Այս նախարարության հետ աշխատելու հեռանկար չեմ տեսնում

Այս նախարարության հետ աշխատելու հեռանկար չեմ տեսնում

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ այլեւս թատրոնի տնօրենը չէ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հ․ Առաքելյանը՝ մարտի 29-ին ավարտվել է իր՝ տնօրենի պաշտոնում հրամանագրված պայմանագրի ժամկետը։ Այժմ թատրոնն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եւ, ըստ ՊՈԱԿ-ների մասին օրենքի, 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը պետք է հայտարարի մրցույթ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար, որին, սակայն, Հ․ Առաքելյանը ցանկություն չունի մասնակցելու։ Ի դեպ, նա ծագումով Արցախից է եւ շատ ծանր է տարել վերջին պատերազմն ու Արցախի կորուստը եւ ամիսներ շարունակ իր ֆեյսբուքյան էջում դաժան քննադատության է ենթարկել գործող իշխանություններին։ 

Թե որն է պատճառը, որ չի ցանկանում մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին, Հ․ Առաքելյանը նշեց, որ իրենց թատրոնը պարբերաբար բախվել է ընտրողական վերաբերմունքի ԿԳՄՍ նախարարության կողմից․ «Ես դա շարունակում եմ պնդել, սակայն ես՝ որպես թատրոնի տնօրեն, իմ աշխատանքը նորմալ կատարել եմ, իմ ժամկետներում ամեն ինչ արել եմ, նույնիսկ այս ծանր շրջափուլերում մենք շատ մեծ աշխատանքներ ենք կատարել նաեւ պրեմիերաների առումով։

Ցավոք, 2020-ին պարապուրդի էր ենթարկված ոչ միայն մեր թատրոնը, այլեւ բոլոր թատրոնները։ Եվ այս բոլոր խաչընդոտները՝ կորոնավիրուս, պատերազմ, թույլ չտվեցին իրականացնել այն բոլոր գաղափարները, նախագծերը, որ ուզում էինք իրագործել, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում մենք շատ լավ ցուցանիշներ ենք ցույց տվել եւ ոչ միայն կատարողականների մասով, որին նախարարությունը շատ կարեւոր տեղ է հատկացնում, այլեւ նույնիսկ կատարել ենք 2-3 անգամ ավել, մի շարք պրեմիերաներ ենք ունեցել, տոմսային տնտեսությունն ենք բարելավել։ Այս թատրոնը հյուրախաղերի առումով բավականին պասիվ կենսագրություն էր ունեցել մինչեւ իմ տնօրեն լինելը, եւ առանց համեստության ասեմ, որ կարողացանք մի շարք հյուրախաղեր կազմակերպել վերջին 3 տարվա ընթացքում, անցած տարի ՊՆ-ի հետ շատ մեծ նախագիծ իրականացրինք Արցախի զորամասերում, նաեւ տարբեր փառատոների մասնակցեցինք, «Արտավազդ» մրցանակաբաշխությանը նոմինացվեցինք։ Աստված տա՝ թատրոնի գործունեությունը նույնքան ակտիվ շարունակվի նաեւ հաջորդ ղեկավարների օրոք»։ 

Այդուհանդերձ, ո՞րն է խնդիրը, որ չի ցանկանում շարունակել գործունեությունը թատրոնում։ «Ես այս նախարարության պատասխանատուների, աշխատակազմի հետ աշխատելու հեռանկար պարզապես չեմ տեսնում։ Եթե մեր երկրում փոփոխություններ տեղի ունենան, որի արդյունքում մենք կարող ենք ավելի կոռեկտ, ճիշտ եւ պրոֆեսիոնալ կազմակերպել աշխատանքային հարաբերությունները, ես որեւէ բան չեմ բացառում նաեւ իմ հետագա գործունեության մասով, բայց այս պահին տվյալ իշխանության հետ համագործակցության որեւէ տեսլական ես չունեմ,- նշեց Առաքելյանն ու հավելեց, որ իր որոշումը պայմանավորված է նաեւ այդ գործոնով։- Այս նախարարությունը չկարողացավ հաղթահարել իր մեջ այն կոմպլեքսը, որ մարդը, ով աշխատել է թատրոնի տնօրեն, դրանից հետո ձեռք բերեց նաեւ ավագանու անդամի մանդատ, իրենք որեւէ կերպ չկարողացան տարանջատել քաղաքականությունը եւ թատրոնի գործունեությունը, որը, ի պատիվ մեր թատրոնի, երբեւէ չի օգտագործվել, եւ երբեւէ թատրոնում քաղաքական գիծ չի տարվել, իրենք դրա մասին շատ լավ տեղյակ են, բայց, անկախ ամեն ինչից, նրանք այս ամենը նաեւ քաղաքական ենթատեքստերով էին դիտարկում։

Մեր թատրոնի նկատմամբ պատշաճ վերաբերմունք նախարարության կողմից չի եղել, որը ես կապում եմ իմ՝ այնտեղ տնօրեն լինելու հետ։ Ի՞նչ ասեմ՝ թող ես չլինեմ, բայց իրենք այդ թատրոնին լավ նայեն։ Ես ինչ հնարավոր է՝ իմ միջոցներով, թատրոնում ձեւավորված արտաբյուջեի միջոցների հաշվին կարողացել եմ իրականացնել»։ 

Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը, Հ․ Առաքելյանը նշեց, որ ցանկություն ունի վերադառնալ լրատվական դաշտ, որտեղ իրեն ավելի ազատ կզգա եւ որեւէ կապվածություն չի ունենա «տարատեսակ, անհասկանալի չինովնիկներից»։