Հղի կնոջ մեծարում․․․

Հղի կնոջ մեծարում․․․

Վերջին 4 տարում հաճախակի ենք լսում՝ արժեքները ոչնչացվել են, փոշիացվել։ Մե՜ծ – մե՜ծ արժեքների տանուլ տալուց ենք խոսում ու չենք նկատում, որ տանուլ ենք տալիս փոքրերը, տանուլ ենք տալիս ամեն վայրկյան, ամեն քայլափոխի ու անվերադարձ ենք տանուլ տալիս։ Կարևորություն չենք տալիս փոքրերին, ասում ենք՝ դե լավ է, դա ի՜նչ փոքր բան է, որ ուշադրություն ենք դարձնում ու կենտրոնանում դրա վրա։ Մինչև Նիկոլի հայտնվելը շատ վեհ ու արժեքավոր բաներ էին լինում, որ կարևորություն չէինք տալիս ու չէինք պատկերացնում, որ այս թվացյալ ,, անկարևոր բաները,, երկիր, հայրենիք, բանակ էր նշանակում։ Օրինակ՝ շատ հղիներ էին պատմում, որ փողոցում բոլորովին անծանոթ մի մայր կամ ճանաչված հայ մոտեցել է իրեն ու համբուրել փորիկը, ասելով՝ մեր երկիրն իրե՜նք են պահելու։ Նման բաների խորը իմաստը չէինք հասկանում ու չէինք արժևորում։ 2017 թվականի սեպտեմբերին աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մոտ համբուրում է հղի լրագրող Տաթևիկ Մանուկյանի փորիկը։ Նկարը տարածվում է համացանցում։ Մարդիկ գրառումներ են անում հիացած՝ ցնցո՜ղ է, պատմական նկար է, օրհնություն է, միլիոն արժե նկարը, հաճելի է, զգացմունքային է․․․ Ամենաջերմ խոսքերն էին գրում, ու դա մեզ համար սովորական էր դարձել։ Գիտեինք, թե մարդը այդպիսին էլ պետք է լինի, որ արժևորի հղի կնոջը, զինվորին, մորը․․․ Չէինք պատկերացնում, որ անգամ անկարևոր թվացող հարցերը պետական մոտեցման արդյունք են։ Հիմա նման բաները երազ են դարձել։ Զինվորը դարձավ հանուն ոչնչի կռվող մեկը, մայրը դարձավ որդու ոսկորը ստացող էակ, իսկ հղի կինը երկրի առաջին դեմքի ավտոշարասյան զոհը, որը չի պատժվում․․․ Ու այդ ,,փոքր ու անկարևոր թվացող հարցերը,, ձնագնդի պես աճեցին ու կորցրինք ամենամեծը, ամենաթանկը՝ հայրենիքը։ Ու էլի շարունակվում է թվացյալ փոքր, անկարևոր հարցերի արժեզրկում, ու մենք դա կզգանք, երբ բանակ չունենանք ու անպաշտպան կհայտնվենք թշնամու երախում․․․