Զուր հույսեր

Զուր հույսեր

Մարդ բարի, խելացի, հանդուրժող խոսքի կարոտ մնաց։ Երեկ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հերթական անգամ հույս փայփայելով, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, եւ վարչապետ Փաշինյանը որոշակի հետեւություններ արած կլինի քննադատություններից ու վերանայած կլինի իր ագրեսիվ պահվածքը։ Հաճելիորեն զարմացած եմ, որ անգամ Պետրոս Ղազարյանն է ինչ-որ հետեւություններ արել եւ հարցերից մեկում մոտավորապես ասում է՝ դուք ամբողջ երկրի վարչապետն եք, դուք իրավունք չունեք ագրեսիվ խոսք ասելու, անգամ եթե հակառակորդներն ասում են։ Հարցազրույցի սկզբի հանդարտ տոնը հուսադրող է, եւ ես շունչս պահած սպասում եմ, որ պահպանվելու է այդ տոնը, եւ վերջում շնորհավորելու եմ հայ ժողովրդին, որ Փաշինյանը վարչապետ «դառնալու» ճանապարհին է՝ դադարել է ագրեսիվ հայտարարություններ անել, նախկիններին փնովել, պատերին ծեփել, մանիպուլյացիաներ անել, մոլորեցնել մարդկանց։

Գոնե այն փուլում, երբ հանրային աջակցության կարիքն ունի եւ քվե է ակնկալում ընտրողներից, զգույշ է արտահայտվում, չի վիրավորում մարդկանց, չի փնովում քաղաքական հակառակորդներին։ Համերաշխության եւ սիրո մթնոլորտ է փորձում ձեւավորել երկրում՝ ինչպես հայտարարել էր 2018-ի հեղափոխության օրերին։ Ավաղ։ Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Խոսքն ինչ-որ պահից նորից դառնում է ագրեսիվ, նորից հիշում է թիրախները, անգամ Արցախի մասին խոսելիս չի խնայում հակառակորդներին։ Շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել։ Ու այս բոլորի հետ նաեւ ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, ինչով է պահանջված այս հանրաքվեն, եւ ինչով է իրեն խանգարում այս Սահմանադրական դատարանը։ Ափսոս։