու մեղադրեն, վերջիվերջո, ինքնապաշտպանության բնազդը նրանց կտանի փոխզիջումային հաշտության: Բայց սա այն դեպքն է, որն աննկատ չի մնա հանրության աչքից, քանզի ճշմարտության բացահայտումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անվտանգության հարց: Ուստի հնարավոր է, որ հենց սա էլ տեղիք տա արտախորհրդարանական իրական ընդդիմության ձեւավորման:

Հանրային համերաշխություն՝ ինչպե՞ս

Իշխանության առջեւ ծառացած հրատապ խնդիրներից մեկը հանրային համերաշխության հաստատումն է, խնդիր, որը պահանջում է զսպվածության դրսեւորում բոլոր օղակներում: Հնարավո՞ր է կարճ ժամանակում ի չիք դարձնել ատելության այն հսկայական մաղձը, որը պարուրել է մեզ բոլորիս՝ ծնելով պառակտումի ու անհանդուրժողականության մթնոլորտ: Ամենից առաջ դա կախված է իշխանությունից: Այստեղից հնչող ամեն մի բառ ու միտք կարող են անվերականգնելի վնաս հասցնել նորոգման ենթակա մեր միասնությանը: Կկարողանա՞ իշխանությունն իրեն պահել մեծահոգի ծնողի պես՝ հեռու մնալով քաղաքական այլակարծության համար մարդկանց հալածելուց, կադրային հնարավոր ջարդերից: Վերջին հաշվով, հեղափոխությունը գրոշ չարժե, եթե քաղաքական մենաշնորհ հաստատելու մոլուցքը  կվերակենդանացնի մերժված ժամանակների բարքերն ու մեթոդները: Դրանով իշխանությունը կկտրի այն ճյուղը, որի վրա մի կերպ հարմարեցվել է հայկական ժողովրդավարությունը, որի համար, ի դեպ, վճարվել է բացառիկ, իշխանական բառապաշարով՝ «աննախադեպ» գին:

Հանուն հենց այդ ժողովրդավարության, իշխանությունն ազատվեց արցախյան «գլխացավանքից»: Այդպես է դա, թե ոչ՝ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը: Օրվա իշխանությունները սեփական ժողովրդի ու աստծո առջեւ դեռեւս պիտի հիմնավորեն իրենց անմեղությունը կամ պատասխան տան, թե որքանով էր արդարացված նման զոհողությունը: Իսկ այս պահին իշխանությունը դեռեւս ունի հնարավորություն՝ հաստատելու հանդուրժողականության մթնոլորտ, եթե շարժվի այն սկզբունքով, որ ինքը պատասխանատու է բոլոր քաղաքացիների համար, անկախ այն բանից՝ իրեն սատարե՞լ են, թե՞ ոչ: Որեւէ հարցով օրենքի առջեւ մարդու պատասխանատվության ենթակայությունը չպետք է պայմանավորված լինի նրա քաղաքական հայացքներով ու քաղաքացիական դիրքորոշմամբ, հակառակ դեպքում երկիրը կընկղմվի անիրավության ու անկառավարելի քաոսի մեջ:

Հարկ կլինի նաեւ դիմելու օրենսդրական փոփոխությունների: Իշխանությունը որքան էլ ջանա պահպանել հավասարակշիռ կեցվածք, դա արդյունք չի տա, եթե չդադարեցվի իշխանության համակիրների ու հակակիրների համացանցային պատերազմը: Համացանցային խաղաղության հաստատումը միանգամայն հնարավոր է, եթե իշխանությունն այդ հարթակը չդիտարկի որպես այլակարծիք անհատների ու քաղաքական ուժերի հաշվեհարդարի գործիք: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է համացանցի մասին այնպիսի օրենքի ընդունումն ու կիրառումը, որով բացառվեն հայհոյախոսությունն ու ֆեյքային գռեհկաբանությունը: Դա շատ կոնկրետ եւ խոսուն գործ է: Իշխանությունը դա կարող է անել: Եվ սա լակմուսի այն թուղթն է, որը բացահայտելու է նրա խորքային մտադրությունը: Ունի՞, արդյոք, ցանկություն՝ խոսքից գործի անցնելու: Հենց դրանով է երեւալու, թե ինչպիսի պտուղ կտա իշխանական ծառը՝ չա՞ր, թե՞ բարի: Ժողովուրդն իր աշխատանքը հարգող այգեպանի է նման: Ինչքան էլ թունդ լինի նրա սերը բնության հանդեպ, եթե պտուղը բարի չէ, նա մի օր այգուց դուրս կվանի չարության արմատը:

Հակակոռուպցիոն գործողություններ: Իրական պայքա՞ր, թե՞ իմիտացիա

Հայ հասարակության ոգեւորության աղբյուրներից մեկը անցնող տարիներին եղել է կոռուպցիայի դեմ իշխանության պայքարը: Իրական պայքար էր դա, թե պայքարի իմիտացիա՝ կարծիքները միանշանակ չեն: Այստեղ շատ բան է մշուշոտ ու կասկածելի: Այդպես էլ չհրապարակվեց առավել կոռումպացված գործիչների ցուցակը, հանրությանը չներկայացվեց բռնագանձված գումարների չափն ու դրանց ծախսման ոլորտները: Եվ ամենակարեւորը՝ չեղավ մեկը, որը կոռուպցիայի համար օրինականորեն դատապարտվեր, ու հանրությանը ներկայացվեին նրա հանցանքի մանրամասները: Իշխանության գիտությամբ էր, թե՝ ոչ, ամենատիպական պատիժը եղավ փախուստը երկրից: Իսկ հանրահայտ մի շարք օլիգարխների անուններ շոշափվեցին հարեւանցիորեն:

Տպավորությունն այնպիսին է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ քարոզչական բնույթ է կրում, որի ֆոնին փորձ է արվում լուծել այլ խնդիրներ, որոնք սովորական պայմաններում կարող էին հանդիպել հանրության դիմադրությանը: Այդպիսի խնդիրներից մեկին ականատես եղանք: Դա արցախյան վերջին պատերազմն էր՝ իր դառը հետեւանքներով: Ոչ ոք չի կարող հավաստիացնել, որ հանրության ուշադրությունը շեղելու եւ անցանկալի որոշումներ «սղացնելու» երեւույթներն այլեւս չեն կրկնվի: Ճիշտ է, իշխանության համար «գետն ամեն անգամ գերան չի բերի», բայց հանրության մտահոգ շերտերին չէր խանգարի լինել ավելի սթափ ու զգոն: Չէ՞ որ աչքը տեսածից է վախենում:

Իսկ կոռուպցիայի դեմ պայքարն այն ճակատն է, որտեղ իշխանության անկեղծ ձեռնարկումները կարող են արագորեն բարձրացնել, ձեւական մոտեցման դեպքում՝ նույն արագությամբ էլ խարխլել նրա հեղինակությունը: Համենայնդեպս, դա փորձաքար է, որն առայսօր ընկած է ճանապարհի տեսանելի մասում եւ պահանջում է սկզբունքային մոտեցում: Խնդրի պատշաճ լուծումից է կախված իշխող ուժի քաղաքական երկարակեցությունը:

Շարունակելի                                                                                    
Ֆիրդուս Զաքարյան