«Петля Примакова»

«Петля Примакова»

Խոսքը Եվգենի Պրիմակովի՝ ունիկալ մի անձնավորության, բարձրակարգ պրոֆեսիոնալի, պետական ու պատմական մասշտաբի անձնավորության մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսին է լինում արժանապատվության էտալոնը՝ պետության արժանապատվության:
Այսօր, երբ նա այլևս Աստծո թագավորությունում է, հպարտության մեծ զգացումով եմ հիշում, որ պատիվ եմ ունեցել շփվելու խորհրդային-ռուսական պետական գործչի, աշխարհում մեծ հեղինակություն վայելած անձնավորության հետ: Նա, առաջին հերթին և ամենից առաջ, մարդկային գիգանտ էր, քանի որ ինձ նման շարքային մեկի հետ հաղորդակցվում էր՝ հավասարը հավասարի պես: Բայց այստեղ դրա մասին չէ խոսքը:
2019 թվականին Լավրովը հայտարարել է, որ «Ատլանտյան օվկիանոսի վրա շրջադարձը լարվածությունն աշխարհում մեծացնելու փորձ չէ…այլ դա եղել է միջազգային իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտության մասին հիշեցում»:

Խոսքը վերաբերել Է հետևյալին; 1999 թվականի մարտի 24-ին Պրիմակովը կառավարական օդանավով ուղևորվել է Վաշինգտոն: Պաշտոնական այցի ընթացքում ՌԴ Վարչապետը պետք է պայմանավորվեր ԱՄՀ 5 միլիարդ դոլարի վարկի մասին: Օդանավը գտնվում էր Նյուֆաունդլենդ կղզու վրա, երբ լսվել է զանգ. ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը հայտնել է Հարավսլավիային՝ ՆԱՏՕ-ի հարվածների մասին: «Միասնական ուժ» ծածկագրված անվանումով գործողության մեկնարկի մասին որոշումն ընդունել էր ալյանսի գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանան:

Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ էր, որ օդուժը հարված էր հասցնում եվրոպական երկրին: Պրիմակովը կարգադրել է շրջել Ատլանտյան օվկիանոսի վրա գտնվող կառավարական օդանավն ու վերադառնալ Մոսկվա: Որոշ փորձագետներ դա անվանել են «պրիմակովյան հանգույց», որն Արևմուտքի համար դարձավ այն բանի խորհրդանիշը, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել:

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի, որտեղ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Մյուս լուրը վերաբերում է նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում:

«Փաշինյանական հանգույցի» հիմնավոր պատճառները.

-    ցեղասպանության դատավճռին հավասարազոր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի կոպտագույն խախտում թշնամի երկրի կողմից. ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում տեղի չի ունեցել, ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, նույնիսկ, սպանվում են.

-    թշնամի երկրի ռազմատենչ հայտարարությունները և սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքում,

-    կրակի վրա յուղ լցնող արյունարբու Էրդողան…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայնելով մեկնել հանդիպման Սոչի և Բրյուսել, փաստորեն, անտեսում և արհամարհում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որը դրվել է ազգակործան հայտարարության տակ:

«Փաշինյանական հանգույցի» դեպքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյաննն ընդամենը պետք է հայտարարի. «Փաշինյանի Սոչի և Բրյուսել չմեկնելը լարվածությունը տարածաշրջանում մեծացնելու փորձ չէ…այլ դա եղել է միջազգային իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտության մասին հիշեցում»:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր