Պատրաստվում են Հանրային խորհրդում մոդեռնիզացիա իրականացնել

Պատրաստվում են Հանրային խորհրդում մոդեռնիզացիա իրականացնել

Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց.

1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում:

2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարության քննարկում:

3)ՀԽ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և ՀԽ հետագա գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված հարցերի քննարկում:

Օրակարգի առաջին հարցի քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հաշվի առնելով ՀԽ կանոնադրությամբ սահմանված պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեության ոլորտները, նպատակահարմար են համարել առանձնացնել ներքոնշյալ ենթահանձնաժողովների գործունեության տիրույթները և նշանակել են այդ ենթահանձնաժողովների կազմավորման պատասխանատուներին: 

Դրանք են.

·  Իրավական մշակույթի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Խաչատուր Մարոզյան)

·  Իրավական իրազեկության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Արզուման Հարությունյան)

·  Անցումային արդարադատության ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Դավիթ Ալեքսանյան)

·  Ընտրական ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Գերասիմ Բարսեղյան)
․  Կոռուպցիայի դեմ պայքարի ենթահանձնաժողով (պատասխանատու՝ Տիգրան Մաթևոսյան)։

Օրակարգային համարվող երկրորդ հարցով քննարկվել է սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի 
հրաժարական տալու հայտարարությունը:  Չնայած հանձնաժողովի անդամների կողմից պրն․ Զադոյանի աշխատանքն արդյունավետ գնահատելուն և կոչերին չպնդել իր հրաժարականը, այնուամենայնիվ, Զադոյանը, hավատարիմ մնալով նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում իր կողմից ստանձնած հանձնառությանը, դիմում է ներկայացրել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման մասին,

Օրակարգային համարվող երրորդ հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարևորել է Հանրային խորհրդի դերի վերարժևորումը, կառույցը մոդեռնիզացիայի ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ՀԽ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքային քննարկումների անցկացումը։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմել է ՀՀ վարչապետին, հանրային խորհրդին և բոլոր շահագրգիռ կողմերին` Հանրային խորհրդի վերարժևորմանը, խնդիրներին, մոդեռնիզացիայի իրականացման անհրաժեշտությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված աշխատանքային քննարկում կազմակերպելու առաջարկով:

Հանրային խորհրդի 
պետաիրավական հարցերի հանձնաժողով