Նոր աղմուկ, հին մեղադրանքներ` Բաքվից

Նոր աղմուկ, հին մեղադրանքներ` Բաքվից

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել՝ «Երեւան․ Կոնդ հնագույն թաղամասը եւ պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։

Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնել, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երեւանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։

Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երեւան քաղաքի եւ Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։ Վառ երեւակայություն է պետք ունենալ՝ այդ եւ Երեւանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության եւ Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։
Թափաբաշի եւ մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երեւանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են եւ որեւէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։