Նպատակը պետք է ծառայի իր նպատակին

Նպատակը պետք է ծառայի իր նպատակին

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Քրիստոսի արձանը կանգնեցնելու մտադրության մասին, ունեցավ իրապես աննախադեպ արձագանք, որը, կարծում ենք, պայմանավորված է այսօրվա սոցիալական խնդիրներով եւ դրանց հետ կապված հոգեվիճակով, ինչպես նաեւ հայ եկեղեցական ավանդույթին անհարիր, անգամ հակասող լինելով:

Սոցիալական վիճակի եւ մեր երկրի պաշտպանունակության հետ կապված հարցադրումները, թե լավ կլիներ այդ միջոցները հատկացնել տարբեր բարեսիրական ծրագրերի իրականացմանը եւ առաջնագծի ամրացմանը, որքան էլ որ ճիշտ են, սակայն հիմնավոր չեն, որովհետեւ հարցը վերաբերում է ոչ թե ՀՀ պետական բյուջեին, այլ առանձին անհատի եւ գործչի միջոցներին, որոնք տնօրինողը տվյալ անձնավորությունն է: Ասվածն առավել քան վերաբերում է պարոն Ծառուկյանին, ով հայտնի է իր իրականացրած մեծածավալ բարեգործություններով, որոնք մի շարք դեպքերում գրեթե համապետական ընդգրկում են ունեցել:

Կարծում ենք՝ այս հարցին հարկավոր է նայել այլ տեսանկյունից: Հիշյալ արձանն ո՞վ է կանգնեցնում: Անհատ բարերար եւ, ինչպես այժմ են ասում՝ առանց դավանանքի քրիստոնյա աշխարհաքաղաքացի՞ն, թե՞ հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու զավակ իրեն համարողը:

Առաջին դեպքում ծրագրի հեղինակին հարկավոր է պարզապես քաղաքաշինական թույլտվություն` այն հանգամանքի հաշվառմամբ, թե որտեղ է թույլատրելի նման բարձրության շինության կանգնեցումը, որը տարաբնույթ զգացումներ արթնացնելով՝ տեսանելի կլինի բավականին մեծ շառավիղ ընդգրկող տարածությունից:

Նման արձան կանգնեցնելու իրավունք չունի, սակայն, հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու զավակն իրեն համարողը, քանի որ այդպիսի արձանն անհարիր է հայ եկեղեցական ավանդույթին եւ թե միաժամանակ Հայաստանի Հանրապետության ընդհանուր աշխարհագրական միջավայրին, հետեւյալ պատճառներով։
Առաջին․ Քրիստոսի, Տիրամոր եւ տարբեր սրբերի բարձրահայաց արձանները հիմնականում կանգնեցվել են ծովեզերյա վայրերում, որպես Ալեքսանդրիայի փարոսի հոգեւոր համարժեքներ՝ հետեւյալ զուգահեռով.

Ալեքսանդրիայի փարոսի լույսը նավերին առաջնորդել է նավահանգիստ, իսկ քրիստոնեության շրջանի արձաններն իրենց հոգեւոր լույսի պահապան զորությունն են ճառագել՝ նավերի անվտանգ տեղ հասնելու համար:

Նավահանգստային կենտրոններում նման արձանների տեղադրումը հիմնված է եղել քրիստոնեական խորհրդաբանության վրա, որ աշխարհը մեղքերի ալեծուփ ծով է, եկեղեցին՝ նավ, եւ Քրիստոս՝ բարի նավապետ, ով մարդկանց առաջնորդում է փրկության եւ խաղաղության նավահանգիստ: Հայաստանի Հանրապետությում չկա որեւէ վայր, ուր իմաստալից կլինի նման արձանի կանգնեցումը:

Երկրորդ․ հայ եկեղեցական արվեստում չկա արձանային ավանդույթ: Քրիստոնեության առաջին դարերում եղել են մի քանի մետր բարձրություն ունեցող հուշաքարեր եւ խաչքարեր՝ իրենց պատվանդաններուվ, բայց ոչ երբեք արձաններ:

Երրորդ․ Քրիստոսի՝ եկեղեցական ավանդույթի վրա հիմնված այժմյան կանոնացված պատկերագրություն չկա, ուստի համահայկական հուշարձանի ընդգրկման հավակնություն ունեցող նման արձան չի կարող կանգնեցվել:

Չորրորդ․ երբ ետադարձ հայացք ենք նետում պատմությանը, տեսնում ենք, որ նշանավոր եկեղեցիները, շինությունները, հուշարձանները, հաղթակամարները եւ մոնումենտալ արվեստի տարբեր գործեր կատարվել են որեւէ հիշարժան եւ մեծ հոբելյանների, նշանավոր իրադարձությունների կամ հաղթանակների դեպքում, եւ այդ մասին արձանագրվել է տվյալ կոթողի վրա: Արդյոք ի՞նչ է արձանագրվելու այս արձանի պատվանդանի վրա, ի նշանավորումն ինչի՞ է այն կառուցվել:

Պարոն Ծառուկյանը եթե ցանկանում է շարունակել իր մեծածավալ բարեգործությունները, ապա իր կողմից հատկացվելիք միջոցների համար կառաջարկեինք մի քանի տարբերակ. առաջին․ նույն խորհրդանշական 33 թվով իրականացնել բարեգործության այդքան ծրագրեր:
Երկրորդ․ հնարավորության դեպքում կառուցել 33 հարկանի բնակելի շենք եւ բնակարաններ նվիրել կամ մատչելի գնով վաճառել սոցիալապես անապահով խավերի մարդկանց:

Երրորդ․ հիմնել սոցիալական ուղղվածություն ունեցող որեւէ նշանակալից հաստատություն:
Կարելի է էլի տարբերակներ նշել, որոնցով Գ. Ծառուկյանը կարող է մի նոր փառավոր էջ գրել իր բարեգործությունների շարքում: Մենք կցանկանայինք, իր մտադրությունների հետ կապված, անել հետեւյալ առաջարկը:

Հայոց աշխարհն ունի Քրիստոսի հետ կապված հավաքական մի խորհրդանիշ՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Համաձայն հայ եկեղեցական ավանդության, Աստծո Միածին Որդին իջավ եւ ոսկե մուրճով հարվածեց այն տեղում, ուր լուսեղեն գծագրմամբ բարձրացավ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, եւ ըստ այդ տեսիլի՝ կառուցվեց Հայոց եկեղեցիների Մայր եկեղեցին:

Հայ եւ համաշխարհային արվեստի մեծարժեք գործերում Սուրբ Էջմիածինը պատկերվում է հետեւյալ ձեւով: Ոսկե մուրճը պարզած՝ վերեւից վայր է իջնում Աստծո Միածին Որդին, իսկ ներքեւում հարվածից վեր խոյացող տաճարն է, որին ապշահար նայում է Գրիգոր Լուսավորիչը: 
Գագիկ Ծառուկյանին, ուստի, կառաջարկեինք որպես իր ծրագրի իրականացում հատկացվելիք միջոցները տրամադրել Քրիստոսի էջքի վայրում կանգուն, դարերի արհավիրքները հաղթահարած եւ այսօր նորոգության ընթացքում գտնվող Մայր Տաճարի վերանորոգմանը:
Տաճար, որը գլխավոր վավերական արտահայտությունն է հայ ժողովրդի՝ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունելու:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր