Նախարար Էրիկ Գրիգորյանի հին ու աղքատ սարքերը

Նախարար Էրիկ Գրիգորյանի հին ու աղքատ սարքերը

Ամուլսարի «բոլոլայի» ընթացքում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հաջողվեց մեկ տարի շարունակ այդպես էլ իր կարծիքը չասել բոլորին հուզող հարցի շուրջ` Ամուլսարի ՇՄԱԳ-ը լա՞վն է, թե՞ ոչ, Ամուլսարը պետք է գործարկվի՞, թե՞ ոչ: Ավելին, մեկ տարի շարունակ նախարարն ամեն առիթով հարցը բարդում էր Քննչական կոմիտեի եւ քննչական խմբի վրա, կարծես նախարարությունը պարտավոր չէ այս մասին կարծիք ունենալ: Բայց Քննչականի ու ԷԼԱՐԴ-ի մեկ տարի ձգված պատմությունն ի վերջո ավարտվեց նրանով, որ վարչապետը դարձյալ մնաց շրջակա միջավայրի նախարարության հույսին: «Լիդիանի» հետ նախօրեի քննարկման տեսանյութն այդ հույսի առումով բավականին անհույս տպավորություն թողեց:

Վարչապետը փորձում էր հասկանալ, թե արդյոք հնարավո՞ր է Ամուլսարում ամենօրյա մոնիտորինգի միջոցով պարզել՝ Ամուլսարի գործունեությունը որքանով կազդի ջրի կամ հողի վրա, ինչպիսին կլինի այդ ազդեցությունը:
Նախ՝ պարզվեց, որ նախարարությունը մինչ այժմ չի տեղեկացրել վարչապետին, որ ջրի, օդի, ստորգետնյա ջրերի մոնիտորինգն իրականացնում է ոչ թե կառավարությունը, այլ հանքարդյունաբերողը:
«Ուզում եմ ճիշտ արձանագրենք, այսինքն՝ ողջ գործընթացն իրականացնում է ընդերքօգտագործո՞ղը»,- հարցրեց վարչապետը: Եվ որքան կարելի էր հասկանալ Էրիկ Գրիգորյանի երկար ու խճճված պատասխանից, նախարարությունը չունի համապատասխան հնարավորություններ՝ այդ մոնիտորինգն իրականացնելու համար:
Ավելին, նախարարը խոստովանեց, որ մոնիտորինգի համար տեսչական մարմինն անհրաժեշտ սարքեր չունի, եղածները «շատ հին ու աղքատ են»: Եվ սա ասում է մի գերատեսչության ղեկավար, որի հիմնական գործառույթը պետք է հենց դա լիներ, եւ որի գոյությունն ինքնին անիմաստ է, եթե նման մոնիտորինգ չի իրականացնում եւ անգամ սարքավորումների չի տիրապետում։

Երեկ Ամուլսարի թեմայով իր «լայվի» ընթացքում վարչապետը հաստատեց, որ հիմա նոր-նոր հանձնարարվել է նախարարությանը, որ մոնիտորինգի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերվեն, որպեսզի մինչեւ հաջորդ գարուն, երբ «Լիդիանը» սկսի շինարարությունը, կառավարությունը հնարավորություն ունենա մոնիտորինգ իրականացնելու: Էրիկ Գրիգորյանն էլ հաստատեց, որ դա անհրաժեշտություն է, որովհետեւ պետությունը պետք է իմանա, թե «ինչ է կատարվում ընդերքօգտագործողի մոտ»:

Չենք կարող չարձանագրել, որ հանրության առաջ բացվել է մի բավականին տխուր պատկեր: Այսինքն՝ մինչ այժմ կառավարությունը չգիտի, թե ինչ է կատարվում բոլոր մնացած ընդերքօգտագործողների մոտ, որովհետեւ սարքերը «հին են ու աղքատ»: Ավելին, երեկ տեսչական մարմնին նորից հանձնարարվեց ստուգումներ սկսել Ամուլսարում: Հարց է ծագում՝ ինչո՞վ: Հին ու աղքատ սարքերով: Էրիկ Գրիգորյանը նախարար է արդեն գրեթե 1,5 տարի: Եվ որքան կարելի է հասկանալ այս երկու օրվա քննարկումներից, մոնիտորինգի սարքեր ձեռք բերելու անհրաժեշտություն այս ընթացքում չի եղել, եւ այն ծագել է միայն Ամուլսարի շուրջ իրավիճակի պատճառով: Բա լավ, ինչպե՞ս են այլ հանքերում մոնիտորինգ արել: Եվ կամ վարչապետի հայտարարությունը, թե մինչեւ գարուն, երբ Ամուլսարում սկսվի շինարարությունը, պետք է ունենալ այդ սարքերը, արդյոք դարձյալ խտրականության մեղադրանքի տեղիք չի՞ տալիս:

Ստացվում է՝ հոգ չէ, որ այլ հանքերում առանց որեւէ մոնիտորինգի տարիներով հանքարդյունահանում է իրականացվում, իսկ, այ, Ամուլսարում նույնիսկ շինարարությունը պետք է վերահսկել նոր սարքերով, որը պետք է շտապ ձեռք բերել մինչեւ շինարարության սկիզբը: Մինչ այդ որեւէ այլ հանքի հետ կապված որեւէ շտապողականություն բնապահպանության նախարարությունը չի ցուցաբերել: Ինչո՞ւ․ հասկանալի պատճառով՝ աղմուկն Ամուլսարի շուրջ է: Թերեւս ժամանակն է, որ «բնապահպանական մտահոգություններ» եզրույթը փոխարինվի «աղմուկի մտահոգություններ» արտահայտությամբ, քանի որ ակնհայտ է, որ կառավարության գործողությունների եւ կամ անգործության հիմքում միայն «աղմուկի մտահոգությունն» է, իսկ էկոլոգիական խնդիրներ, բնակչության առողջության մասին մտահոգություն, միջազգային ստանդարտներ եւ այլն, մեզանում պարզապես գոյություն չունեցող եզրույթներ են: