Ամեն ինչից՝ քիչ-քիչ

Ամեն ինչից՝ քիչ-քիչ

Մինչ մեր վարչապետը հերոսական բոյեր է տալիս միջազգային ասպարեզներում, նրա թիմակիցները հրաշքներ են գործում իրենց վստահված ոլորտներում: Արայիկ Հարությունյանն, օրինակ, փակեց դպրոցները: Օվկիան իմաստնության… Կառավարությունը բոլոր կազմակերպություններին հրահանգել է իրենց աշխատակազմերին սովորեցնել, թե ինչ պետք է անել օդային տագնապի ժամանակ՝ արագ մտնել մոտակա մետրոյի կայարան, իջնել նկուղային հարկ և այլն: Կառավարությունը, սակայն, չգիտեր, որ Արայիկ Հարությունյանը կփակի դպրոցներն ու այդ նույն աշխատակիցների երեխաներին կուղարկի տուն: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի աշխատակիցը օդային տագնապի ժամանակ՝ պատսպարվի մետրոյո՞ւմ, թե՞ վազի տուն՝ իր երեխային ինչ-որ տեղ պատսպարելու համար:

Արայիկ Հարությունյանը արդարանում է՝ դուք տեսե՞լ եք Արսեն Թորոսյանի նոր թվերը, ես ինչպե՞ս կարող եմ վտանգել մեր երեխաների առողջությունը: Ես հասկանում եմ Արայիկ Հարությունյանին: Շատ դժվար է ղեկավարել մի ոլորտ, որից բան չես հասկանում: Ինձ, օրինակ, թվում է, որ երեխաների առողջությունն առավել ապահով կլիներ, եթե նրանք գտնվեին դպրոցում՝ ուսուցիչների հսկողության տակ և հարկ եղած դեպքում կազմակերպված պատսպարվեին հենց դպրոցի նկուղային հարկում: Այդ մասին կիմանային նաև քաղաքի մյուս ծայրում աշխատող նրանց ծնողները:

Իսկ թե Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի ինչ թվեր կկրակի, դա արդեն այլ հարց է և կապ չունի օդային տագնապի հետ: Ախտահանեք դպրոցները, հոգածության ներքո պահեք ուսուցիչներին, որոնցից ամեն մեկն այսօր մի զինվոր է մեր բանակի թիկունքում: Եվս մի հուշում Արայիկ Հարությունյանին: Սովետի ժամանակ, ուրեմն, բարձր դասարանցիներին կազմակերպված տանում էին գյուղ՝ բերքահավաքին մասնակցելու: Ճակնդեղ էինք հանում, կարտոֆիլ հավաքում, խաղող քաղում… Կոլխոզը պլանը գերակատարում էր, իսկ մենք կարմրած թշերով վերադառնում էինք քաղաք: Վատ չէր լինի, որ մեր ապագա զինվորները փողոցներում թափառելու փոխարեն դպրոցական բրիգադներով գնային գյուղ և կռվող բանակի համար կարտոֆիլ հանեին:
Ես ողջունում եմ նախարարություններում շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու և հերթապահություն կազմակերպելու որոշումը:

Պատերազմի ժամանակ, երբ տվյալ նախարարության ենթակա շատ ձեռնարկություններ ու կազմակերպություններ երկարացված աշխատանքային օրով են աշխատում, նախարարությունը, բնականաբար, պետք է միշտ պատրաստ լինի առաջացող խնդիրները արագ կարգավորելու համար: Այս լավ նախաձեռնությունը, սակայն, չի կարելի իրականացնել աբսուրդի հասնող վարչարարությամբ: Բոլորդ էլ հասկանում եք՝ այն գործը, որ հեշտությամբ հաղթահարում են 10 հոգով, հնարավոր չէ անել 3-ով: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչպես կարող են 3-ով թե աշխատանքային ժամերին ներկա լինել նախարարությունում, և թե հերթապահել օրվա մնացած ժամերին, երբ ստեղծված չեն մի փոքր հանգստանալու պայմաններ անգամ: Սա, անշուշտ շտապողականության արդյունք է, խառն ենք բոլորս, բայց չպետք է այս օրերին մոռանանք, որ առանց հավելյալ վարձատրության աշխատող մեր պետական ծառայողները նույնպես ունեն երեխաներ կամ ծնողներ, որոնց խնամք է անհրաժեշտ: Կարելի է, չէ՞ նախարարության այլ բաժիններից կամ վարչություններից լրացուցիչ ուժեր հատկացնել փոքր բաժիններին և կազմակերպել նորմալ հերթափոխ, որպեսզի մարդիկ ուժասպառ չքնեն աշխատանքային սեղանների մոտ կամ համակարգչի առաջ:

Առայժմ՝ այսքանը: Մնացածի մասին հետո: Եվ միշտ պետք է հիշել՝ աշխատել սովորում են աշխատելով: