Մեր նախարարությունն ու այդ ուսանողությունն իրար արժեն

Մեր նախարարությունն ու այդ ուսանողությունն իրար արժեն

Հարցազրույց պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանի հետ


- Պարոն Սահակյան, այսօր շատ հայագետներ մտահոգված են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծով նախատեսված փոփոխություններով, մասնավորապես՝ հայագիտական առարկաների ոչ պարտադիր լինելու հանգամանքով։ Դուք տեսնո՞ւմ եք իրական սպառնալիք, որը կարող է վտանգել հայոց լեզվի եւ հայագիտության ապագան։

- Ինչքան ես հասկացա, այդ նախագիծը շատ նախնական պատկերացում է, որպեսզի դրա շուրջ քննարկումներ ծավալվեն։ Ավելին՝ այս նախնական տարբերակում չեն երեւում ընդհանուր համակարգը, պատկերացումը, այսինքն՝ իրենք չունեն տեսիլքը, թե ինչպես կառուցեն գիտության եւ կրթության բարեփոխված «շենքը»։ Դա երեւում է ոչ միայն նախագծից, այլեւ նախարարի եւ մյուսների հարցազրույցներից, կարծիքներից։ Մինչդեռ հարկավոր էր սկսել քննարկումներից, առաջարկներ հավաքելուց եւ հետո նոր դրա հիման վրա նախագիծ կազմել, բայց երբ մի բան արվում է հակառակ, դա առաջ է բերում այլ հետեւանքներ։ Սա կառավարման թերություն է։ Կառավարությունը բարեպաշտորեն ուզում է բարեփոխել այդ ոլորտը, բայց պատասխանատուները չեն կարողանում իրագործել այդ բարեփոխման պատվերը։ Նախորդ կառավարությունում կրթության, գիտության ոլորտի պատասխանատուներն ընտրված էին խտրական ձեւով, ու թեկուզ նախորդ կառավարությունն ուներ իր հակաժողովրդական համակարգը, բայց դրան հարմար կադրեր էին հավաքել։ Հիմա այս նորերը պետք է որ գիտակ, մասնագետ կադրերին հավաքեին, ովքեր մերժված էին նախորդի կողմից, բայց չարվեց։

- Այսինքն՝ հիմա է՞լ են մասնագետները մերժված։  

- Այո, նոր կառավարությունն ինչքան էլ ուզում է ազնվորեն բարեփոխել ոլորտը, բայց նրա կողմից նշանակված պատասխանատուն դաշտին ծանոթ չէ եւ ո՛չ գիտության գործերին է տեղյակ, ո՛չ գիտնականներին է ճանաչում։ Իսկ առանց դրա, կառավարումը չի կարողանա ճիշտ կազմակերպել։

- ՀՅԴ-ն եւ ուսանողության մի մասը պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ի՞նչ եք կարծում՝ նախարարին փոխելով՝ կրթական համակարգի խնդիրները կլուծվե՞ն։

- Իհարկե՝ կլուծվեն։ Վարչապետն ասում է, որ դա կառավարության ծրագիրն է, ու նա միայն կատարում է դա, բայց այդպես չէ, կարող է կառավարությունը մի ծրագիր տալ, բայց նա չկարողանա դա կատարել, խեղաթյուրի կամ քայլերի հաջորդականությունը խառնի եւ փչացնի ողջ գործը։ Կրթության ոլորտի թիվ մեկ բարեփոխման խնդիրը կրթական հիմնարկների ինքնավարությունն է։ Եթե ժողովրդավարական երկրի սկզբունքներից ելնենք, ապա դա պարտադիր քայլ է՝ ինքնավարության ապահովումը։ Ինքնավարությունից հետո պետք է ապահովես եւ կազմակերպես որակի պատասխանատվությունը, բայց այս 2 կարեւոր քայլը չի արվել։ Դա ինչ-որ չափով կախված է նաեւ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովից, որտեղ ոչ մի մասնագետ չկա՝ ո՛չ գիտության, ո՛չ կրթության գործից։ Իսկ նախարարությունում չեն պատկերացնում, որ երբ ինքնավարությունն ապահովեն, ապա այդ առարկաների հարցը կդառնա բուհերի, կրթարանների գործը։ Նրանք են պայմանագրային հարաբերության մեջ մտնողը ուսանողի հետ, եւ ուսանողն է որոշում՝ կրթական որ ծրագրի դիմաց վճարի։ Այսինքն՝ շատ ճկուն պետք է լինի այդ ինքնավար համակարգը։ Քանի որ սա չի ապահովվել, հետեւաբար, դա ո՛չ նախարարության գործն է, ո՛չ էլ՝ օրենքի, որովհետեւ նախկինում մտցրել են այդ առարկաների պարտադիր լինելու մասին հոդվածը, բայց մենք հո նախկին որոշումների ձեռքը գերի չե՞նք, մենք կարող ենք դրանք ուժը կորցրած ճանաչել, փոփոխություն անել օրենքում։

- Բայց օրենքը բուհերին տալիս է այդ ընտրության հնարավորությունը։

- Սկզբում ասացին, որ հանում են այդ առարկաները, հետո, երբ տեսան բողոքի այս մեծ ալիքը, փորձեցին իրավիճակից դուրս գալ՝ ասելով, որ թողնում են բուհերի կամընտրությանը։ Բայց դա կառավարման թերություն է, դրա համար գիտակ եւ լուրջ կառավարիչ է պետք։ Հիմա մեր նախարարը «կամայական» բառը «կամային»-ից չի տարբերում, ինչպե՞ս պետք է որոշի՝ երբ կամայական լուծման դիմի, երբ՝ կամային։ Ի՞նչ անի բուհը, եթե չունի ինքնավարություն։ Մինչդեռ, երբ բուհն ինքնավար է լինում, շատ լավ որոշում է՝ իր ուսանողների հետ ոնց աշխատի, ու երբ տեսնում է ձախող է որոշումը, փոխում է այն։
Մեր նախարարությունը եւ այդ ուսանողությունն իրար արժեն, ուսանողությունը կարող է ազատ, բայց նաեւ սխալ արտահայտվել, նախարարություն էլ կարող է ազատ գործել, բայց սխալ գործելու իրավունք չունի։ Իսկ ուսանողությունը պարտավոր չէ մասնագիտորեն լավ պատկերացնել խնդիրը, նա հուզական է, բռնկվող եւ ոչ միայն այդ հարցի համար է դուրս եկել հրապարակ։ Իրականում, երբ բուհն ինքնավար է, նա «Պատմություն», «Գրականություն» առարկաները կարող է որոշել՝ դասավանդի՞, թե՞ ոչ։ Եթե համալսարան է, հնարավոր է այդ խնդիրը յուրովի լուծի, ինստիտուտները՝ այլ կերպ։ Բայց այստեղ սխալն այն է, որ հայոց լեզուն կապել են հայոց պատմության եւ գրականության հետ, բայց սրանք լրիվ իրարից անջատ երեւույթներ են։ Հայոց լեզուն ոչ միայն ապագա մասնագետներ պատրաստելու, այլ նաեւ հասարակության հետ հաղորդակցվելու միջոց է, հայոց լեզուն մասնագիտության լեզուն պետք է լինի։ Այդ մասնագիտությունը պետք է ծառայի հայ ժողովրդին՝ հայերեն լեզվով։ Բժիշկը պետք է բժշկական հայերեն սովորի, ու այդպես՝ ամեն ոլորտում։ Մասնագիտական լեզուն չպետք է խառնեն «Պատմություն» եւ «Գրականություն» առարկաների հետ։ Սրանք ընտրովի կարող են լինել, իսկ հայերեն մասնագիտական լեզուն՝ պարտադիր, որը ոչ մեկը չի անցնում, դրա համար որակը ցածր է, իսկ ով է պատասխանատուն՝ նախարարությունը, իսկ նախարարությունը դրա կարիքը զգո՞ւմ է։

- Բայց վարչապետն ուսանողության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական ծրագիրը, այլ՝ ՀՀ կառավարությունը։

- Իսկ կառավարությունն ասե՞լ է, որ գնա թացը չորի հետ խառնի, քայլերի հաջորդականությունը փոխի․ չի ասել, չէ՞։ Նա տվել է ընդհանուր ուղղությունը՝ ոնց է կարգը։ Արայիկն այդքան մտավոր կարողություն պետք է ունենա, որ կարողանա այդ հանձնարականը խելացի ձեւով կազմակերպել ու տեղ հասցնել։

- Դուք է՞լ եք պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

- Ոչ թե պահանջում եմ, այլ ասում եմ, որ նա բոլորովին չի նպաստել բարեփոխման գործին, բայց մեր վարչապետը նրան գնահատում է մի բանի համար, օրեր առաջ նա ասաց, թե լա՞վ էր, որ նախորդները թալանում էին, գողանում, իսկ սա ոչինչ չի գողանում։ Բայց դրա համար էլ նախորդներին մերժել են։ Իսկ միայն այդ հատկանիշը բավարար չէ կառավարման համար․ ապրի, որ չի գողանում, չի թալանում, բայց դա բավարար չէ, հարկավոր է, որ մասնագիտորեն կառավարի, ճիշտ նկատակներին խփի, արդյունքի հասնի։ Հո մենակ անկաշառի տեղ չէ՞ նախարարի պաշտոնը, այնքան անկաշառ մարդիկ կան աշխարհում, բայց հետը պետք է նաեւ մասնագետ էլ լինեն։ Ես, որ իմ 40-ամյա գիտական կյանքում զբաղվել եմ գիտելիքի արտադրությամբ, նախարարը դրանից տեղյակ չէ։ Այս տարվա սկզբներին եկան իմ բաժինը փակեցին Մատենադարանում, եւ նախարարը խոստացավ քննել հարցը ու հրավիրել ինձ զրույցի, բայց ո՞ւր է այդ զրույցը։ Նույն ձեւով Մատենադարանի տնօրենը տեղյակ չէ, թե հիմնարկում ով ինչով է զբաղվում․ միայն պլաններ կազմելը քիչ է, նա պետք է արդյունքին տիրապետի, որակը գնահատի, բայց չի հասկանում։ Այսինքն՝ մեր նախարարի նման է, պարզվում է՝ մեր նախարարն էլ սրա աշակերտն է եղել՝ արաբագիտության գծով։ Հիմա Մատենադարանում արաբիստների ալյանս են ստեղծել եւ տնօրինում են հայագիտության ճակատագիրը։

- Այդ դեպքում ինչո՞ւ չեն պահանջում Մատենադարանի տնօրենի հրաժարականը։

- Որովհետեւ իրենց մտքում սարսափում են, թե կարող է հանկարծ Սահակյանը գա ու բոլորին մտրակի տակ քաշի՝ որակ պահանջի, աշխատել պահանջի, իսկ հիմա գլուխ պահելով՝ ապրում են։