Եթե քո ռեֆորմը դասարան չի հասնում՝ անիմաստ է

Եթե քո ռեֆորմը դասարան չի հասնում՝ անիմաստ է

Համավարակի այս շրջանում տարբեր ամբիոններից պարբերաբար ահազանգեր են հնչում, թե կրթական համակարգը կոլապսի մեջ է, չկա ռազմավարություն, թե ինչ քայլերով պետք է առաջ գնալ եւ ինչ արդյունք ակնկալել։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, գուցե «կոլապս» ձեւակերպումը մի քիչ ծայրահեղ դիտվի, բայցեւայնպես, համակարգն աշխատում է, ինչ-որ բաներ արվում են․ «Ողջ խնդիրն այն է, որ կրթության համակարգն ունի մի այսպիսի ծուղակ, այն կարող է արտաքուստ աշխատել, տպավորություն լինի, որ երեխաները գնում են դպրոցներ, քոլեջներ, ինչ-որ բաներ են սովորում, բայց իրականում համակարգը կարող է խաբել եւ լիարժեք չգործել։ Այսինքն՝ ամբողջ խնդիրն այն է, որ մեր կրթության համակարգն ունի որոշակի իներցիա, որը սովետական տարիներից այդպես գալիս է, եւ, ցավոք, այս տարիների ընթացքում այդ իներցիոն պրոցեսները չկարողացանք կանգնեցնել եւ կրթական համակարգը դնել ծրագրային, ռազմավարական ռելսերի վրա։ Հիմա ինչն է լավ Հայաստանում, որ բազմաթիվ հնարավորություններ կան, եթե ուզում ես սովորել, կան կրթական պրոցեսներ, լավ դպրոցներ, լավ ուսուցիչներ, լավ տնօրեններ, բայց համակարգ չկա»։  

Կորոնավիրուսի հետ կապված, եւս մեկ անգամ ընդգծվեցին կրթական համակարգի խնդիրները, քանի որ բոլորը, այդ թվում՝ նախարարը, բարձրաձայնեցին այդ խնդիրների մասին՝ ասելով, որ մեր անկիրթ լինելու արդյունքում է այս իրավիճակը։ «Գալիս են իրավիճակներ, երբ դու տեսնում ես, թե կրթական համակարգի ճգնաժամն ինչպես կարող է քեզ խանգարել շատ հարցերում։ Եվ եթե անգամ քո երկրում ունես 10-20 տոկոս գերկիրթ զանգված՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորած, միեւնույն է, դա քեզ չի օգնում, եթե քո հասարակության այդ կրիտիկական զանգվածը չունի կրթական բավարար մակարդակ, իսկ չունի, որովհետեւ համակարգ չկա»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու ցավով արձանագրում, որ մենք կրթությանը մի տեսակ անլուրջ ենք վերաբերվում։

«Մի նայեք, թե տեսականորեն մարդիկ ինչ են ասում, որ՝ կրթությունն է որոշում տնտեսության ապագան, կրթությունն ազգի ողնաշարն է եւ այլն․ այսպիսի հերթապահ արտահայտություններ շատ կան։ Մինչդեռ, երբ նայում ենք ավելի գործնական քայլերի տեսանկյունից, տեսնում ենք, որ կրթությունն առանձնապես լուրջ չի համարվում։ Մենք այսօր շատ լուրջ խնդիր ունենք, ողջ համակարգում, հատկապես դպրոցական ոլորտում, 90-95 տոկոսով միայն կանայք են աշխատում։ Այսինքն՝ դպրոցական համակարգը կամաց-կամաց դառնում է մանկապարտեզի նման։ Մենք, ավանդաբար, ունեցել ենք այն պատկերը, որ մանկապարտեզի ոլորտում 90 տոկոսը կանայք են, հիմա արդեն դպրոցում էլ է այդպես դառնում, եւ եթե հանենք ռազմագիտության, ֆիզկուլտուրայի, շախմատի ուսուցիչներին, կտեսնենք, որ համակարգի 90 տոկոսից ավելին կանայք են, իսկ դա եւս իր ազդեցությունն է ունենում, որովհետեւ համակարգին պետք են նաեւ տղամարդկանց ներկայությունը, աշխատանքը։ Ու հետաքրքիր է, որ այս պրոցեսները գնում են, բայց մենք չենք կարողանում սրանց դեմն առնել՝ շատ լավ իմանալով այս վիճակագրությունը։ Ավելին՝ ոչինչ չենք անում սրա դեմն առնելու համար եւ թողնում ենք, որ պրոցեսն իներցիայով գնա»։

Կրթական համակարգում առկա մեկ այլ խնդիր՝ դիմորդների անհամաչափ բաշխվածությունը մասնագիտությունների վրա․ «Դիմորդների մեջ տեսնում ենք, որ, օրինակ, ֆիզիկայի եւ քիմիայի ուղղությամբ բուհեր դիմում են 1 կամ 2 հոգի։ Այն էլ դեռ դիմորդ են, ու եթե այդ մի հոգին չընդունվի համալսարան, ոչ մեկը չի դառնալու ֆիզիկայի կամ քիմիայի ուսուցիչ, եւ 3-4 տարի հետո մարդ չի լինելու, որ գնա դպրոց եւ դասավանդի։ Անցած, նախանցած տարի էլ այս խնդիրը կար, հիմա հարց՝ մենք 2-3 տարում ի՞նչ ծրագիր ենք մշակել, որպեսզի մարդիկ ուզենան գնալ եւ դառնալ ֆիզիկայի ուսուցիչ։ Եթե մենք սա հիմա չանենք, հետո ունենալու ենք ավելի վատ վիճակ։ Մեծ թվով դպրոցներ արդեն հայտարարել են, որ իրենք ուսուցիչներ չունեն, եւ եթե այս խնդիրը մենք այսօր ունենք գյուղական դպրոցներում, 2-3 տարի հետո Երեւանի դպրոցներում ենք ունենալու այդ նույն խնդիրը»։

