Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ բան է փոխել վրացական դիրքորոշման մեջ

Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ բան է փոխել վրացական դիրքորոշման մեջ

Հարցազրույց Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ

- 2018 թ․ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն իր առաջին  այցը կատարեց  Վրաստան, եւ Դուք անձամբ ոգեւորվել էիք այն փաստից, որ առաջին պաշտոնական այցով ոչ թե մեկնեց Ռուսաստան կամ Արեւմուտք, այլ՝ Վրաստան։ Բայց այսօր հայ-վրացական հարաբերությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն։ Ավելին, որպես դրանց վատթարացման ցուցիչ՝ վարորդներից մեկն ասում էր, որ Լարսն անցնելու համար իրենցից կաշառք են պահանջում։

- Կաշառքների մասով խիստ կասկածում եմ, որ Վրաստանում ինչ-որ մեկը կաշառք վերցնի․ դա մի քիչ բարդ է, եւ Լարսն ու հայ-վրացական հարաբերություններն էլ իրար հետ չէի կապի։ Ինչ վերաբերում է լարվածությանը, պատերազմից հետո կարծես թե մի փոքր նկատվում է՝ ոչ այնքան լարվածություն՝ հարաբերությունների ճշտում։ Ակնհայտ է, որ հիմա դրանք նախկինը չեն, մի փոքր սառել են։ Դա եւս պայմանավորված է պատերազմով եւ պատերազմի ժամանակ Վրաստանի դիրքորոշմամբ։ Մի կողմից, Վրաստանը հայտարարում էր, որ չեզոք դիրքորոշում ունի այս պատերազմում, բայց, ինչպես պարզվեց, այդքան էլ չեզոք չէր։ Եվ դա էր, որ սառեցրեց հայ-վրացական հարաբերությունները։ Եվ դրանք, ըստ իս, ռեստարտի կարիք ունեն։ Եվ ակնհայտ է, որ պատերազմից հետո որոշ ճշտումներ պետք է մտցվեն այդ հարաբերություններում։

- Այնուամենայնիվ, Լարսում հայ վարորդ են սպանում, Մառնեուլիում հարձակվում են հայկական շարասյան վրա։ Վրաց իշխանություններն այս հարցերում ի՞նչ դիրքորոշում ունեն։

- Լարսի դեպքերը չպետք է կապել Մառնեուլիի հետ։ Լարսը, պարզվեց, ապատեղեկատվություն էր։ Եվ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, ինչպես նաեւ Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը փորձել էին ճշտել, թե նման դեպք տեղի ունեցե՞լ էր, թե՞ ոչ։ Պարզվեց, որ նման դեպք՝ հայ վարորդի սպանություն, տեղի չի ունեցել։ Բայց տեղեկություն կա, որ մի քանի օր առաջ հայ վարորդն այնտեղ մահացել է սրտի կաթվածից։ Համենայնդեպս, նախնական ճշտումները դա են ցույց տալիս։ Ինչ վերաբերում է Մառնեուլիի դեպքին, ցավոք, համապատասխանում է իրականությանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել այդ առիթով, որ հայկական բեռատարների վրա քարեր էին շպրտել ինչ-որ անձինք։ Բայց տեղեկատվություն մինչեւ այսօր չկա։ Մենք բազմիցս փորձել ենք կապվել Վրաստանի ՆԳՆ-ի հետ, սկզբում ասել էին, որ հետաքաննություն է, բայց հետո այլեւս մեր լրագրողի զանգերին չեն պատասխանել։

- Պատերազմի ժամանակ, երբ Ջավախքից կամավորներ էին ուզում գալ, սահմանը փակ էր, վրաց իշխանությունները հայտարարեցին, որ իրենց քաղաքացիները չեն կարող կռվել երրորդ երկրում, եւ սպառնացել էին քրեական հետապնդմամբ։ Տեղյա՞կ եք՝ եղա՞ն նման քրեական գործեր թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների նկատմամբ, որոնք եւս ցանկանում էին մյուս կողմից կռվել։

- Մի փոքր թյուրըմբռնում կա․ սահմանը փակ էր ու մինչ օրս էլ փակ է պանդեմիայի պատճառով, Վրաստանի քաղաքացին չի կարող նստել մեքենա ու գալ Հայաստան։  Մեկ ամիս է՝ գործում է կարգ, որով կաելի հատել սահմանը՝  քաղաքապետարանից հատուկ թույլտվություն ստանալով։ Նույնն էլ՝ Ադրբեջանի համար։ Պատերազմի ժամանակ դա էլ չկար և  դա էր խնդիրը, որ մարդիկ չէին կարողանում մեքենա նստել եւ գալ։ Սահմանը փակ մնաց նաեւ պատերազմից հետո։ Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա Սիրիայի պատերազմից հետո Վրաստանն օրենսդրություն մշակեց, որ իր քաղաքացիներին արգելում է մասնակցել օտար երկրներում պատերազմի։ Դա կապված էր նրա հետ, որ Վրաստանում բնակվող չեչենները Սիրիայի պատերազմում շատ ակտիվ ներգրավվածություն են ունեցել, ինչպես նաեւ ադրբեջանցիների շրջանում էլ նկատվում էր ակտիվություն Սիրիայի պատերազմի մասով։ Բայց, ինչպես գիտենք, Ջավախքից եղան կամավորներ, որ մասնակցեցին, ճիշտ է՝ ոչ այդքան շատ Վրաստանի քաղաքացիներ, բայց կային նաեւ քաղաքացիություն ունեցող ջավախահայեր, եւ, բարեբախտաբար, նրանց նկատմամբ  քրեական գործ չի հարուցվել։

- Դուք, այլոց թվում, մշտապես խոսել եք Ջավախքում թուրքական տնտեսական էքսպանսիայի դեմ։ Սակայն վրացիները շատ ցավոտ են արձագանքում, երբ հայերը նման ակնարկներ են անում։ Բայց հիմա Էրդողանը բացեիբաց խոսում է այն մասին, որ Բաթումին թուրքական քաղաք է։ Թուրքերի ախորժակը սկսե՞լ է անհանգստացնել վրացիներին։ 

- Կարող եմ ասել, որ պատերազմի ժամանակ մի փոքր այլ ընկալում կար հայ-ադրբեջանական հակամարտությանը, բայց Հայաստանի պարտությունից հետո Վրաստանում սկսեցին գիտակցել, թե ինչի մեջ է ներքաշվում նաեւ Վրաստանը։ Այսինքն՝ Թուրքիայի մասնակցությունը, որ բացահայտ երեւաց պատերազմի ժամանակ, Վրաստանին ստիպում է հասկանալ։ Համենայնդեպս, վրաց հանրությունը սկսում է կամաց-կամաց գիտակցել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Եվ խաղաղապահների տեղակայումն Արցախում ավելորդ լարվածություն է առաջացրել Վրաստանի համար։ Կարող եմ ասել, որ եթե վրացիները առաջ՝ պատերազմի ժամանակ, ավելի ադրբեջանամետ դիրքորոշում ունեին, պատերազմի ավարտով հասկացան, որ այդքան էլ իրենց շահերից չբխեց պատերազմի նման ավարտը, այն է՝ ՌԴ մասնակցությունը որպես խաղաղապահ առաքելության մաս։ Եվ այս տարածաշրջանային կոմունիկացիաների բացվելը կարծես թե նոր իրականություն ստեղծեց Վրաստանի համար։

- Ի դեպ, կա կարծիք, որ ՌԴ-ն, որը նախկինում դեմ էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հիմա կողմ է՝ հենց Վրաստանին ցավեցնելու համար։ Նաեւ՝ որ Լարսը ՀՀ միակ այլընտրանքը չլինի։

- Ոչ միայն Լարսի պահով ցավեցնելու։ ՌԴ ցանկությունն է՝ Վրաստանին դուրս թողնել կոմունիկացիաներից, Ադրբեջանին էլ փորձել մտցնել ԵԱՏՄ։ Կամաց-կամաց ԵԱՏՄ տանելով՝ Վրաստանը ստիպված է լինելու ինչ-որ առումով մեկուսանալ տարածաշրջանային գործընթացներից եւ ավելի փափուկ դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ՌԴ գործողությունների պլանում դա եւս կա, որ Վրաստանը կամաց-կամաց բերվի դեպի իրենց դաշտ։ Վրաստանում արդեն սա էլ են սկսել գիտակցել։

- Արդյոք սա կստիպի՞ վրացիներին՝ էլ ավելի հեռանալ ադրբեջանամետ դիրքորոշումից եւ առավել ճկուն լինել Լարսի հարցում։ 

- Դեռ շատ ժամանակ չի անցել, եւ Վրաստանի արտգործնախարարությունից, կոպիտ ասած, դեռ սիգնալներ չենք ստացել, որ ինչ-որ հարաբերություններ ու դիրքորոշումներ են փոխվում։ Բայց ես կարծում եմ, որ անպայման փոփոխություններ կլինեն, քանի որ ռուս խաղաղապահների ներկայությունը շատ բան է փոխել։ Ճիշտ է՝ Լարսն էլի կմնա, քանի որ այնտեղից ոչ միայն բեռնատարներ, այլեւ մարդատար մեքենաներ են անցնում, եւ չեմ կարծում, որ առաջիկա 10 տարում հայերն Ադրբեջանի տարածքով կանցնեն մարդատար մեքենաներով։