Որպեսզի չասեն՝ Նիկոլի գնացած Ամերիկա՞ն ինչ պիտի լինի

Որպեսզի չասեն՝ Նիկոլի գնացած Ամերիկա՞ն ինչ պիտի լինի

Կկայանա՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Խնդրում եմ ճիշտ հասկանալ հարցը՝ ես նկատի չունեմ Փաշինյանի՝ Նահանգներ գնալ-չգնալը: Զուտ ֆիզիկապես ԱՄՆ գնալ Փաշինյանին, կարծես, ոչինչ չի խանգարում, բայց, արդյոք, նրա՝ Նյու Յորք եւ Լոս Անջելես կատարելիք այցելությունները կարելի՞ է լինելու հետո անվանել «կայացած այց»:

Ի՞նչ է նշանակում՝ «կայացած այց»: Իմ եւ Փաշինյանի տեսակետներն այս հարցում 180 աստիճանով տարբերվում են: Դիցուք՝ երբ ես նրա ՖԲ էջում կարդում եմ հետեւյալ նախադասությունը՝ «մեր այցերը կայացած էին», մտածում եմ, որ հաստատ այդպես չէ: Այսպես․ նա Եվրոպայում էր, հետո աշխարհամասեր կտրելով՝ հասավ Չինաստան, ավելի ուշ՝ Վիետնամ եւ Սինգապուր: Այս բոլոր այցերի մասին Փաշինյանը գրել է, որ դրանք «կայացած» էին, իսկ ես, մեղքս ինչ թաքցնեմ, այդպես չեմ մտածում: Չինաստանում Փաշինյանի անհավատալի արկածներից հետո ես չեմ կարող մտածել, որ այդ այցից մենք որեւէ բան ստացանք: Փոխարենը Չինաստան այցելող զբոսաշրջիկներն սկսել են ռեստորաններում զանգվածաբար «բադ պեկինյան ձեւով» պատվիրել: Սինգապուրի եւ հարակից կղզիների բնակիչներն էլ սկսել են խոլորձ աճեցնել եւ իրենց բույսերը մարդկանց ու տարբեր երկրների ղեկավարների անուններով կոչել: Սինգապուրցիներն այդպես, շատ ներողություն, կայֆ են բռնում, իսկ մե՞նք ինչ ենք անում, ո՞րն է դրանից մեր օգուտը:

Շավարշ Քոչարյանը երեւի հիմա զայրացավ՝ «ինչո՞ւ ես այդպիսի բաներ ասում, Փաշինյանը շատ մեծ գործ է կատարել, որ Սինգապուրը մասնակցի Երեւանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»: Բայց սպասեք, պարոն Քոչարյան, մի հուզվեք այդքան շուտ: Ուզում եք ասել՝ Սինգապուրը չէր ուզում ԵԱՏՄ-ի հետ շփվել, եւ Փաշինյա՞նը համոզեց: Ես չեմ կարծում, որ Սինգապուրի նման հրաշք արարած երկիրը ԵԱՏՄ-ի մասին Փաշինյանի դրական փաստարկներին էր սպասում:
Գաղտնիք չէ, թե Փաշինյանը որքան է ոգեւորված ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հանդիպումներից: Թիվը ես լավ չեմ հիշում, բայց ասում են՝ 5 հանդիպում է եղել, ներառյալ Նուրսուլթանում իրար բարեւելը: Նկատի ունենանք, որ Փաշինյանն այս բոլոր այցերի ու հանդիպումների մասին ասել է՝ «կայացած», բայց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը բոլորովին այլ բան է ասում, իմ կարծիքով՝ 180 աստիճանով տարբեր բան:

Չգիտեմ էլ, արժե՞, արդյոք, բարձրաձայն խոսել Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կայացած այցի մասին, որտեղ նա ոչ միայն Իրանի տարատեսակ առաջնորդներին, այլեւ հայ համայնքին «լացացրեց» այդ երկրի առաջ նորանոր դռներ բացելու իր ունեցած հնարավորությունների մասին հեքիաթներ պատմելով: Փաշինյանը վերադարձավ բարձր տրամադրությամբ, կատարեց հերթական կայացած այցի մասին գրառումն ու… Էլ ի՞նչ ու, ԱՄՆ-ն եւ Իրանը հայտնվեցին պատերազմի շեմին: Կարող եք ասել, որ դա կապ չունի մեր վարչապետի այցի հետ: Ես էլ եմ ուզում, որ այդպես լինի, շառից-փորձանքից հեռու, բայց, արդյոք, Փաշինյանը չի՞ փորձել ԻԻՀ 70 միլիոնանոց շուկան կապել ԵԱՏՄ-ի հետ՝ այդկերպ զայրացնելով ԱՄՆ-ին:

