Այս պահին Գյումրիի օդում պտտվում են 102-րդ ռազմաբազայի գերժամանակակից ուղղաթիռներ․Համբարյան

Այս պահին Գյումրիի օդում պտտվում են 102-րդ ռազմաբազայի գերժամանակակից ուղղաթիռներ․Համբարյան

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակին» հայտնեց, որ այս պահին Գյումրիի օդում պտտվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի գերժամանակակից ռազմական ուղղաթիռներ՝ մեկնաբանելով․ «Չեմ ուզում հիմա խաղաքարտեր բացել, բայց այս պահին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան քայլեր է ձեռնարկում՝ մեսիջներ հղելով հարևան Թուրքիային, որպեսզի այս երկիրը զսպված լինի, շատ զգույշ լինի հայ-թուրքական սահմանի մոտ ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ։ Այս պահին Գյումրիի օդում պտտվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի գերժամանակակից ռազմական ուղղաթիռները»։

Սա քաղաքագետի պատասխանն էր հարցին, թե շրջանառվող որոշ տեսակետների համաձայն՝ Ադրբեջանը երբեք սադրանքների չի գնում ոչ առանց ռուսական կողմի գիտության, և ՀԱՊԿ-ում քար լռությունը և անդամ պետության տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան կազմակերպությունում չի արժանանում քաղաքական գնահատականի, բացի երկուստեք՝ կողմերին կրակը դադարեցնելու կոչերից։ Համբարյանի խոսքով՝ եթե ինչ-որ նախահարձակ քայլեր անելու ազդանշաններ գային Ռուսաստանից, ապա դա կարվեր Արցախ-Ադրբեջան շփման գծում, որի պարագայում ՀԱՊԿ-ի արձագանքի կարիքը չէր պահանջվի, և հերթական անգամ ի ցույց չէր դրվի այս կազմակերպության անզորությունն ու սնանկությունը անդամ երկրների շահերը պաշտպանելու հարցում։

Ինչպես գիտենք, երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, և ցուցարարների թիվը կեսգիշերն անց հասել էր 10-20 հազարի։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարներն ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։

Ադրբեջանցի ցուցարարների կոչերն էլ՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին» և այլն, գնալով ավելի հակահայկական և ռազմատենչ հռետորաբանություն ստացան։

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ այս ամենը ոչ թե «ինքնաբուխ» ակցիա էր, այլ լավ բեմադրված թատերական ներկայացում, որի հետևում կանգնած է Իլհամ Ալիևի վարչակազմը։ «Ադրբեջանը դասական բռնապետություն է, որտեղ ողջ իշխանությունն արդեն 25 տարի գտնվում է մեկ ընտանիքի ձեռքին, և չէր կարող այս արտակարգ դրության պայմաններում, երբ նույն Ադրբեջանում բավականին խիստ միջոցառումներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, իբրև թե «ինքնաբուխ» հավաք է լինում, ու տասնյակ հազարավոր մարդիկ Սումգայիթից գալիս են, Բաքվում նրանց միանում են մարդիկ ու գնում, պառլամենտի շենքն են գրավում»,-ասում է Համբարյանը՝ ամփոփելով, որ ամենն ուղղորդված է Ալիևի կողմից։

Թե ինչու է ուղղորդված, ասում է, որ Ադրբեջանը, կապված նավթի համաշխարհային գների անկման հետ, գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական վիճակում։ «Բառի բուն իմաստով երկրում էկոլոգիական աղետ է, և Քուռ ու Արաքս գետերը, որոնց ջրերով են ոռոգվում ադրբեջանական շատ շրջանների գյուղատնտեսական հողերը, հիմա ցամաքել են։ Եվ Ադրբեջանի տարբեր շրջաններում գյուղացիները դուրս են գալիս փողոց ու իշխանություններից պահանջում են կոնկրետ քայլեր ձեռնարկել»,-մեկնաբանեց քաղաքագետը։