Տասը տոկոս բարձրացումը շատ քիչ է

Տասը տոկոս բարձրացումը շատ քիչ է

Կառավարության նիստում երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվեց 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի 10% բարձրացման համար: Գումարը կհատկացվի 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն դա հնարավոր է դարձել անել արդեն այս տարի: «Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, եւ կրթական համակարգի համար սա լավ գործընթաց է՝ բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու համար»։

Ըստ նրա՝ դպրոցների ֆինանսավորման բանաձեւ է սահմանվելու, 1 դրույքի համար՝ նվազագույնը 108 հազար դրամ։ Դա կլինի հունվարից, եւ այդ ֆինանսավորումն ավելի արդար կլինի: Բարձրացումը վերաբերում է 38 հազար ուսուցչի: Ըստ լուրերի՝ այս բարձրացման համար կրճատումներ են արվել դպրոցներում, բայց նախարարի վստահեցմամբ՝ կրճատումներն այնքան են, որքան պետք է լինեին՝ ուսումնական պլաններ չեն կրճատվել, կրճատումները հիմնականում տարիքային են: Սակայն, մեր տեղեկություններով, կրճատումները միայն տարիքային չեն, ուսհաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորինս կրճատել աշխատակազմը, պահել, այսպես կոչված, «լավագույն, որակյալ» կադրերին։ Փաշինյանը նիստում խոստովանեց․ «Այս աճը մենք չենք համարում հեղափոխական, բայց, մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է եւ կշարունակվի, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցենք»:

Այս բարձրացումը տարբեր դպրոցներում տարբեր չափով է զգացվելու՝ մի դպրոցում ուսուցչի դեպքում 10 տոկոսը կարող է 5 հազար դրամի բարձրացում բերել, մեկ ուրիշում՝ 15, երրորդում՝ 25 եւ այլն, քանի որ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր են գործում։ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր դպրոց խորհրդի որոշմամբ են սահմանվում դրույքաչափն ու մեկ դրույքի՝ 22 դասաժամի արժեքը։

Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ ասաց, որ սահմանված չէ ո՛չ նվազագույն, ո՛չ էլ առավելագույն շեմ, սակայն հունվարից մտադիր են նվազագույն շեմ սահմանել։ Արտաշատի թիվ 3 դպրոցում դրույքաչափերը մեծ չեն, ինչպես դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը հայտնեց՝ իրենց մոտ ամենացածր դրույքաչափն է գործում՝ 107 հազար դրամ, հետեւաբար, 1 դրույքով աշխատող ուսուցչի աշխատավարձն ավելանալու է 17 հազար դրամով։

«Ո՞վ չի ուզի, որ աշխատավարձը բարձրանա, բայց էս 10 տոկոսը շատ քիչ է, եթե մեր դրույքաչափը մի փոքր գոնե բարձր լիներ, ինչ- որ տեղ ոչինչ»,- ասաց տնօրենը։ Ինչպե՞ս է ստացվել, որ իրենց մոտ ցածր դրույքաչափեր են։ «Դե, տարբեր դպրոցներում տարբեր տարիների բարձրացումներ են եղել, ես չգիտեմ, բայց մեզ մոտ լրիվ օրինական է եղել։ Մի քանի տարի առաջ քննարկում էր գնում մեր  մարզպետարանում, եւ մեր դպրոցի օրինակը ներկայացվեց՝ որպես ամենաօրինակելի, երբ աստիճանական է եղել բարձրացումը»։ Մարզային դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ հաջորդ քայլով կբարձրացվեն նաեւ վարչական աշխատողների, այդ թվում՝ տնօրենների, փոխտնօրենների աշխատավարձերը։ Միրզոյանից հետաքրքրվեցինք՝ վերջին ամիսներին աշխատակազմի օպտիմալացում իրականացվե՞լ է, քանի որ, ըստ տեղեկությունների, տնտեսումների արդյունքում են բարձրացվում աշխատավարձերը։ «Եթե էն գլխից սխալ սկզբունքներով են տնօրենները գործել աշխատանքի ընդունման կարգում․․․ Եթե մի աշխատանքի վրա 4-5 ուսուցիչ լինի, բա այդ մի դրույքը ո՞նց կապահովվի։

Եթե այդքան մարդ վերցնեինք, այդ ամբողջ հատկացված գումարը բերեի բաժանեի աշխատավարձ, բա  դպրոցի ծախսերը ո՞նց կհոգայինք։ Մենք այսօր դպրոց չէինք կարող կայացնել։ Ինձ մոտ բոլորը դրույքից ավել են պարապում՝ 25-26 դասաժամ ունեցողներ կան։ Հետեւաբար, ես չեմ կարող ոչ մեկին կրճատել»։ Ամեն դեպքում, նախարարությունն առաջարկել  է գնալ կրճատումների։ «Ոչ թե առաջարկ է եղել, այլ ընդամենը սիստեմ են մտածել․․․ Մեկ էլ հարց է առաջանում՝ ո՞նց կարելի է որոշել՝ ով է որակյալ, ով՝ ոչ։ Ամեն մեկն ասում է՝ ես եմ որակյալ։

Բոլորն էլ բուհ են ավարտել, կրթություն ունեն, մենք ո՞նց կարող ենք այդ մարդու վրա բան դնել։ Իսկ եթե որակի անկում է եղել, դա էլ մեր անուշադրության արդյունքն է»։ Մայրաքաղաքի Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն էլ մեզ հայտնեց, որ ուսուցչական կոլեկտիվը դեռ չի քննարկել, ու չի կարող գնահատական տալ այս բարձրացմանը։ Իր անձնական կարծիքը ներկայացրեց․ «Տեղյակ էի, որ նման նախագիծ կա, հենց այդքան սպասում էլ կար»։