Իրենց չկայացածությամբ Փաշինյանի հեռաթռիչք արտասահմանյան այցերին չեն զիջում նաեւ համեմատաբար փոքր ռադիուսի այցերը: Քանի՞ «կայացած այց» է կատարել Փաշինյանը Ստեփանակերտ: Աննային այս դեպքում չենք խառնում, որովհետեւ զինվորի մայր է: Իսկ ինչո՞վ էր ամեն անգամ զբաղված Փաշինյանն Արցախում, որ հիմա մարդ չգիտի՝ Հայաստանը կարո՞ղ է բանակցել, թե՞ չի կարող բանակցել Մինսկի խմբում: «Հայաստանն Արցախ է եւ վերջ»․ հասկացանք, բայց այցն այդ կարելի՞ է կայացած համարել, երբ այդ բացականչության պատճառով Բաքուն սկսել է թակել ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դռները, թե էս ի՞նչ է ասում ձեր պաշտպանյալը…

Մեկ ամիս կա՞, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Մարալիկից: «Փառավոր օր ունեցանք Մարալիկում, գործարան բացեցինք, այցը կայացած էր բոլոր առումներով»,- գրեց Փաշինյանն իր, լավ չեմ հիշում՝ ՖԲ, թե Twitteri էջում: Ի՞նչ է պարզվել, գիտե՞ք: Փաշինյանը Մարալիկում բացել է մի գործարան, որը չի աշխատում: Սա էլ ձեզ կայացած այցի եւս մեկ օրինակ:

Կրկնեմ հոդվածի սկզբում բարձրացրածս հարցը՝ կկայանա՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Ես, իհարկե, շատ եմ ցանկանում, որ Փաշինյանի մոտ վերջապես ինչ-որ բան կայանա: Թող դա լինի այս այցը: Բայց ես շատ անհանգիստ եմ: Բանն այն է, որ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխությունից հետո Հայաստան այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ Ջոն Բոլթոնը, հեռացված է աշխատանքից, եւ հայտնի չէ, թե ով պետք է Փաշինյանին առաջնորդի Թրամփի վարչակազմի երկար ու ծուռումուռ միջանցքներով: Կտանեն մեր վարչապետին դեմ կտան որեւէ դեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալի քարտուղարուհուն ու կհամարեն այցը կայացած: Նման սցենարի դեպքում, պարզ է, որ Լոս Անջելեսի հայության հետ հանդիպումն է դառնալու փրկօղակը: Այդ հանդիպման կապակցությամբ ես իմ լոսահայ ծանոթներից մեկի համար այսպիսի ելույթ եմ գրել. «Հայաստանի վարչապետը եկեր է... Մեր գլուխներուն վրայ տեղ ունի, պիտի սիրաշահինք, պահենք, փայփայենք իրեն, քանի որ ան մայր Հայաստանը շինելէ ետք Սփիւռքը պէտք է շինէ: Ոչինչ չխնայենք, գրպաններս լայն բանանք, տանք մեր ունեցած վերջին սենթը, հաստատ համոզուած, որ Հայաստանի հայութեան գլխուն իջած մանանան օր մըն ալ մեր գլխուն պիտի իջնէ՝ թավշեայ թեթեւութեամբ գրկելով մեր հոգիները…»: Դուք համաձայն չե՞ք, որ այդ հանդիպումը պետք է հարուստ լինի սրտառուչ պահերով: Իմ կարծիքով, միայն հուզումնալից տեսարաններով կարելի է լոսահայերին ստիպել մոռանալ, օրինակ՝ սփյուռքի նախարարության փակումը Հայաստանում կամ այնպիսի պայմանների ստեղծումը, որ շատ սփյուռքահայ գործարարներ չեն համարձակվում մտնել Հայաստանի բիզնես միջավայր:

Հույս ունեմ, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք դատական «հուժկու» իրադարձությունները բացասական առումով որեւէ կերպ չեն անդրադառնա Փաշինյանի ամերիկյան այցի լոսանջելեսյան հատվածի վրա: Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարին, ստամբուլյան կոնվենցիային, դեռահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունը թույլատրելուն, ապա դրանք համեմատաբար թեթեւ բաներ են, որպեսզի ինչ-որ կերպ ստվեր նետեն լոսահայերի տրամադրության վրա:

Այնպես որ, պարոն Փաշինյան, մաղթում եմ Ձեզ, որ սեպտեմբերի 21-22-ի այցը կայանա, ավելին՝ դառնա իրապես կայացած այցերի սկիզբ: