Ինչու Վրաստանը մտադիր չէ մասնակցել «3+3» ֆորմատին․ պարզաբանում է վրացի փորձագետը

Ինչու Վրաստանը մտադիր չէ մասնակցել «3+3» ֆորմատին․ պարզաբանում է վրացի փորձագետը

Ինչպես հայտնի է, Վրաստանը դեռ նոյեմբերի 19-ին, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի մակարդակով հայտարարել էր, որ մտադրություն չունի միանալու Հարավային Կովկասի համար նախատեսված «3+3» ֆորմատին, որում ներգրավված են լինելու ամենայն հավանականությամբ, նաեւ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Վրացի քաղաքագետ, Georgian Strategic Analysis Center-ի վարչության անդամ, դիվանագետգ, Վրաստանի նախկին ԱԳ նախարարի տեղակալ, ԳՈՒԱՄ-ի նախկին գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ կան մի քանի պատճառներ, թե ինչու Վրաստանը չի ուզում միանալ վերոնշյալ համագործակցության ֆորմատին։ «Իմ կարծիքով կան երեք խումբ պատճառներ, որոնցով պայմանավորված Վրաստանը չպետք է մասնակցի այդ ֆորմատին։ Առաջին խումբը կայանում է նրանում, որ «3+3»-ը ոչ միայն «պլյուս» է, այլ նաեւ «մինուս», այսինքն՝ այստեղ «մինուս» ԵՄ եւ «մինուս» ԱՄՆ վիճակ կա։ Իսկ քանի որ նրանք հանդիսանում են մեր ռազմավարական գործընկերները, ապա նման ֆորմատի մասնակցել առանց Վաշինգտոնի եւ Բրյուսելի, Վրաստանի համար դառնում է իմաստազուրկ։ Երկրորդ խումբը կապված է հետեւյալ խնդրի հետ։ Առաջին եռյակը հասկանալի է, որ Հայաստանն է, Վրաստանն ու Ադրբեջանը։ Հարավային Կովկասի տարածքում հենց այս երեք երկրներից է կախված, թե ինչ ենք մենք այստեղ ունենալու՝ արդյոք մեր ռեգիոնը կլինի կայունության տարածք, ինտեգրացիայի, զարգացման եւ բարեկեցության տարածք, թե կլինի հակամարտության, անհամաձայնության եւ առճակատումների տարածք։ Հվ․ Կովկասում մշտապես ապրել են եւ ապրելու են վրացիները, ադրբեջանցիները հայերը, աբխազները, օսեթինները, ռուսները, հրեաները, սակայն պետք է հիշել, որ այստեղ երեք պետություն է լինելու՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ հենց նրանցից է ամեն բան կախված լինելու։ Հիմա անդրադառնանք երկրորդ եռյակին այս ֆորմատում ներգրավված երկրների՝ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա։ Պետք է ասել, որ այս եռյակից երկու երկիր՝ Ռուսաստանն ու Իրանը, գտնվում են շատ խիստ միջազգային սանկցիաների տակ։ Եւ նման երկրները չեն կարող դրական ներդրում ունենալ ռեգիոնում կայունության տարածքի ձեւավորման վրա։ Սա շատ կասկածելի է։ Երրորդ խումբը պատճառների, արդեն կապված է բուն Ռուսաստանի եւ Վրաստանում ունեցած նրա դերակատարության հետ։ Մոսկվան օկուպացրել է մեր երկրի տարածքի քսան տոկոսը։ Նա ճանաչել է երկու կազմավորում՝ Աբխազիայում եւ Ցխինվալիի շրջանում։ Նույնիսկ չգիտեմ էլ, թե Մոսկվան ինչ հիմքեր ունի կարծելու, թե Վրաստանը կհամաձայնի «3+3» ֆորմատին մասնակցելու, որը պետք է զբաղվի ռեգիոնի գործերով։ Ես 25 տարի բանակցություններ եմ վարել Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում եւ մի քանի բացասական օրինակների հետ եմ առերեսվել։ Օրինակ, Ռուսաստանը փորձում է այդ ֆորմատներ ներքաշել տարբեր ներկայացուցիչների։ Սկզբում այդ ներկայացուցիչները նստած են լինում երրորդ շարքում, հետո երկրորդ, եւ մի փոքր ավելի անց էլ՝ սկսում են հրավիրել որպես դիտորդի, իսկ հետո՝ սում են, որ դրանք արդեն ճանաչված պետություններ են, եւ պետք է իրենց ձայնն ունենան։ Մեզ նման էքսպերիմենտներ պետք չեն։ Մենք դրա միջով արդեն անցել ենք։ Կամ էլ, երբ ռուսական պատվիրակության կազմում ներառված են լինում այսպես կոչված դեսպաններ, որոնցից մեկի նստավայրը Սուխումին է, մյուսինը՝ Ցխինվալին։ Եւ ինչ պետք է դա նշանակի։ Որ Վրաստանը համաձայն է իր տարածքի օկուպացիայի հետ։ Դա ոչ մի կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Իհարկե, եթե լինեին որոշակի դրական ազդակներ, տեղաշարժեր, դա այլ հարց, սակայն ոչ, Ռուսաստանը մշտապես հայտարարում է, որ մենք պետք է հաշտվենք այդպես կոչված նոր իրականության հետ, որն առկա է ռեգիոնում, իրականություն, որը միայն կրեմլյան երազողների գլուխների մեջ է։ Այդ իրականությունը ոչ մեկը չի ճանաչում, բացի Վենեսուելայից, Սիրիայից, Նիկարագուայից եւ մի քանի կղզի-պետությունների։ Կուզենամ ավելացնել, որ մենք ունենք միակ փաստաթուղթը, որը կոնսենսուսով ընդունել է պառլամենտը, չնայած այն բանին, որ այսօր մենք երկրում ունենք լուրջ ներքին տարաձայնություններ։ Դա պառլամենտի բանաձեւն է կապված արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրների, ուղղությունների ու առաջնահերթությունների հետ։ Այդ փաստաթղթում ասվում է, որ Վրաստանը չի մասնակցելու ոչ միայն կազմակերպությունների կամ ֆորմատների, որտեղ ներկա է օկուպանտ պետություն Ռուսաստանը։ Դա հակաօրինական կլիներ նաեւ ֆորմալ առումով։ Ու հիմա մենք ունենք հստակ կեցվածք, որ Վրաստանը չի մասնակցելու նշված ֆորմատին»,- ասել է վրացի փորձագետը։