Հենց եկա, անմիջապես մեկնելու եմ առաջնագիծ

Հենց եկա, անմիջապես մեկնելու եմ առաջնագիծ

Մինչ գործող իշխանության սազանդարներն ԱԺ ամբիոնից ճռճռան տեքստեր են ասում հայրենասիրության ու թշնամուն հաղթելու մասին, նախկին իշխանության ներկայացուցիչները, չունենալով որեւէ կարգավիճակ, իրենց կապերով կռիվ են տալիս դիվանագիտական ճակատում։ Իհարկե, մեր դիվանագիտական կորպուսն էլ է աշխատում, ձեռքերը ծալած չի նստում, բնականաբար, եւ այդպես էլ պետք է լիներ։ Բայց, ի տարբերություն գործող պատգամավորների՝ նախկին պատգամավորները, կարծես թե, ավելի ակտիվ են պայքարում դիվանագիտական ճակատում։

Մասնավորապես, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանը, Գեւորգ Կոստանյանը, այս օրերին բանեցնելով իրենց ունեցած կապերը ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդում եւ այլուր, փորձում են Հայաստանի համար նպաստավոր իրադրություն ստեղծել միջազգային կառույցներում՝ նրանց ներկայացնելով Ադրբեջանի մարդատյաց, ագրեսիվ ու հումանիտար բոլոր կանոնները խախտող պահվածքի վերաբերյալ փաստեր ու հիմնավորումներ։
Իսկ Գեւորգ Կոստանյանը, որը նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն էր նախկինում, գտնվելով Մոսկվայում եւ հետախուզման մեջ՝ երեկ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի եւ ՄԻԵԴ իր գործընկերների հետ։ Նպատակը մեկն է՝ փորձել իր կապերով նպաստել, որպեսզի ՄԻԵԴ-ում ունենանք ի նպաստ Հայաստանի որոշում, երբ կքննվի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած «հայցի ապահովման միջոց կիրառելու» հարցը՝ կրակի դադարեցման համար։

«Ես արդեն հանդիպել եմ, նյութերը փոխանցել եմ, նորից պետք է հանդիպեմ, նպատակը հետեւյալն է․ քանի որ Եվրոպական դատարանում քննարկվելու է Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու հարցը, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները հատկապես քաղաքացիական բնակչության նկատմամբ, ես հիմա հեռահար կարգով աշխատում եմ Եվրոպական դատարանի իմ գործընկերների հետ, եւ միաժամանակ հենց իրենց առաջարկությամբ ԵԽ՝ Ռուսաստանում գտնվող ներկայացուցիչների հետ եւ իրավական տեսանկյունից քննարկում ենք, որ այդ հայցի ապահովման միջոցը շատ արագ եւ հօգուտ մեզ լուծում ստանա»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

Հարցին՝ մեր կառավարությունը տեղյա՞կ է, որ ինքը Մոսկվայում նման գործունեությամբ է զբաղված, Կոստանյանն ասաց․ «Ես բացարձակ կառավարության հետ որեւէ առնչություն չունեմ, եւ դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ ես էլ իմ տրամադրության տակ եղած բոլոր նյութերը տրամադրում եմ, հիմնավորում եմ, որ Ադրբեջանի գործողություններն ագրեսիվ եւ պատերազմական հանցագործության բովանդակություն են կրում իրենց մեջ։ Եվ անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում, ընդ որում՝ երկկողմանի ապահովելու տեսակետից, կիրառել հայցի ապահովման միջոցը հետագայում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական հայցի հիմքերն ապահովելու տեսակետից»։
Կոստանյանը, ի դեպ, երկու օր առաջ դիմել էր ՀՀ դատախազությանը՝ խնդրելով իր վրայից հանել հետախուզումը, որպեսզի կարողանա հատել Ռուսաստանի սահմանն ու վերադառնալ Հայաստան եւ պիտանի լինել հայրենիքին։

Նա այս հարցով մեզ ասաց․ «Ես ոչ թե քաղաքական հայտարարություն եմ արել, որ դադարեցրեք՝ գալիս եմ, չէ, թող չդադարեցնեն, խնդիր չունեմ, թող միայն հետախուզումը հանեն, որ ես կարողանամ Հայաստանի սահման մտնել։ Հետո, երբ ռազմական գործողություններն ավարտվեն, էդ քրեական գործով ինչ ուզում են, թող անեն, դա ինձ համար էս պահին զրո նշանակություն ունի»։ Հիմա գնդակը Գլխավոր դատախազության դաշտում է, որը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել՝ բավարարե՞լ Կոստանյանի խնդրանքը, թե՞ ոչ։

Իսկ ի՞նչ է անելու, Հայաստան վերադառնալու դեպքում, մեկնելու է առաջնագի՞ծ։ «Նախ, այս ամեն ինչով, ինչով որ ես էստեղից եմ անում, էդտեղից ավելի արդյունավետ կարող եմ անել։ Եվ երկրորդը․ հենց եկա, անմիջապես մեկնելու եմ առաջնագիծ։ Անմիջապես, դա չի քննարկվում»։