Ինչո՞վ է վտանգավոր իռացիոնալ հակառուսականությունը

Ինչո՞վ է վտանգավոր իռացիոնալ հակառուսականությունը

Նիկոլ Փաշինյանը հանճար չէ, նա ոչ մի նոր բան չի հորինել՝ փորձելով Հայաստանի ու Արցախի հարցում իր իշխանության ձախողումների ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի եւ դրա նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Դա համաշխարհային թրենդ է, եւ Նիկոլ Փաշինյանը հմտորեն ինտեգրվում է այդ թրենդին, մանավանդ որ դրան հավատացողներ ու աջակիցներ շատ կան: Փաշինյանն ի՞նչ, Միացյալ Նահանգների, եվրոպական բազմաթիվ առաջատար երկրների ղեկավարներ են իրենց երկրներում առկա ինֆլյացիայի, գների աճի ու ապրանքների սղության պատճառ հայտարարել Պուտինին: Հայաստանի դեպքում վտանգն այն է, որ նման անպատասխանատու քաղաքականության պատճառով կարող ենք հայտնվել թուրքական սալի եւ ռուսական մուրճի արանքում, ինչպես դա տեղի ունեցավ սրանից գրեթե 100 տարի առաջ` 1920 թվականին, երբ Թուրքիան եւ Ռուսաստանը բաժանեցին Հայաստանը: Կամ՝ ավելի թարմ օրինակն Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, երբ Եվրոպայի ամենամեծ երկիրը կարող է կիսվել լավագույն դեպքում երկու մասի: 

Ամեն ինչ Ռուսաստանի վրա բարդելը, թվում է, շատ հարմար տարբերակ է, մանավանդ որ անգամ իշխանության, այսպես կոչված, քննադատներն են ձեռքի հետ Ռուսաստանին կարգում Հայաստանի ձախողումների մեղավոր ու պատասխանատու: Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանին՝ հաղթելու պատերազմում, Ռուսաստանը ծպտուն չհանեց, երբ ադրբեջանական բանակը գրավում էր Հայաստանի ինքնիշխան տարածքները, ռուսները չկռվեցին Փառուխի համար, Պուտինն ուզում է բացել Զանգեզուրի միջանցքը, ռուսները քանդում են Հայաստանի տնտեսությունը՝ այստեղից դոլար ու եվրո տանելով Ռուսաստան եւ այլն: 

Ձախողումների ու տապալումների պատասխանատվությունն իր վրայից գցելու համար Փաշինյանին պետք են պատասխանատվության կեղծ սուբյեկտներ: Սկզբում դա նախկին իշխանություններն էին, որոնք ամեն ինչով խոչընդոտում էին Հայաստանի իշխանություններին: Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականներն ամեն ինչ անում էին, որ հեղափոխական իշխանությունները ձախողվեն, որ դրա ֆոնին իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանն ավելի լավ ու շահեկան երեւար: Փաշինյանը երկու խորհրդարանական ընտրություն արեց նախկինների դեմ պայքարի լոզունգներով, պողպատե մանդատ ստանալու համար երկաթե չագուճ ձեռքն առած՝ սպառնաց նախկիններին, որ Հայաստանին ու հայ ժողովրդին լուսավոր ու երջանիկ ապագա բերի: Բայց իր պաշտոնավարման հինգերորդ տարում նույնիսկ իր կողմից հիմարացված մարդիկ հասկացան, որ չի կարող ինքն իշխանություն ունենալ, իսկ նախկիններն այնքան ուժեղ լինեն, որ կարողանան ամեն ինչում խանգարել իրեն, տապալել իր ծրագրերը: Բացի այդ՝ եթե նախկիններն այդքան ուժեղ լինեին, ապա կկարողանային իրենից իշխանություն վերցնել, ինչը չկարողացան անել անգամ միավորվելով ու մեկուկես ամիս փողոց փակելով: 

