29 800 քառակուսի կիլոմետր

29 800 քառակուսի կիլոմետր

44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է հայաստանցիների ուղեղում դաջել թվա-տառային այդ պատկերը՝ 29800 ք/կմ: Իսկ ադրբեջանցի երեխաներին, օրինակ, ասվում է, որ իրենցն են մեր մայրաքաղաքը, մեր Սյունիքը, մեր Գեղարքունիքը՝ Սևանա լճի կեսով հանդերձ, ու առանձին մի շարք բնակավայրեր: Բայց նշված պատկերը Փաշինյան Նիկոլի ուղեղում դաջված էր վաղուց՝ երբ ինքը սկսեց հետևել «սերգոջաների» համար լավ ապրուստ ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու՝ տեր-պետրոսյանական «հակաոչմիթիզականությանը»: Ինչն արձանագրվեց իր «քերթվածքում» և կյանքի կոչվեց վարչապետ կարգվելուց հետո: Ի դեպ, ինքը 2018-ին իշխանություն գրավեց, որպեսզի «արդարացիորեն» ադրբեջանցիներին հանձնի նրանց «պատկանելիք» տարածքները՝ պահպանելով, իր կարծիքով, բուն հայկականը՝ 29800 ք/կմ-ը: Չնայած զարմանալիորեն 29800 ք/կմ-ի մեջ չներառվեց Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը՝ կառուցված դեռևս խորհրդային ժամանակներում: Իսկ 2021 թվականի մայիսի կեսերից սկսած աստիճանաբար կրճատվում է նաև Նիկոլի պատկերացրած 29800 քառկմ-ը: Դա ինքը տեսնում է, թեև ոչինչ անել չի կարողանում. դե, անբնակ տարածքների համար պատերազմ չի սկսելու:

Ենթադրենք, որ պատերազմ չէր անելու, բայց պետք է չէ՞, պաշտպաներ այդ 29800-ը: Ճիշտ այնպես, ինչպես ստիպված եղավ դա անել 2022 թվականի սեպտեմբերին: Ինչն արվեց մեր երիտասարդների կյանքի գնով, որոնք ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ անպաշտպան էին: Ինչը բնական էր, քանի որ պետական գումարները ծախսվում էին գյուղամիջյան ճանապարհ վերանորոգելու ու լուսավորություն անցկացնելու վրա: Էլ չեմ խոսում 2018 թվականից շարունակվող՝ պետական կառավարման համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ բաժանելու մասին, այն էլ՝ նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին: Բնական է, որ ԱԹՍ-ների համար գումար այլևս չէր մնալու: Թեև, Նիկոլի կարծիքով, դրա կարիքը չկար, քանի որ ինքը անսասան կարգով գնում էր խաղաղության դարաշրջանին ընդառաջ: Հետո, իհարկե, պետք է պարզեր, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան իր քաղաքականությունը, ու դրանից մեծ շոկ ապրեր:

Կամ էլ բեմադրեր մեծ շոկ ապրելը: Բայց քանի որ թուրքերի հետ կապիտուլյացիոն խաղաղությունն իր միակ շանսն է հյուսիսի կամ արևմուտքի աչքում գործունակ երևալու՝ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն: Եվ դրանք հաստատ ոտնահարվելու են՝ եթե որպես վարչապետ շարունակի պաշտոնավարել Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը:

Հ. Գ. ԱԺ քպկական «ազգընտիրներից» մեկն էլ (Արմեն Խաչատրյան) չորս ու կես տարի ուշացումով խոսում է որակյալ ԱԹՍ-ներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին: Երևի մոռացել է, որ նախկինների օրոք ՊՆ պլանով նախատեսված է եղել 2018-ից սկսել 1000 ԱԹՍ-ների ձեռք բերման գործընթաց: Ինչը «հաջողությամբ» տապալվեց՝ երբ նույն թվականի գարնանը փողոցի ուժով վարչապետ կարգվեց իրեն ու իր նմաններին Ազգային ժողովում տեղավորող անձը: