Գյումրու ընտրություններ․ Կա մի ֆենոմեն, որի մասին քիչ է խոսվել

Գյումրու ընտրություններ․ Կա մի ֆենոմեն, որի մասին քիչ է խոսվել

Արտակ Ավետիսյանի գրառումը

«Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ։
Մտորում֊կարծիք թիվ 3
«Տարբերվողի» ֆենոմենը։

Գյումրին հայտնի է կամ ներկայանում է որպես արհեստների ու արվեստների քաղաք, մշակութային ու սպորտային ձեռքբերումների քաղաք, իսկ վերջին տարիներին` նաև զբոսաշրջային ու ժամանցային քաղաք։

Կա մի ֆենոմեն, որի մասին քիչ է խոսվել կամ խորքային վերլուծություն չի կատարվել։ Դա տարբերվելու, հոսանքին չտրվելու, առանձնանալու, առանձնահատուկ լինելու ֆենոմենն է։ Մեկ բառով չկարողացա բնութագրել, բայց իմաստն այն է, որ ամբողջ Հայաստանում կամ հայկական միջավայրում մի գույն է, Գյումրիում` այլ։ Այստեղ բնավ էական չէ, որ գույնն է լավ կամ տվյալ փուլում որն է ճիշտ։ Կարևորը տարբերվող լինելն է։ Ես չեմ պնդում, որ հատուկ է արվել, բայց ներքևում ասելիքս առնվազն մտորելու համար է։  

Արձանագրենք փաստերը` առանց գնահատական տալու կամ պատճառները վերլուծելու։
19-րդ դարի վերջին և 20֊րդ դարի սկզբներին Անդրկովկասի ողջ տարածքում հեղափոխական, սոցիալիստական տրամադրություններ էին, բայց լինելով տարածաշրջանի խոշոր քաղաքներից մեկը Գյումրին մեծ հաշվով հեղափոխականությամբ չվարակվեց ու տարբերվեց։

1918֊20 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին ամբողջ երկիրը «դաշնակցական» էր, Գյումրին կրկին տարբերվում էր, ավելին` հենց Գյումրիում է եղել Մայիսյան խռովությունը ընդդեմ գործող իշխանությունների։

Խորհրդային տարիներին, չնայած քաղաքը կրել է Լենինի անունը, բայց ամենաքիչ «սովետն» ու «բոլշեվիզմը» Գյումրիում է եղել։ Հետաքրքիր է, որ Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին ավելի քիչ բնակչություն ունեցող Արցախը մոտ չորս տասնյակի չափ Խորհրդային Միության հերոսներ է ունեցել, իսկ Գյումրին` մեկ (բաց աղբյուրներում երկրորդը չգտա)։

Իննսունականներին ամբողջ երկիրը ՀՀՇ֊ականացված էր, իսկ Գյումրիում այդպես էլ ՀՀՇ-ն չկայացավ։ Եթե հիշողությունս չի դավաճանում ՀՀՇ Գյումրու ղեկավար մարմնի ինը անդամներից ութը, ինչպես հետո պարզվեց... դաշնակցականներ էին։

Դաշնակցության գործունեության արգելման տարիներին Գյումրիում ՀՅԴ֊ն 30.000-անոց արգելված հանրահավաք կազմակերպեց։ 

Հետագա ընտրությունները ևս «տարբերվող» են եղել։ Գյումրին չի ընտրել կամ մերժել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին`  նախապատվություն տալով Կարեն Դեմիրճյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին։ 
Ես առանձնացնում եմ ավելի «քաղաքականացված» տարբերությունները, բայց Նկատենք, որ Գյումրին ու գյումրեցիները տարբերվել են հագուկապով, ամանորյա սեղանների առատությամբ, հյուրասիրությամբ ու էլի շատ բաներով։ 

Մեկը կասի լավ է, մյուսը կասի վատ է, որ այդպես է։ Իմ մտորումները ուղղակի մակերեսային արձանագրումներ են, որոնք առաջիկա ընտրություններին գուցե կրկին իրենց մասին հիշեցնեն։
P. S. Մեկ հանգամանք ևս։ Ամենուր սիրուց ատելություն մեկ քայլ է, իսկ Գյումրիում սիրուց ատելություն և հակառակը կես քայլ է։
P. S. Իմ քվեն չի կորելու»։