Սկզբում ասում էին՝ գործակալ է, հետո պարզվեց՝ փաստեր չունեն

Սկզբում ասում էին՝ գործակալ է, հետո պարզվեց՝ փաստեր չունեն

Խորհրդարանում երկու օր է՝ թուրքի գործակալ էին «բռնում» ու «բացահայտում»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս նստաշրջանի մեկնարկի առաջին օրը որոշեց ելույթը նվիրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում բանագնաց նշանակված ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ նրան մեղադրելով Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ռուբինյանն էլ նախ հոխորտաց, թե ոչ ոք չի կարող իրեն գործակալ ասել, հետո տեղից բղավեց, թե ինչ ուզի՝ կանի, վերջում էլ այնքան տաքացավ, որ որոշեց ամբիոնից իջնել ու իր խոստացածն անել, բայց տեղ չհասավ՝ հետ դարձավ իր տեղը։

Երեկ արդեն Ռուբինյանն ավելի մեղմ, կարելի է ասել՝ բարեկամական տոնայնությամբ էր ելույթ ունենում, թե հերիք է այստեղ «թուրք բռնեք», կոչ էր անում վերադառնալ բովանդակային քննարկման դաշտ։ Կարճ ասած՝ խնդրում էր, որ իրեն այլեւս գործակալ չանվանեն։ Ռուբինյանին գործակալ անվանած Ագնեսան էլ երեկ օրվա վերջում մեղմացրեց իր ելույթի հռետորաբանությունը՝ կիրթ ու կառուցողական ձեւով փորձելով արդարանալ, թե ինքը որոշակի հանգամանքներից ելնելով է հանգել այդ եզրակացությանը, օրինակ՝ նրանից, որ Ռուբինյանը մինչեւ 2018 թվականը Թուրքիայում ինչ-որ ծրագրերի է մասնակցել, հետո եկել է այստեղ ու իր՝ Թուրքիայում ստացած գիտելիքները գուցե կիրառել է 2018-ի հեղափոխության ընթացքում, եւ նման բացատրություններ։
Այնպես որ, առաջին օրվա համեմատ, երբ քիչ էր մնում՝ նորից տուրուդմփոց լիներ, երեկ ընդդիմությունն ու իշխանությունն ավելի ջերմ ու փոխըմբռնման մթնոլորտում էին միմյանց հասցեին մեղադրանքներ ուղղում։

Ու այս ամենը տեղի էր ունենում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման հաշվին։ Պատգամավորները հերթագրվել էին, որպեսզի քննարկեին ոչ թե ԿԲ նախագահի տեղակալի թեկնածությունը, այլ «գործակալ բռնելու» վերաբերյալ ելույթ-արդարացումներ ունենային։ Ամենահետաքրքիրը, սակայն, ընդդիմադիրների բացատրություններն էին Ռուբինյանի՝ ենթադրյալ գործակալ լինելու վերաբերյալ։ Ում հետ խոսեցինք, ոչ ոք չասաց, որ ունեն փաստեր, թե Ռուբինյանը գործակալ է։ Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր Ագնեսան նման պնդում անում։

Թեպետ երեկ մեղմեցին, թե Ռուբինյանն այնքան էլ գործակալ չէ, ուղղակի իրենք այդպես էին կարծում, քանի որ հենց նա էր ընտրվել Թուրքիայի հետ բանագնաց՝ Հայաստանի կողմից։ Իհարկե, Հայաստանը պրոթուրքական ուղիով տանող այս իշխանությունները ոչ այլ ինչ են, քան Թուրքիայի շահերը սպասարկող, եւ չի բացառվում՝ Ռուբինյանն էլ իսկապես գործակալ է, սակայն հնարավոր է նաեւ, որ չափազանց հայրենասեր մի երիտասարդ է, ուղղակի չգիտի, թե ուր է հայտնվել եւ ում ձեռքին է որպես գործիք օգտագործվում հիմա։ Ամեն դեպքում, ԱԺ ամբիոնից նման պնդումներ անելու համար առնվազն պետք է դրա վերաբերյալ հիմքեր ներկայացնել եւ ոչ թե դիմացինի հակադարձումներից հետո արդարանալ։

Նույն՝ «Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Արամ Վարդեւանյանը, օրինակ, ով, ի դեպ, շատ զգուշավոր է իր արտահայտություններում ու երբեք առանց փաստական հիմքի պնդումներ չի անում, երեկ մեզ հետ զրույցում նախ ասաց՝ Ագնեսան ուղիղ ձեւակերպմամբ չի ասել, թե Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գործակալ է, այլ ասել է՝ «ազդեցության գործակալ»։ Հարցրինք՝ իսկ Ագնեսան գիտի՞ այդ երկուսի տարբերությունը, ի՞նչ է հասկանում «ազդեցության գործակալ» ասելով։ Վարդեւանյանն ասաց՝ վստահ է, որ գիտի, բայց չասաց, թե ինչ է թաքնված այդ հասկացության տակ։ Հետո ավելացրեց․ «Ես, բոլոր դեպքերում, երբ ուղիղ նման ձեւակերպումը կօգտագործեմ, վստահ եղեք, նաեւ դրա մասին հաղորդում կներկայացնեմ»։

Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ դժվարացավ պնդել, որ իրենք նման հիմքեր ունեն։ Հարցին՝ ի՞նքն էլ է կարծում, թե այս խորհրդարանի դահլիճում կան Թուրքիայի գործակալներ կամ  ազդեցության գործակալներ, համարո՞ւմ է, որ Ռուբինյանը Թուրքիայի ազդեցության գործակալ է, Սաղաթելյանն ասաց․ «Տեսեք՝ մենք լրջապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով եւ խոր կասկած ունենք էս բանակցությունների ընթացքի եւ ելքի վրա ու էդ մասին հայտարարում ենք»։ Այսինքն՝ միայն դա՞ է, Ռուբինյանի՝ գործակալ լինելը հավաստող որեւէ փաստ չունե՞ք։ «Հավաստող փաստ՝ դոկումենտներ չկան»,- ասաց Սաղաթելյանը։

Նրբանկատ պատասխան տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա հայտարարեց, որ չունի փաստեր, թե Ռուբինյանը գործակալ է, բայց նաեւ բառացի հասկացրեց՝ չի ուզում իր ընդդիմադիր գործընկերոջ՝ Ագնեսա Խամոյանի հետ համերաշխությունը խախտել եւ նրա ասածին հակասող բան ասել։ Այսինքն՝ չի ուզում Ագնեսային սխալ հանել, բայց այնպես չէ, որ կարող է պնդել, թե նա ճիշտ է։ «Գիտե՞ք, համերաշխությունը պահելու տրամաբանությունից ելնելով՝ բնականաբար, ես որեւէ ձեւ չեմ հնչեցնի այնպիսի հայտարարություն, որը կհակասի իմ գործընկերների հայտարարությանը, եւ կհորդորեմ Ձեզ, որպեսզի փաստերը եւ հիմնավորումները խնդրել այն մարդկանցից, ովքեր հնչեցնում են այդ հայտարարությունները»,- ասաց Աբրահամյանը։ Իսկ ինքը փաստեր ունի՞ այդ մասով։ «Ես փորձում եմ հնչեցնել հայտարարություններ, որոնք այդ պահին կարող եմ հիմնավորել»։ Աբրահամյանը կարծում է, որ այս իշխանության հեռացվելուց հետո միայն հնարավորություն կլինի ամբողջության մեջ հասկանալ, թե ով իրական ինչ գործառույթ է ունեցել։