Նախարարությունն օգտվում է ռազմական դրությունից

Նախարարությունն օգտվում է ռազմական դրությունից

Արդարադատության նախարարությունը, օգտվելով երկրում առանց որևէ հիմնավորման շարունակվող ռազմական դրության հանգամանքից, թաքցնում է ռազմական դրության հետ որևէ տրամաբանական կապ չունեցող տեղեկությունը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության Շուշի Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները տեղափոխվել են Հայաստան, եթե այո, ապա որտե՞ղ են նրանք այժմ, ո՞ր ՔԿՀ-ներում։

Հիշեցնենք, որ Շուշիի բանտում էին պահվում նաև ադրբեջանցի 2 ահաբեկիչներ Գուլիևն ու Ասկերովը, հարցրել էինք նաև, թե որտե՞ղ են նրանք այժմ գտնվում։ ՔԿԾ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը․
«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը դիտվում է ոչ նպատակահարմար»։ Անհասկանալի է, թե ի՞նչ կապ կարող է լինել դատապարտյալների պահման վայրի և ռազմական դրության միջև, և ակնհայտ է, որ պարզապես թաքցնում են ինֆորմացիան։

Նշենք նաև, որ մեկ այլ հարցմամբ էլ արդարադատության նախարարությունից փորձել էինք ճշտել, թե հոկտեմբեր ամսվա համար որքան պագևավճարներ են բաժանվել աշխատողներին, նախարարն արդյոք ստացե՞լ է պարգևավճար։ Այս պարզ հարցերին պատասխանելու համար էլ մեկ ամիս ժամանակ են խնդրել։