Արցախի ղեկավարության դատավարությունը՝ Բաքվի բանտում․ լուսանկարներ

Այսօր Բաքվում մեկնարկել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատաքննությունը կընթանա Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Նշվում է, որ 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։
Այսօր նաեւ մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Այս գործը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Դատավարությանն ընդառաջ Ռուբեն Վարդանյանը երեկ նախօրեին հայտարարել է, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Համացանցում արդեն հայտնվել են կադրեր վերընշված դատավարություններից:
ՀԳ․ Կադրերից երևում է, որ բոլոր ռազմագերիները հյուծվել ու խիստ ծերացել են: Համացանցում մարդիկ գրառումներ են անում` գրելով, որ սա մեր ամոթն ու ցավն է։
Կարծիքներ