Փորձագետի գնահատմամբ, նախարարությունը բազմաթիվ գիտական ծրագրեր է ֆինանսավորում, բայց չի ֆինանսավորում մի ծրագիր կամ հաստատություն, որը պետք է հետազոտի, թե Հայաստանի կրթության ոլորտում ինչ է կատարվում։ «Իհարկե, պետք է գիտության տարբեր ճյուղեր ֆինանսավորվեն, բայց որպես պետություն՝ չե՞ս ուզում մի հատ էլ կրթության ոլորտի հետազոտությունների վրա ներդրում անել։ Ոչ թե միջազգային ՀԿ-ներին, կազմակերպություններին խնդրես, այլ դու ունենաս ներքին, հետազոտական մարդկային ռեսուրս, որն այսօր գուցե ունենք, բայց շատ ցրված է, մինչդեռ պետք է մոբիլիզացնել եւ այդ միտումներն ուսումնասիրել։ Իսկ միտումները կան եւ շարունակվում են՝ տղամարդկանց թիվը պակասում է կրթության ոլորտում, մարդիկ էլ չեն ուզում ուսուցիչ դառնալ, սովորելու մոտիվացիան նվազում է։ Սրանք միտումներ են, որոնց դեմը պետք է առնես, որովհետեւ, եթե ինքնահոսի թողնես, այս ամեն ինչը կոմերցիոնալացվելու է, եւ վերջում ունենալու ես մի վիճակ, որ գուցե ուղղակի իմաստով լինի կոլապս»։

Եթե այլ ոլորտներում ձախողումները միանգամից են երեւում, ապա կրթության ոլորտում սխալներն առաջին հայացքից չեն երեւում՝ նկատում է Խաչատրյանը․ «Դրա համար եմ ասում, որ պետք է հետազոտական ներուժ ունենաս, որովհետեւ այդ խնդիրները հռչակագրային խնդիրներ չեն, դու պետք է խորանաս եւ դրանց խորքային պատճառները գտնես, թե, օրինակ, ինչու մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, գուցե պատճառը միայն աշխատավարձը չէ, եւ այլ պատճառներ էլ կան։ Ինչո՞ւ հատկապես բնագիտական առարկայի ուսուցիչ չեն ուզում դառնալ։ Պատմության ուսուցիչ գուցե մի 20 հոգի ուզում է դառնալ, բայց ինչո՞ւ ո՛չ ֆիզիկայի, քիմիայի կամ ինֆորմատիկայի։ ՏՏ երկիր ենք, բայց ինֆորմատիկայի ուսուցիչ ոչ ոք չի ուզում դառնալ»։

Ս․ Խաչատրյանը նկատում է, որ Հայաստանի կրթության ոլորտի գրեթե բոլոր ռազմավարությունները, օրենքները մշակվում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ «Ես դեմ չեմ այդ աջակցությանը, բայց խնդիր եմ տեսնում, որ ինչու պետությունն իր ռազմավարական փաստաթղթերը պետական բյուջեով, ներքին ռեսուրսով չի անում։ Մենք սպասում ենք, որ միջազգային կազմակերպությունների ծրագրերով պետք է բարեփոխենք մեր կրթական համակարգը։ Թող միջազգային կազմակերպությունները ոլորտային կոնկրետ ծրագրերն անեն, բայց երբ դու միջազգային կազմակերպությանը խնդրում ես, որ քեզ փող տա, որ ռազմավարություն մշակես քո երկրի կրթության համար, ես դա չեմ հասկանում, որովհետեւ բյուջեում դու հաստատ այդ փողն ունես։ Կրթական քաղաքականությունը սիրուն բառերն ու բառակապակցությունները չեն, այլ երբ դու այդ բառերն այնքան ես կոնկրետացնում, որ իրենք դառնում են ճանապարհային քարտեզ, ուղեցույց, որ կապվում են դպրոցի, ուսուցչի հետ։ Կրթության ոլորտը դարձել է տայգայի պես մի բան՝ վերեւներում քամիներ են, այսինքն՝ իշխանության մեջ խոսում են կրթական ռեֆորմների մասին, բայց ներքեւներում ոչ մի բան չի կատարվում, եւ քամին վերեւից չի իջնում ներքեւ, որ փոփոխությունները տեղ հասնեն։ Եվ միակ բանը, որ տեղի է ունենում, վերեւից ինչ-որ «կաղիններ» են ընկնում, եւ պարզվում է, որ ինչ-որ մեկը ձերբակալված է կամ խախտումներ է արել։ Այսինքն՝ մենք չկարողացանք փոփոխությունների ալիքը հասցնել դպրոց, որովհետեւ եթե քո ռեֆորմը դասարան չի հասնում, անիմաստ է»։