Առաջ՝ տոտալ կաշառք, հիմա՝ հազարից մեկ, այն էլ՝ ներողություն խնդրելով

Առաջ՝ տոտալ կաշառք, հիմա՝ հազարից մեկ, այն էլ՝ ներողություն խնդրելով

«Հրապարակ» էր զանգահարել շինանյութի ներմուծմամբ եւ մանրածախ առեւտրով զբաղվող մի գործարար, որը համամիտ չէ մեր երեկվա՝ «Բիզնեսն ու քաղաքականությունը» հրապարակման հետ։ Թեպետ, հայկական զգուշավորության համաձայն, չցանկացավ, որ իր անունը տպագրվի։ Նա պնդում էր, որ հիմա, ի տարբերություն նախկինի, դաշտն ազատ է, ՊԵԿ աշխատակիցներն էլ կաշառք չեն վերցնում։ «Էսօր ընդամենը պետք է օրենքի դաշտում աշխատել՝ այդքան բան։ Էսօր հարկայինը կանչում ա, ասում ա՝ ընգեր ջան, օրենքով աշխատիր, քո ցավն էլ տանեմ։ Էսօր պետք չի մտավախություն ունենալ, որ պետք է պաշտոնատար անձի հետ լավ լինես, որ քեզ չկպնեն։ Իսկ առաջ ընենց պայմաններ էին դնում, որ ուզած-չուզած՝ պետք է համագործակցեիր։ Առաջ կանչում էին, ասում՝ էսքան զենք պտի բերես, էսքան՝ փող։ Կա՛մ պետք է անեիր, կա՛մ բիզնեսը պտի գցեիր ջուրը։ Իսկ առաջ ընենց պայմաններ էին դնում, որ ուզած-չուզած՝ պետք է համագործակցեիր»,- արձանագրեց մեր զրուցակիցը։ Հիմա, ըստ նրա, ՊԵԿ աշխատակիցները հրաժարվում են անգամ 5 հազար դրամ կաշառքից։ Գիտեն՝ կբռնեն, կդատեն։ «Իսկ առաջ տոտալ կաշառակերություն էր՝ վերից վար։ Խոսքի օրինակ՝ սարի վրա մի հատ Ծաղկաշեն գյուղում մի հատ պապիկ մի բուդկա ունենալու համար չէր կարող 10 հազար կամ 20 հազար դրամ կաշառք չտալ։ Պարտադիր։ Ըստ բիզնեսի ծավալների՝ սա գալիս-հասնում էր մինչեւ ամսական միլիոնավոր դրամների»,-ասում է նա։

Իսկ առաջ կար հստակ գնացուցակ, մաքսազերծելիս կոնտեյները բացելիս՝ 20 հազար դրամ, փակելիս՝ նույնքան։ Բիզնեսի համար էլ ամսական 100 հազար դրամ պետք է մուծեիր պետական բյուջե, 100 հազար դրամ էլ՝ կաշառք։ Հարցին, թե համակարգում նոր, «մաքուր» մարդի՞կ են հայտնվել, թե՞ հներն են դարձել հրեշտակներ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նախ, շատերը փոխվել են, իսկ եթե հին մարդիկ էլ մնացել են, ահավոր վախենում են»։ Նա ամփոփում է՝ իհարկե, «կան փոքրիկ դրվագներ»՝ 100-ից 5 տոկոս՝ հին կադրերից, որոնք մի քանի կոպեկ փող են փախցնում։ Այն էլ, իր խոսքով, «հազար տեղ դողալով» ու «հազար անգամ ներողություն խնդրելով»։ Արդյունքում, գործարարը տեղյակ է անգամ հարկային տեսուչների կյանքից՝ առաջ «էրեխուն 10 հազար դրամ էր տալիս», հիմա չի կարողանում անգամ 500 դրամ տալ։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ասում է․ «Էն, որ գրում են, որ բան չի փոխվել, սաղ սուտ են ասում, այսօր շատ բան է փոխվել, էսօր 180 աստիճանով շուռ է եկել, էսօր բիզնեսմեններն օդերի մեջ են, ազատ են, ու, օրինակ ինձ, տարիուկես ա՝ ոչ ոք չի կարա զանգի-ասի՝ կաշառք տուր»։ Լավատես գործարարը նաեւ ասաց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը, ըստ որի՝ Երեւանից դուրս գործող տնտեսվարողները, որոնց եկամուտը չի գերազանցում 24 միլիոն դրամը, ազատվում են հարկերից, ահավոր մեծ նվեր է ու խթան բիզնեսի զարգացման համար։ Իր հաշվարկով՝ այդ դաշտում է գտնվում մոտ 50 հազար տնտեսվարող։ Նա վստահ է, որ հաջորդ տարի դառնալու են 100 հազար, եւ նրա հաշվարկով՝ ամեն մեկին միջինը 50 հազար դոլարի չափով հարկերից ազատելու դեպքում կստացվի, որ պետությունը 100 հազար տնտեսվարողի կազատի 5 միլիարդ դոլար հարկից։ Ահա այսպիսի մաթեմատիկա։