Մենք ինքներս պետք է մեզ հսկենք և աչալուրջ լինենք

Մենք ինքներս պետք է մեզ հսկենք և աչալուրջ լինենք

«Կորոնավիրուսը համաշխարհային պատերազմ է հայտարարել աշխարհին: Չեմ կարծում, որ սա պարզ վարակ է, որ տարածվեց աշխարհում, այստեղ, հավանաբար, մի խորունկ գաղտնիք կա թաքնված, որի մասին գերտերությունները լռում են, թեեւ իրենք էլ են ներքաշված այս համավարակի մեջ: Ամեն դեպքում, առաջին իսկ պահից այդ զգացողությունն եմ ունեցել, որ այստեղ մի չար ձեռք է խառնված, թե ինչ ձեռք, ով, որտեղ եւ ինչպես` ժամանակն այդ հարցի պատասխանը կտա,- ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հավելում։- ԽՍՀՄ փլուզումից հետո 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն սկսել է եւ շարունակվում է լոկալ ձեւով Հարավսլավիայում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, իսկ այս վիրուսի հայտարարած պատերազմը վերաճշտումներ պետք է անի: Սրա պատվիրատուն էլ կա, հետո կիմացվի, չեմ կարծում, որ բնությունը կարող էր այդպիսի համաճարակով մարդկանց դատապարտել»։ Նա իր անկեղծ հիացմունքն է հայտնում ժողովրդի կարգապահության նկատմամբ. «Անցյալ շաբաթ սխալմունք ունեցա եւ մտա մեր մոտի «սիթի»-ն եւ երնեկ մտած չլինեի․ այդ ինչ խայտառակություն էր, ինչ գնումներ եւ հերթեր։ Մեկ էլ երեկ մտա ու ինչ` թեթեւ, հանգիստ, ամեն ինչ տեղին, կարգին: Մեր ժողովրդի այսչափ արագ ինքնակազմակերպվելով ուղղակի հիացա»: 

Քանի որ իր գործի բնույթը գրասենյակային է եւ այս օրերին էլ իր գիրքն ու հոդվածներն է գրում, ապա առանձնապես չի զգում այդ սահմանափակումների ճնշումն իր վրա. «Բայց այս վիթխարի ճնշումը, որ կա երկրագնդի վրա, տնտեսությունների, գումարումների այս շարժի վրա` նույնիսկ չգիտեմ էլ ինչ մտածեմ` աշխարհը դադա՞ր է առնում, թե՞ իր ծիրից դուրս է ընկնում: Եթե դադար է առնում, ապա վատ չէ, որովհետեւ այդ հեւասպառ վազքի ժամանակ մի պահ կանգնում ու շունչ են քաշում, հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը: Կոչ եմ անում՝ այս օրերին ամեն մարդ զբաղվի իր գործով, առավել եւս՝ մտավորական մարդիկ: Այդ կատաղի վազքից ու հեւոցից հետո արժե մի հատ շունչ քաշել ու նստել, հանգիստ գիրք կարդալ, հատկապես գրասեր մարդիկ, ուսանողները, դասախոսները»:

Ինչ վերաբերում է առցանց եւ հեռավար այս ուսուցմանը, որքանո՞վ դրանից կրթությունը կտուժի, ապա՝ «անպայման կտուժի, բայց գոնե կապը կպահպանվի, դպրոցականներն ընթացքի մեջ կլինեն, կիմանան ինչ են կարդում, ինչ են անում: Հետո․ ողջ աշխարհն է անցել այդ հեռավար ուսուցմանը, թող մերոնք էլ անցնեն այդ ռեժիմին, հիմա ճգնաժամային վիճակ է, որից պետք է դուրս գանք, եւ ճգնաժամային իրավիճակներում ծայրահեղ, անսովոր քայլերը նորմայի մեջ են»: 

Գրականագետը եւս հետեւում է վիճակագրությանը` թե՛ համաշխարհային մասշտաբով, թե՛ հայաստանյան, ասում է` մեզ մոտ այդ թվերը միանգամից եւ կտրուկ աճեցին, բայց «այսօր մի քիչ ուրախություն զգացի, որովհետեւ երեկվա վրա միայն 4-ով էր ավելացել թիվը, եթե հետագա զարգացումն այս տեմպով պահպանվի, ուրեմն վարակն էլ կամաց-կամաց կմարի: Իսկ մյուս երկրների պահով վիճակագրությունն ուղղակի սարսափելի է, սկզբում միայն Չինաստանն էր, հիմա նաեւ՝ Իտալիան, Իսպանիան, Իրանը...»: Ըստ նրա, թիվն աճեց, որովհետեւ առողջապահության նախարարն առաջին օրերին խնդիրն այդքան էլ լուրջ չէր ընդունում. «Եվ զգոն չեղան հենց առաջին օրից` ասելով, որ վտանգ չկա, դրա համար էլ թիվն այսօր հասավ 194-ի»: 

Դերասան Վիգեն Ստեփանյանի կարծիքով, հիմա ճիշտ ժամանակն է՝ հետեւելու հիգիենայի բոլոր կանոններին, ԱՆ-ի հրահանգներին. «Եթե մենք մեզ չդաստիարակենք եւ չփորձենք միասին այդ աղետի դեմ կանգնել, ոչինչ չի ստացվի, եւ ոչ մի հրաման չի օգնի: Մենք պետք է գիտակցենք եւ սահմանափակենք մեր շփումները, մինչեւ տեսնենք, թե ինչ է լինում: Իսկ ես հիմնականում տանն եմ, երբեմն միայն դուրս եմ գալիս հացի ու վերջ»:

Հիմա շատերը, կորոնավիրուսի հետ կապված, հազար ու մի թեզեր են առաջ բերում, բայց իրականում ինչ է դա, հնարավո՞ր է դրա դեմ պայքարել, թե ոչ` ժամանակը ցույց կտա։ «Ամենակարեւորն այն է, որ մենք գիտակցենք պահի լրջությունը,- ասում է նա ու նկատում, որ շատերը կատակում են եւ չեն գիտակցում խնդրի լրջությունը,- դուրս գալ, տղերքի հետ խմել եւ այլն, դրանք ավելորդ բաներ են, եւ այս բոլոր միջոցառումները, արտակարգ դրությունը հենց այնպես չեն արվում: Դրա համար մաքսիմալ ձեւով պետք է այդ շփումները պակասեցնել, միգուցե հնարավոր լինի կանգնեցնել այս ամենը: Ի վերջո, հիմա ողջ մարդկությունն այդ համավարակի հակավիրուսն է փորձում ստեղծել, բայց դեռ չի հաջողվում, ուրեմն իրոք խնդիրը լուրջ է: Ես ուզում եմ հուսալ, որ այն, ինչ անհրաժեշտ է, արվում է, իհարկե, նման դեպքերում հոռետեսությունը հեչ լավ բան չէ, եւ պետք է լավատես լինենք»:

Ըստ նրա, անիմաստ բան է ե՛ւ տագնապելը, ե՛ւ վախենալը, ե՛ւ խուճապի մատնվելը. «Ուրիշ բան է չվախենալ, խուճապի չմատնվել, բայց անիմաստ լոթիություն կա, գիտակցության  պակաս, նույն այդ նշանդրեքը` անփութություն է, հարցին լուրջ չնայել, չնայած իրեն էլ կարելի է հասկանալ, ո՞նց կարող էր տղայի նշանդրեքին չգնալ, բայց ընդհանրապես, մենք ինքներս պետք է մեզ հսկենք եւ աչալուրջ լինենք: Իսկ թվերն աճում են, որովհետեւ մարդկանց շփումներն էլ շարունակվում են, եւ, ցավոք, ոչ բոլորն են գիտակցում այդ վիրուսի լրջությունը: Երեւի մարդը բնազդով չի ուզում մտածել, որ այդ վատ բանն իրեն կպատահի: Վերջերս մեկը Ֆեյսբուքում գրել էր` ոսկու շուկայում եռուզեռ է..., էդ ոսկին առնում եք, ի՞նչ անեք, ոսկե դագա՞ղ եք սարքելու, մի քիչ խելամիտ մոտեցեք այս իրավիճակին»: