Ծանր սրտով

Ծանր սրտով

Վերջին տարվա խառնաշփոթի ու քաոսի մեջ չէինք հասկանում` դեպի ուր է գնում մեր երկիրը: Հայաստանի համար անհանգստությունն ու իշխանությունների սխալները թույլ չէին տալիս, որ մենք էլ խաղաղ աշխատանքային առօրյայով ապրենք՝ զբաղվենք մեր բուն պարտականություններով, լուսաբանենք առօրյա իրադարձություններ, բարձրացնենք հանրային հարցեր, հետամուտ լինենք մեր բարձրացրած խնդիրների իրագործմանը, ամռանն էլ հանգիստ խղճով արձակուրդ գնանք: Ամեն ինչ խառնվել է իրար` լրագրողն այլեւս սոսկ լրագրող չէ, պաշտոնյան պետական ծառայություն չի իրականացնում, պատգամավորն օրենսդրական գործունեությամբ զբաղված չէ, քննիչներն ու դատախազները չեն հասցնում գործեր հարուցել եւ քննել, դատավորները կալանք դակող եւ պատվեր կատարող մեքենաների են վերածվել, ԱԱԾ-ն ընդդիմադիրներին է գաղտնալսում, իսկ «Գորշ գայլերի» ներկայացուցիչը նրա տեսադաշտում չի հայտնվում:

Ո՞ր մեկը թվարկես: Սոդոմ Գոմորի ժամանակներն են կարծես եկել, եւ այս քաոսից դուրս գալու ճանապարհները չեն երեւում` որքան էլ որ լավատես լինես եւ Հայաստանի ապագայի հանդեպ մեծ հույսեր ունենաս: Անգամ դրսից զբոսաշրջիկների եւ պարտադրված ներգաղթողների այս աննախադեպ հոսքը չի բարելավում մեր վիճակը, եթե չասենք՝ բացասաբար է անդրադառնում միջին վիճակագրական սպառողի վրա: Գների անվերահսկելի աճն ու դոլարի անհասկանալի գնանկումը շատերին են վնասել` կրճատել են մարդկանց իրական եկամուտները: Այս ներհոսքից եթե մի շահող կա, ապա դրանք վաշխառու բանկերն են, որոնք անվերահսկելի միջնորդավճարներ են գանձում` օգտվելով ներկրվող դոլարի քանակից եւ ի նպաստ իրենց ընդունվող տարբեր օրենքներից: Մի խոսքով` այս անհանգստություններով էլ գնում ենք արձակուրդ՝ հույս փայփայելով, որ վերադառնալով` ավելի վատ վիճակ չենք արձանագրի: