Գազի գին. լավ առիթ հակառուսական հիստերիայի համար

Գազի գին. լավ առիթ հակառուսական հիստերիայի համար

Հայաստանում բարգավաճող օտարերկրյա գործակալական ցանցի եւ իշխանության վերին էշելոններ ներթափանցած սորոսական հանրույթի համար ակտիվանալու լավ առիթ կա: «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է գազը թանկացնելու մասին: Առաջարկվող նոր գինը՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ գազի դիմաց, մոտ 40 տոկոսով բարձր է, ինչը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայաստանյան սպառողին: Եվ այս հանգամանքը, պատկերացրեք, ոչ այնքան հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման ու բարելավման կողմնակիցների խնդիրն է դարձել, որքան նրանց, որոնց ավելի շատ պետք է այդ հարաբերությունների վատթարացումը:

Իրավիճակը սովորականներից չէ: Առաջին վատացողներից է Արման Բաբաջանյանը, որի մասին ընդունված է ասել՝ «два в одном», այսինքն` թե՛ շպիոն Օնո, թե՛ սորոսական հիմնադրամների օգտատեր: Ի դեպ, Արման Բաբաջանյանին քիչ էր մնացել ինֆարկտ խփեր, երբ ԱԺ-ում մի կարճ ժամանակով տապալվեց քաղաքացիների տեղորոշման մասին խայտառակ նախագիծը, որին ինքը կողմ էր քվեարկել: Նրան փրկեց Նիկոլ Փաշինյանը, որին հաջողվեց իմքայլականների վզից բռնած՝ բերել խորհրդարան եւ ըստ էության, վերաքվեարկությամբ ընդունել տալ այդ նախագիծը: Այժմ դա կարելի է անվանել Արմանի օրենք, քանզի գործ տալու եւ մատնության հրաշալի գործիք է դառնալու ոմանց:

Գանք գազի գնին: Ռուսաստանն այդ ի՞նչ ռազմավարական գործընկեր է, որ մեր գազը թանկացնում է: Ռուսաստանը պարտավոր է, հաշվի առնելով կորոնավիրուսը, էժանացնել Հայաստանին մատակարարվող գազը, ո՞վ են դրանք, որ մի բան էլ չեն ուզում բանակցել գազի գնի նվազեցման շուրջ: Բա մենք ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ լինենք, ու ու մեզ ասեն՝ «нет?»: Ահա այսպիսի ղալմաղալ է արել Արման Բաբաջանյանը մի ինքնահարցազրույցում, որ հրապարակվել է իր կայքում: Ասել է թե՝ խոսելու տեղ չի թողել, այսպես կոչված, ռուսամետներին, որոնք, թվում է, ավելի հիմնավոր պատճառներ պետք է ունենային Ռուսաստանին հանդիմանելու համար:

Ես, իհարկե, դեմ եմ, որ ՀՀ իշխանությունները լռելյայն ընդունեն գազի նոր թանկացումը, բայց որքան էլ առաջ եմ մղում լավատեսությունս, չեմ կարողանում մտաբերել որեւէ փաստարկ, որ մեր գործող կառավարությունը կարողանա դեմ տալ ռուսական կողմին ու պահանջել՝ գազի գինն իջեցնել կամ, ավելի ստույգ՝ չբարձրացնել: Ես արդեն տեսնում եմ, որ Փաշինյանը ՌԴ վարչապետից վերեւ զանգեր չի կարղանում կատարել, Լուկաշենկոյի հետ են դարդերն իրար տալիս, ես տեսնում եմ, որ Ռուսաստանի հետ մեր արտաքին հարաբերությունները, մեղմ ասած, ռոմանսներ են երգում: Երեւում է՝ ռուսները ո՛չ ՀԱՊԿ-ի խայտառակությունն են մոռացել, ո՛չ Պուտինի ընկերոջ նվաստացուցիչ կալանավորումը եւ ո՛չ էլ նույնիսկ Ռուսաստանին հայաստանյան նոր իրողություններին ադապտացնելու Փաշինյանի հայտարարությունները: Իսկ ռուսական երկաթուղու վրա կատարված հարձակումնե՞րը, իսկ կենդանի Թրամփի հայացքին արժանանալու նպատակով ամերիկյան թանկ ա՞յցը: Բոլթո՞նն էր ձեզ ասում՝ ինչ անել, դե թող Բալթոնն էլ ձեզ էժան գազ տա: Համադրելով այս ամենը՝ պարզապես չես կարողանում պատկերացնել, թե ինչ է հակադրելու Հայաստանը, որ ռուս-թուրքական նորաձեւ հարաբերությունների արդյունքում կորցրել է ինչ-որ բանի ֆակտոր լինելու բոլոր հնարավորությունները:

Բաբաջանյանը ռուսներին հաթաթա է տալիս՝ սպասեք մի էս կորոնավիրուսը վերջանա, տեսեք, թե ինչ ենք անելու: Վերանայելու ենք ռուս-հայկական բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը: Յա՜ա՜ա՜… Բայց մինչեւ կորոնավիրուսի ավարտը կձգե՞ք, որ մի հատ էլ պայմանագիր վերանայեք: Կորոնավիրուսի հեռանալու հետ կթռնի նաեւ այս իշխանությունը, որ անճարակ էր ի սկզբանե ու անճարակ մնաց մինչեւ վերջ: Թե բա՝ գիտեմ, որ դժվար է, բայց Իրանից կբերենք գազը: Լո՞ւրջ, Սորոսն ու արեւմտյան տերերդ կթողնե՞ն Իրանից գազ բերել: Ես ինչ-որ կասկածում եմ Թրամփի իրանամետ լինելուն:

Է՜, ժողովուրդ ջան, 80 տոկոս քվե ես տվել այս մարդկանց ու մնացածին գցել կրակի մեջ: Ամեն քայլափոխի դա են մտցնում խելացի մարդկանց աչքը, մեծի խոսք չեն հասկանում, ինքնահավան սիրամարգերի պես լցվել են մարգերն ու քջջում են ինչպես պատահի: Ո՞վ բանակցի Ռուսաստանի հետ: Դա պետք է անի վարչապետը, բայց դրա համար նախ պետք է Մոսկվա գնալ: Էրդողանը հենց այդպես էլ անում է, որտեղ Պուտինին բռնացնում է, գին է գցում: Մենք չկա՞նք այդքան, որ սորոսական Արման Բաբաջանյան ենք առաջ տվել:

Ես Փաշինյանին ավելի գործնական բան եմ առաջարկում: Գազի նոր գնից պետք չէ հուզվել: Կարելի է կորոնավիրուսի այս օրերին շրջել սուպերմարկետներով ու տեսնել, թե ինչ են անում կառավարության սրտի օլիգարխները: Նրանք այս օրերին գերշահույթ են ստանում՝ թանկացնելով ամեն ինչ: Փռեք նրանց ասֆալտին եւ ստիպեք կոմպենսացնել ՀՀ անվճարունակ քաղաքացիների ուսերին ծանրացող այս նոր բեռը: Այլ ճանապարհ պետությունը չունի, երբ բյուջեն դատարկ է, իսկ տնտեսությունը՝ կաթվածահար: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ ընդունել ձախողումն ու ներողություն խնդրել հպարտ քաղաքացիներից: Գուցե տխուր է, բայց դա ավելի ազնիվ է, քան անիմաստ համառությամբ երկիրն անդունդ տանելը: