Այս գործը 10 զոհերի մասին չէ. Քոչարյանի պաշտպան

Այս գործը 10 զոհերի մասին չէ. Քոչարյանի պաշտպան

Կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, «մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս մասին այսօր  «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի գործը շարունակվում է քննվել տարբեր դրվագներով, իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը ընդհանրապես 10 զոհերի եւ վիրավորների մասին չէ. «Այս գործով, ըստ էության, մենք տեսնում ենք երկու գործողություն. 2008-ի փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը եւ մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիրը: Մնացածը, ինչ ասում են, օրինակ, զորքեր օգտագործել, չօգտագործել, դրանք կատեգորիաներ են, որտեղ չի ասվում, թե ինչ է արել պարոն Քոչարյանը: «Զորքեր օգտագործելը» գործողություն չի, պետք է ասել՝ հրամայել է տեղակայել այստեղ: Չկա նման որեւէ ձեւակերպում:

Այս գործը 10 զոհերի մասին չէ, զոհերն ու վիրավորների մասին չի այս գործը, նաեւ սա կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»։

Ըստ Օրբելյանի՝ փորձ է արվում ասել, որ այսօր գործող 300.1 հոդվածն իրականում 2008-ին գործող 300 հոդվածի մի կտորը վերցրել, առանձնացրել, սարքել են առանձին հանցագործություն. «300 հոդվածը հանցագործություն չի եղել եւ չէր կարող կիրառվել, որովհետեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համերբերգն ասել է՝ այս հոդվածն այնպես է գրված, որ մարդը կարդում, չի հասկանում՝ ինչ անի, ինչ չանի»: