Մեծ ընտանիք հիշեցնող մեր փոքրիկ երկրում ինչու պետք է զեկուցելու խնդիր  լինի

Մեծ ընտանիք հիշեցնող մեր փոքրիկ երկրում ինչու պետք է զեկուցելու խնդիր  լինի

Հեղափոխության ամենազդեցիկ կարգախոսներից մեկը  «Պարոն Սարգսյան, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, երկրում իրավիճակ է փոխվել» արտահայտությունն էր։

Թվում է, թե մի մեծ ընտանիք հիշեցնող այս փոքրիկ երկրում ինչ զեկուցելու խնդիր պետք է լինի։ Ինչու իշխանության ու հասարակության անջրպետը պետք է այդքան մեծ լինի, որ վարչապետը զեկուցողների կարիք ունենա։ Հնարավոր է, որ մենք ենք մեղավոր, որ ազգովի այնքան քծնում ու փառաբանում ենք, որ մեր ղեկավարները կայծակնային արագությամբ կտրվում են իրականությունից ու իրավիճակի ոչ-մի փոփոխություն չեն նկատում։

Պատմում են, որ հեղափոխությունից անմիջապես հետո մարդիկ փողոցներում մոտեցել են Փաշինյանին ու խնդրել․ «Բալա ջան, թող մի հատ քեզ կպնեմ, մեր փրկիչ»։ Կամ Սամվել Ալեքսանյանի պես գործարարներն իրենց՝ ներքևից վերև, կարծես Աստծուն, նայող հայացքով։ Եթե առաջին դեպքում դեռ կարելի է Փաշինյանի հետ հույսեր կապող մարդկանց հասկանալ, ապա Ալեքսանյանի դեպքում բացարձակ անհասկանալի է, թե հաջողակ բիզնեսմենն ի՞նչ կախվածություն ունի իշխանությունից, որ ստրուկի հայացքով նրան է նայում։ Եթե Ալեքսանյանի բիզնեսը, ինչպես ինքն է վստահեցնում, լրիվ մաքուր հարկային դաշտում աշխատեր, ապա նա ինչու պետք է այդքան կախյալ վիճակում լիներ։ Միթե կայացած բիզնես կայսրություն ունեցող գործարարի համար վարչապետի այց-գովազդն այդքան արժեքավոր են։

Այս պաշտամունքը շատ արագ փոխում է մարդուն։ Ինչքան էլ սթափ լինես, վաղ թե ուշ գլուխդ կորցնելու ես։ Իրականության հետ կապը կորցնելու մի ուրիշ պատճառ էլ ղեկավարի նեղ շրջապատն է։ Չգիտես ինչու մեր իշխանությունները բոլոր ժամանակներում ստեղծում են այդ «Գետտոն» իրենց շուրջ՝ ընտրյալներից բաղկացած։ Դեռ ավելին իշխանության ընտրյալներն էլ իրենց հերթին են սահմանափակում իրենց շփումները։ Անգամ նրանց սպասարկող անձնակազմն է մեկուսանում հասարակությունից։ Ասենք, Փաշինյանի վարսավիրն արդեն էլիտար վարսավիր է եւ ամեն հաճախորդի հետ չի աշխատում։ Իսկ տիկին Հակոբյանի մատնահարդարը սկսում է միայն էլիտայի մատների հետ աշխատել։ Փակ դարպասներից այնկողմ՝ առաձնատանն ապրող, զրահապատ մեքենայով երթևեկող, առանց հսկայական թիկնազորի քայլ չանող մարդը կամաց-կամաց սկսում է իրավիճակին չտիրապետել։

Արդյունքում մի օր հայտնաբերում ենք, որ փողոցից ելած, ժողովրդի անունը շուրթերին նախագահը կամ վարչապետը հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ հասարակ մարդու հոգս ու ցավը չեն ընկալում, զզվում են փողոց փակողներից ու ընդվզողներից, իրենց շրջապատում են միայն դրական լուրեր զեկուցողներով, իսկ բոլոր բացասական բաների մասին խոսողներին ու դժգոհներին համարում են իրենց թշնամիների ճամբարից ֆինանսավորվողներ, աբիժնիկներ եւ պետության թշնամիներ։ Իսկ հասարակությունը հայտնվում է մի Գետտոյում, որտեղ դադարում է ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։   

Աննա Մովսիսյան