Նարեկ Սամսոնյանը իր կուսակցության մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի փոքր ուշ

Նարեկ Սամսոնյանը իր կուսակցության մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի փոքր ուշ

Մենք կապվեցինք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտնի կադրերով տեսանյութի վերաբերյալ կառավարություն ուղարկված իր հարցման պատասխանը ստացե՞լ է։ Պարզվեց՝ չի ստացել։ «Կարծում եմ՝ չեն էլ պատասխանի կամ կպատասխանեն այն, ինչ Աշոտ Փաշինյանն ասել է երեկ «Հրապարակին»։ Մարդն ասում է՝ լավ է, նորմալ է, դրանում ամաչելու բան չկա, պարել եմ, լավ եմ արել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։ Նա ամփոփում է․ «Նորմա՞լ է՝ մենք էլ հասարակությանը ցույց ենք տվել՝ կառավարական ընտանիքի համար «նորմալ» երեւույթները որոնք են։ Հասարակությունն էլ ինքը գնահատականը տվել է, տեսել եք։ Միանշանակ գնահատական է տվել՝ բացառությամբ 1-2 մարդու»։

Հիշեցնենք, որ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին «Ասադոր» ռեստորանում ճաշող Աշոտ Փաշինյանը, որը ծխելիս է եղել ռեստորանի պատի տակ, այդ տեսանյութի հետ կապված՝ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել էր՝ այո  ինքն է, պարում է ու կարծում է, որ պարելը նորմալ է։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ճնշումներ կային՝ տեսանյութը հանելու պահանջով, նա այն ժամանակ չէր մեկնաբանել, եւ հարցին, թե դրանք շարունակվեցի՞ն, նշել էր, որ անիմաստ են իր վրա ճնշումները։ Հիշեցնենք նաեւ, որ նա ասել էր՝ կառավարություն հարցում է արել, որ պարզի՝ Աշոտ Փաշինյա՞նն է արդյոք այդ տեսանյութում, թե՞ «նրա հոգին է»։ Իսկ տեսանյութը սկանդալային էր համարվում, որովհետեւ պարը, միջավայրը, կողքի պարողներն այնքան տարօրինակ էին, որ մարդիկ ենթադրել էին, թե երիտասարդներն ինչ-որ հոգեմետ դեղերի ազդեցության տակ են։

Տեղեկացրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը կուսակցություն է բացում։ Գրել էինք, որ հիմնադիր համագումարը կայանալու է հոկտեմբերի 3-ին, նախնական անունը «Իմ Հայաստան» է։ Սակայն Սամսոնյանն ասել էր, որ այդ մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի քիչ ավելի ուշ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք այդ կուսակցությամբ, նա միայն ասաց, որ կուսակցության ձեւավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիմա կուսակցության մասին որեւէ բան չի ուզում մեկնաբանել, եւ երբ ժամանակը գա, ու հայտարարի դրա մասին, նաեւ կբացատրի, թե ինչու այն ժամանակ, այսինքն՝ հիմա, այդ մասին որեւէ մեկնաբանություն չէր տալիս։ Հիշեցնենք նաեւ, որ Սամսոնյանը վերջին տարիներին բավականին աղմուկ հանած՝ հետաքննություններ իրականացրած «Անտիֆեյք» կայքի սեփականատերն է, եւ այս օրերին էլ սկսել են իշխանությանը ծառայող դատավորների մասին հետաքննություններ անել, նրանց կապերն ու կոռուպցիոն գործարքները բացահայտել։ Համենայնդեպս խոստացել են, որ առաջիկայում աղմկոտ բացահայտումներ են լինելու։