Սերբիայում ցուցարարների ճնշման ներքո չեղարկվեցին արտակարգ դրության երկարաձգումն ու պարետային ժամը

Սերբիայում ցուցարարների ճնշման ներքո չեղարկվեցին արտակարգ դրության երկարաձգումն ու պարետային ժամը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայրաքաղաք Բելգրադում բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հայտարարել է, որ հակահամաճարակային սահմանափակումները չեն խստացվի` արտակարգ դրությունը չի երկարաձգվի, պարետային ժամ չի սահմանվի։ Այս մասին հաղորդում է РБК-ն։Սերբիայի մայրաքաղաքում նախորդ օրերին շարունակվում էին ոստիկանության հետ ցուցարարների բախումները, որոնք ուղղված են երկրում արտակարգ դրությունը նորից երկարաձգելու դեմ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգություններ հրահրելու մեջ մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայություններին և չեղարկել է ՌԴ դեսպանի հետ նշանակված հանդիպումը։ Սերբ քաղաքական գործիչն ու դեպքերի ականատեսն ասում է, որ փողոց են դուրս եկել ամենատարբեր՝ այդ թվում՝ լիբերալ և եվրոպամետ հայացքներ ունեցող մարդիկ։

«Հանրահավաքը շատ լավ կազմակերպված էր, և սա հետևանքն էր նրա, որ  մեր անվտանգության մարմինները տապալել են իրենց աշխատանքը։Նրանք շատ ուշ նկատեցին հանրահավաքի վրա օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցությունը»,-հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը։

Վերջինս հայտարարել է, որ  այդ քայլին ցանկանում է գնալ երկրում կորոնավիրուսով հիվանդների ավելացման պատճառով։ Այդուհանդերձ,  բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին նաև համավարակի հետ առնչություն չունեցող կարգախոսներ, այս թվում՝ Սերբիայից պոկված Կոսովոյի թեմայով։  Հիշեցնենք, որ նախօրեին նրանք կարճ ժամանակով գրավեցին երկրի խորհրդարանը։

Իսկ դրանից առաջ օրենսդիր մարմնի դիմացի հրապարակում հավաքվել էին Վուչիչի այն հայտարարությունից հետո, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում կմտցվի պարետային ժամ, որը կսկսի գործել առաջիկա շաբաթ-կիրակի օրերին։ Ոստիկանության հաղորդած տվյալներով՝  բողոքի ակցիային մասնակցել էր շուրջ 5000 մարդ, որոնցից փոքր մի խումբ՝ 100-200 մարդ իրեն սկսել էր ագրեսիվ  պահել և ոստիկանության հետ գնացել բախումների։

Ոստիկաննները կիրառել էին արցունքաբեր գազ և ռետինե մահակներ, իսկ ցուցարարները ոստիկանական մեքենաների ուղղությամբ  շպրտել էին  քարեր։ Բախումների ժամանակ տուժել էր առնվազն 60 մարդ, որոնցից 43-ը ոստիկաններից, այրվել էր 5 ոստիկանական մեքենա, վիրավորվել 3 ոստիկանական ձի, իսկ 23 մարդ բերման էր ենթարկվել։