Հուսով ենք՝ դատախազությունն ու ԱԱԾ-ն կարող կլինեն դադարեցնել քաղաքական հետապնդումը․ Աշոտ Մինասյանի պաշտպան

Հուսով ենք՝ դատախազությունն ու ԱԱԾ-ն կարող կլինեն դադարեցնել քաղաքական հետապնդումը․ Աշոտ Մինասյանի պաշտպան

«Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով, ըստ էության, դեռեւս զարգացումներ չկան։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք՝ Աշոտ Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ և 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։ 

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ կուսակցության անդամ Աշոտ Ավագյանը։ ԱԱԾ-ն դատարան էր ներկայացրել նաև վերջիններիս կալանավորելու միջնորդություններ, որոնք նույնպես մերժվել էին։

Պաշպանը նաեւ նշեց․ «Հուսով ենք՝ դատախազությունը և ԱԱԾ-ն կարող կլինեն, չնայած դրսևորած ծայրահեղ վճռականության Մինասյանին կալանավորման հարցում, դադարեցնել քաղաքական հետապնդումը»։

Նրանք դեռեւս ձերբակալման իրավաչափության մերժման որոշումը դատարանից չեն ստացել, այն ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, այն կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարան․ «Քանի որ իրական հիմքը մերժման եղել է Գևորգ Բաղդասարյանի (գործով դատախազ) ծառայողական մուտքից նիստի ընթացքում դահլիճ մտնելը, շատ հավանական է, որ բողոքարկեմ»։