Հաղթանակ՝ նույնիսկ մահվան գնով

Հաղթանակ՝ նույնիսկ մահվան գնով

Ադրբեջանի նախագահը կրկին հայտնվել է ասպարեզում եւ կրկին մեզ սպառնում է պատերազմով, եթե նրան սկուտեղի վրա չմատուցենք «Զանգեզուրի միջանցքը»: Դրան նախորդել էր Ազգային ժողովում Փաշինյան Նիկոլի հերթական ելույթը, որում կրկին փորձեց արդարացնել Արցախը թշնամուն հանձնելու հանգամանքը: Միաժամանակ խոստովանեց, որ չի կարող ապահովել խաղաղություն, քանի որ դա իր ուժերից վեր է: Եթե Հայաստանում բնակվեին քաղաքացիներ եւ ոչ թե ընդամենը բնակիչներ, ապա անցյալ տարվա հունիսի 20-ին նրան ձայն տվածները պետք է դուրս գային փողոց: Պետք է պատասխան պահանջեին «խաղաղության դարաշրջանի մեկնարկի» տապալման կապակցությամբ: Բայց քանի որ այդպիսիք չկան, չնայած հենց նրանց է նկատի ունեցել ինքը՝ Քաղաքացու օր հիմնելով, պատասխան պահանջող էլ չկա: Զարմանալի երեւույթ է՝ մարդիկ խաբվել են, բայց դրանից իրենց վատ չեն զգում: Կամ էլ երեւի չեն էլ գիտակցում, որ իրենց խաբել են: Երկու դեպքում էլ վատ է, շատ վատ:

Վերադառնանք Իլհամ Ալիեւին: Եթե նկատել եք, նրա «պահանջատիրությունը» բռնում է ոչ թե ընդդիմադիր ակտիվության, այլ դրա մարման փուլերում: Ենթադրում եմ, որ զգուշանում է կրակի վրա յուղ լցնելուց եւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դիրքերն ավելի թուլացնելուց: Իսկ նրա խոսքը մեկը մեկին համապատասխանում է Փաշինյանի խոսույթին: Փաշինյանը նախորդ օրն ասում էր, որ մեր շրջապատը փորձում է մեզ կործանել, եւ միայն «մենք» (իրականում ինքը եւ իր մանկլավիկներն են գնում խաղաղություն մուրալու ճանապարհով) ենք խաղաղության ձգտում: Իսկ Իլհամն էլ հաջորդ օրն ինչ-որ առիթ է օգտագործում եւ սպառնում է մեզ պատերազմով: Հիշում եք, չէ՞, որ խոսույթների նման համընկնման վերաբերյալ ընդդիմադիրներին մեղադրանք էին տալիս հենց նիկոլական «ուսապարկերը»: Ասում էին, որ ընդդիմության տեքստերը կարծես թե գրված լինեն Բաքվում: Բայց մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում դրանք կարող են նկատել (չնկատել չեն կարող) իրենց «ժողովրդավար» առաջնորդի եւ ադրբեջանական բռնապետի մտքերի համարյա թե 100 տոկոսանոց համընկնումները: Բայց դե, եթե նույնիսկ նկատում են, ապա, բնականաբար, լռում են՝ իրենց դնելով համապատասխան կենդանու տեղը:    

Դիմադրության շարժման երկրորդ փուլը, եթե հիշում եք, սկսվեց տարերայնորեն: Մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի խանգարեն Նիկոլին՝ կատարելու Իլհամի պահանջները: Այսօր կրկին նույն իրավիճակն է: Բայց արդեն քչերը կարձագանքեն, եթե երկրորդ փուլի համակարգող Իշխան Սաղաթելյանը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց: Անսովոր մի համեմատություն անեմ, բայց կարծես նույն օպերայից լինի՝ եթե ինչ-որ մեկը դատարանում թեթեւ դատապարտվում է եւ կամ արդարացվում է ինչ-որ մեղքի հիման վրա, ապա նրան երկրորդ անգամ մեղադրելու իրավունք չկա: Եթե, իհարկե, ի հայտ չեն գալիս նոր հանգամանքներ, որոնք նորովի են ներկայացնում տեղի ունեցածը: Հետաքրքիր է, թե ինչպիսին պետք է լինեին այն նոր հանգամանքները, որոնք մարդկանց կրկին կդրդեին դուրս գալ փողոց: Ենթադրում եմ, որ դա կարող էր լինել նրանց փողոց հրավիրող անձի այն երդումը, որ ինքը պատրաստ է ծեծվելու, դատվելու եւ նույնիսկ մահանալու, բայց նույնիսկ իր մահով հաղթանակ է տանելու իր նախաձեռնած գործում: Մեզ հենց այդպիսի հաղթանակ է պետք՝ հաղթանակ նույնիսկ մահվան գնով: Որովհետեւ խաղասեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը: