Ուսանողությունը վտանգված է զգում․ Վահան Մելիքյան

Ուսանողությունը վտանգված է զգում․ Վահան Մելիքյան

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մելիքյանին հարցրինք, թե ինչ է կարծում գիտությունը համալսարաններ տեղափոխելու ծրագրի մասին։ 

«Ես Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող եմ, և մեխանիզմներն ընդհանրապես պարզ չեն։ Այսինքն՝ եթե գիտությունը գա բուհ, ես ինչպե՞ս պետք է շարունակեմ իմ գիտական հետազոտությունը։ Գիտության պետական կոմիտեն մրցույթ է հայտարարում, թեմաներ են ընտրվում և ֆինանսավորվում են, բայց կայուն աշխատավարձ, պարզ է, որ չի լինի և բազմաթիվ գիտնականներ ու գիտաշխատողներ ուղղակի կզրկվեն աշխատանքից»։ 

Ի վերջո, ո՞րն է կրթական ոլորտում այս փոփոխությունների նպատակը, ինչո՞ւ են կրճատվում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները՝ հարցրինք Մելիքյանին:

«Չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն մարդկային սուբյեկտիվ գնահատական տալ։ Երևի կրթական համակարգում թույլ օղակը մենք ենք, և այդ բարեփոխումները սկսում են մեզնից՝ պատմություն, լեզու, գրականություն։ Միաժամանակ համաձայն չեմ, քանի որ երկրի գաղափարական ողնաշարը հենց այս բնագավառների գիտությունների վրա է դրված։ Հայտնի է, որ բուհերում կրթական համակարգն իր ուսերին տանում է 35-ից 50-60 տարեկան այն սերունդը, որն իր բազմաթիվ բացթողումներով ու թերություններով` կայացած սերունդ է և շարունակում է կրթության գործը։ Հիմա այս որոշումն ընդունելուց հետո ինչպիսի՞ սերունդ պիտի գա, որ շարունակի թեկուզ դպրոցում դասավանդել, ես զգում եմ, որ այդ խնդիրն ամբողջովին վտանգվում է։ Ի վերջո, կարելի է նաև ուսանողության կարծիքը լսել, ուզո՞ւմ են իրենք այդ առարկաներն անցնել, ի՞նչ խորությամբ, ի՞նչ ծավալներով։ Ես ներքին հարցումներ անում եմ, և ինձ պատասխանում են․ չասեմ, որ ոգևորված պահանջում են, բայց, ինչպես ժամանակին քրիստոնեության ընդունման-չընդունման, Ավարայրի ճակատամարտի խնդիրն էր դրվում, այս պարագայում ուսանողությունը վտանգված է զգում, իրենք են ասում ՝ ինչպե՞ս կարելի է Հայոց լեզուն ու հայոց պատմությունը հանել»։

Բայց չկա՞ դասաժամերի խնդիր՝ մասնագիտական առարկաների դասավանդման առումով:

«Խորհրդային բուհերում, այդ թվում և` Բժշկական համալսարանում, երբ 1-ին տեղը կար 4-5 հումանիտար և հասարակագիտական ամբիոն՝ փիլիսոփայության, ՍՄԿԿ պատմության, գիտական կոմունիզմի, երբեմն՝ աթեիզմի և այլն, այդ ծավալներննուսանողությունն ինչպե՞ս էր օգտագործում, և առողջապահության ոլորտի լավագույն կադրերը, որ այսօր ունենք, այդ ժամանակում ստեղծված կադրերն են, չէ՞։ Մեր հիվանդանոցներում ու առողջապահական կազմակերպություններում հիմնականում ովքե՞ր են աշխատում։ Այսինքն՝ դասաժամերի խնդիր չկար։ Միաժամանակ հասկանալի է, որ բոլոնյան ծրագրով որոշումներ կան, որ բակալավրիատը պետք է տևի 3 տարի` 4-ի փոխարեն, դրա համար առաջանում է առարկաների ծավալների խնդիրը, որը կարելի է ինչ-որ կերպ լուծել, բայց ոչ արմատականորեն կրճատելով կամ վերացնելով»,- ասաց Մելիքյանը։