Նիկոլին պետք է պատասխանատվության նոր սուբյեկտ, որը Հայաստանից դուրս է, որին իր երկաթե մուրճով ու պողպատե մանդատով չի կարող հաղթել, ում դեմ ամբողջ աշխարհն է պատերազմում: Ինքն ո՞վ է, որ միայնակ կարողանա նրա դեմ գնալ: Այդ սուբյեկտը Ռուսաստանն ու նրա ղեկավար Վլադիմիր Պուտինն են, որոնց վրա Հայաստանի ձախողումների բեռը դնելը դեռ վաղուց էր սկսված, հիմա ուղղակի նոր թափ է ստանում: Նիկոլ Փաշինյանին աջակից ծանոթներիցս մեկն ասում է, որ մեր բանակը եւ ազգային անվտանգության մարմիններն ամբողջովին ենթարկվել ու ենթարկվում են Ռուսաստանին: Դրա համար էլ ռուսներին հաջողվեց մեր բանակ դավաճաններ ու լրտեսներ ներմուծել, բանակին ստիպեցին չկռվել, դավաճանաբար հանձնել տարածքներ, ու շատ դեպքերում անիմաստ նահանջի հրամաններ տրվեցին: Երբ հարցնում եմ, թե Հայաստանի ինքնիշխան տարածքները` Սեւ լճի հատվածում կամ Գեղարքունիքի մարզում թուրքին առանց կրակոցի զիջե՞լն էր ռուսների ձեռքի գործը, շատ հանգիստ պատասխանում է, որ բանակը միշտ էլ ռուսական Գլխավոր շտաբին է ենթարկվել, Նիկոլն ի՞նչ մեղավոր է՝ մի դավաճանին փոխում էր, պարզվում էր՝ մյուսն էլ է դավաճան, դրա համար էլ մինչեւ հիմա Գլխավոր շտաբի պետ չունենք, ոչ մեկին չի վստահում: Սա տիպիկ իշխանական քարոզչություն է, որը երկու նպատակ է հետապնդում: Առաջինը, ինչպես նշեցինք, պատերազմի, պարտության եւ ընդհանրապես բոլոր ձախողումների պատասխանատվությունն իշխանությունների վրայից գցելն է: Մյուսը՝ Հայաստանում հակառուսականություն սերմանելը, որն ածանցվում է առաջինից: Ռուսները մեր դարավոր թշնամիներն են ու մեր բոլոր դժբախտությունների մեղավորը եւ պատասխանատուն՝ ահա այդ թեզը: 

Ռուսաստանն այս պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունի գործընկերային հարաբերություններ, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն միացել Արեւմուտքի պատժամիջոցներին եւ, ընդհակառակը, օգնում են՝ շրջանցելու այդ պատժամիջոցները: Ռուսաստանին հիմա ցամաքային ճանապարհ է պետք, որն իրեն հուսալիորեն կկապի Թուրքիայի հետ, որովհետեւ Վրաստանով անցնող ճանապարհն այնքան էլ հուսալի չէ, Արեւմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա՝ պահանջելով միանալ պատժամիջոցներին: Այլընտրանքային ճանապարհը կարող է անցնել Հայաստանով եւ Ադրբեջանով: Սրանով է պայմանավորված Ռուսաստանի ադրբեջանամետ պահվածքը, որի համար Թուրքիան կարեւոր գործընկեր է միջազգային պատժամիջոցները շրջանցելու հարցում:

Արդյո՞ք հակառուսական քարոզչությունը եւ, ընդհանրապես, հայ հասարակության եւ Հայաստան պետության հակառուս պահվածքը ստիպելու են Ռուսաստանին՝ հրաժարվելու իր աշխարհաքաղաքական շահերից: Ի՞նչ է տալիս այդ հակառուսականությունը հայ հասարակությանը, որքանո՞վ է այն օգնում մեզ՝ լուծելու մեր խնդիրները․ եթե անգամ ամբողջ Հայաստանը հակառուս դառնա, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ է: Ամենաշատը Սյունիքում տեղակայված ռուսական բանակը կարող է չմիջամտել միջանցք բացելու ադրբեջանական փորձերին: Ու եթե դա հաջողություն ունենա, դրա պատասխանը լինելու է հերթական ու ավելի մեծ ուժով հակառուսականության ալիքի բարձրացումը, որ ռուսները հերթական անգամ գցեցին, հերթական անգամ դավաճանեցին, որ Ռուսաստանը ոչ թե դաշնակից է, այլ՝ ռազմավարական թշնամի: Ու դրանից ի՞նչ կփոխվի: Ոչինչ. ինչպես որ հիմա ոչ մի բան չի փոխվում, երբ Արցախի կորստի համար մեղադրում են ռուսներին: Կարող է փոխվել միայն այն, որ Երեւանից Մեղրի գնալու համար հարկավոր կլինի ռուսական բանակի թույլտվությունը, ինչպես հիմա Ստեփանակերտ գնալու համար է հարկավոր:

Ավետիս Բաբաջանյան