Նախկիններից ավելի նախկին

Նախկիններից ավելի նախկին

Գործող իշխանության՝ նախկիններից ավելի նախկին լինելու թեման բազմաթիվ անգամ եմ ներկայացրել իմ հոդվածներում: Այդ երևույթն հատկապես դրսևորվեց խոշորացված համայնքների ավագանու ընտրությունում: Նիկոլական «ժողովրդի իշխանությունն» այդ ընտրություններում դիմեց բազմաթիվ նախկին մեթոդների՝ առանձին համայնքներում իշխանությունը վերցնելու նպատակով: Կիրառվեցին վարչական լծակներ, ծրագրային ֆինանսավորման անվան ներքո ընտրակաշառքների հատկացումներ, ոստիկանական ապօրինություններ, «գողական» միջամտություններ, դատական բողոքարկումներ, քրեական գործերի անհիմն հարուցումներ թե՛ թեկնածուների և թե՛ նրանց հարազատների նկատմամբ: Կյանքի կոչվեց նաև նոր մի մեթոդ. դա ինքնաբացարկների միջոցով քվեարկության չեղարկումն էր՝ երբ այն թույլատրվում էր օրենսդրությամբ: Այս ամենը նույնիսկ կույրերին կարող էր ցույց տալ, որ գործող իշխանությունն անցավ նախկիններին բոլոր առումներով: Ճիշտ այնպես, ինչպես 2018-ի ապրիլի մերժում էր Սերժին (ինչպես հետո պիտի իմանայինք՝ զուտ արտաքնապես) իբրև թե խոսքը դրժելու պատճառով, իսկ հետո խոսք դրժելը դարձավ մերօրյա «փրկչի» ամենաթեթև զանցանքը:

Բայց այսօր ուզում եմ կանգ առնել մի երևույթի վրա, որը ժամանակին պարտադրվել էր նախկիններին, և որն այսօր ընդդիմության ընտրական հիմնական գործիքն է: Դա հետընտրական կոալիցիաներ կազմելու օրենսդրական հնարավորությունն է: Տվյալ երևույթի մասին մի անգամ արդեն գրել եմ, սակայն դա նախորդ տարվա վերջին ամիսներին կայացած համայնքային ընտրություններից շատ առաջ էր: Այդ երևույթը հիշատակելու առիթ էր հանդիսացել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ իմ երկխոսությունը «Հրապարակի» էջերում:

Հիշեցնեմ, թե խոսքն ինչի մասին էր: 2015-ի սկզբին սահմանադրական փոփոխությունների նախագծում ես նկատել էի, որ ոչ մի խոսք չկար հետընտրական կոալիցիաների մասին: Հետընտրականի բացակայությունը նշանակում էր, որ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը հնարավորություն չէին ստանում ձևավորել իշխանություն՝ չնայած կարող էին միասին ավելի շատ պատգամավոր ունենալ, քան գործող իշխանությունը: Ֆեյսբուքի շնորհիվ ես կարողացա այդ հարցը դարձնել քննարկման թեմա, և ի վերջո այն ևս ներառվեց նախագծում: Ի դեպ, մի քանի հոգուց բացի երկրի ողջ ընդդիմությունն էն գլխից մերժեց հանրաքվեի գաղափարը՝ բաց թողնելով նախագիծը բարելավելու աշխատանքը:

Այսօր հենց հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը թույլ է տալիս գոնե որոշ համայնքներում ձևավորել ոչ քպկական իշխանություն: Միաժամանակ, այն բացահայտում է «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված իշխանության հակաժողովրդավարական բնույթը: Ավելի ուշ պիտի իմանայինք, որ ինքն իրեն դավաճանելը դրսևորվելու էր ոչ միան ներպետական, այլ միջազգային բնագավառոււմ: Մի խոսքով, «ժողովրդավարական» իշխանություն ունենք, աշխարհը չունի... Եվ կամ գործող իշխանությունն ավելի նախկին է, քան բոլոր նախկինները միասին վերցված: