Տեւական խաղաղություն Երեւանի եւ Բաքվի միջեւ հնարավո՞ր է

Տեւական խաղաղություն Երեւանի եւ Բաքվի միջեւ հնարավո՞ր է

Նոր տարվա շեմին՝ 2024 թ․ դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ 2 կետի շուրջ Բաքուն եւ Երեւանը չեն կարողացել հասնել համաձայնության։ Խոսքը միջազգային դատական ատյաններում հայցերի մասին էր, ինչպես նաեւ՝ պետական սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման։ Երկու կետն էլ ուղղված էին Հայաստանին, քանի որ Հայաստանում ԵՄ դիտորդներ կան տեղակայված, եւ նաեւ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայց կա` ընդդեմ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների։ Այս հայտարարություններից 3 ամիս է անցել։ Եվ հիմա հայտարարվում է, որ խաղաղության փաստաթուղթն ամբողջովին բանակցված է, եւ, ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ․ Բայրամովը հայտարարեց, հայկական կողմն ընդունել է իրենց պահանջները, ու վիճելի հարցեր այլեւս չկան։

Երեւան-Բաքու հարաբերություններում վերջին զարգացումներին անդրադառնալով, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նկատում է՝ արդյոք արդեն կարելի՞ է խոսել այն մասին, որ հետսովետական տարածքի այս բազմամյա հակամարտությունը մոտեցել է իր վերջնագծին, եւ հնարավոր է հասնել «երկար սպասված խաղաղության»։ Կարելի՞ է ասել, որ Կովկասը նոր դարաշրջան է թեւակոխում։ Փորձագետը նկատում է, որ, ամենայն անկեղծությամբ, ցանկություն ուներ, որ դրական պատասխան տրվեր այս հարցերին։ Խաղաղության կառուցակարգերի մասով, սակայն, դեռ որոշակի կասկածներ մնում են։ Սրանով է թերեւս պայմանավորված, որ, անկախ դրական տոնայնությունից, միջազգային արձագանքները՝ Երեւանի եւ Բաքվի արձանագրած առաջընթացի մասով, շարունակում են զսպված լինել։ Եվ այդ թերահավատությունը պատճառաբանված է, քանի որ Բաքուն հայտարարում է, որ հաջորդ փուլում Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, որտեղ իբրեւ թե «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։ Երեւանում թեեւ այլ կերպ են այս ամենը մեկնաբանում եւ հավաստիացնում են, որ տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ չկան եւ չեն եղել, սակայն բոլորը հասկանում են, որ ճիշտ հակառակն է, եւ Արցախի հայաթափումն էլ այդ հակառակի մասին է վկայում։

Բացի այդ, դեռ օրակարգային է մնում սահմանների դեմարկացման եւ դելիմիտացման, ինչպես նաեւ՝ «միջանցքի» հետ կապված հարցը։ Հետեւաբար, Մարկեդոնովը կարծում է, որ դեռ կան հարցեր, որոնք կասկածներ են առաջացնում, թե արդյոք տեւական խաղաղություն Երեւանի եւ Բաքվի միջեւ հասանելի՞ է, թե՞ ոչ։