«Հրապարակ». Արդեն 10 օր է՝ չունեն տնօրեն, իսկ նորանշանակ ԺՊ-ից տեղեկություն չունեն

Պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն երկար ժամանակ է՝ կրքերը չեն հանդարտվում, նախ՝ աշխատավարձերի թեման էր, հետո՝ տնօրենի։ Թատրոնի անձնակազմը համոզված է, որ քաղաքապետարանում ամեն բան արեցին, որպեսզի Էմին Թորոսյանը թողնի ՊՀԹ-ի տնօրենի պաշտոնը, քանի որ իրենց կադրն ունեին։ Տնօրենին ազատելուց հետո քաղաքապետարանից հայտարարեցին, որ մշակել են թատրոնի համալիր առողջացման ծրագիր, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթաց: Եվ որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը:
Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին գեղղեկավար, բեմադրիչ Դավիթ Հարությունյանն ասում է` արդեն 10 օր է, ինչ թատրոնը չունի տնօրեն, իսկ նորանշանակ տնօրենի ԺՊ-ից տեղեկություն չունեն, քաղաքապետարանն էլ շարունակում է լռություն պահպանել։ «Ոչ մի տեղեկություն չունենք, Ձեզ պես ծանոթացել ենք հրապարակմանը, ու վերջ, ներկայացումները կանգնած են, ոչ մի ֆինանսական շարժ չկա, ոչ ոք չի կարող դրանք ղեկավարել, պարալիզացված վիճակում է թատրոնը»,-ասում է բեմադրիչն ու տեղեկացնում, որ արդեն որերորդ անգամ նամակ-դիմում են գրել վարչապետին, ԱԺ նախագահին, քաղաքապետին եւ նույնիսկ՝ նախագահին, բայց որեւէ օղակից չկա արձագանք. «Դե, ինչո՞ւ պետք է արձագանքեն, մենք ո՞վ ենք որ...: Շատ նեղսրտած վիճակում է թատրոնը, մշուշոտ է բոլորիս համար հետագա ընթացքը: Գուցե կան մարդիկ, ովքեր հոգու խորքում ընդունում են այս ամեն ինչը, կոլեկտիվ է, ինչպես բոլոր կոլեկտիվները, այնպես էլ մեր թատրոնի կոլեկտիվն առանձնապես չի տարբերվում այս հարցում»:
Քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որ շուտով կմեկնարկեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ: Այս խնդիրը կոլեկտիվի կողմից վերջին տարիներին մի քանի անգամ բարձրաձայնվել է, բայց միայն հիմա որոշում կայացվեց, ինչո՞ւ, փորձում են այսկերպ կոլեկտիվին, դերասաններին սիրաշահե՞լ։ «Իհարկե, էլ ի՞նչ, եթե ոչ դա, եւ ինչո՞ւ պարոն Թորոսյանի ժամանակ չարվեց, հետո՝ ի՞նչ է նշանակում՝ համալիր առողջացման ծրագիր են մշակել, ի՞նչ է դրա տակ ենթադրվում անել, դա շատ լայն եւ ընդհանրական ձեւակերպում է, ստացվում է` հնարավոր է դերասանախմբի մեծ մասին ցտեսություն ասեն եւ ոչ միայն դերասանախմբին, հետո ամեն մեկը կբերի իր մարդուն»:
Դ. Հարությունյանն ասում է` իրեն հուզում է այս թատրոնի ճակատագիրը, քանի որ 13 տարի աշխատել է այստեղ, 11 բեմադրություն է արել. «Այո, եղել են ե՛ւ պլյուսներ, ե՛ւ մինուսներ, ինչպես բոլոր տեղերում ու ցանկացած թատրոնում, բայց սա հալածանք էր, հետապնդում, վատ քաղաքականություն, սա կարող է նորից տեղի ունենալ ցանկացած թատրոնում եւ արդեն մի քանիսում տեղի է ունեցել, ու եկավ նաեւ մեր հերթը: Վաղը ես չեմ պատկերացնում այս թատրոնի ճակատագիրը, ո՞վ է լինելու այն հմուտ, ճկուն վարչարար-մենեջերը, որ կարողանա բարձրացնել այս թատրոնը: Մենակ լավ բեմադրություններ անելն այսօր շատ քիչ է, պետք է նաեւ լավ մենեջեր լինել, գաղափար ունենալ թատրոնի զարգացման հետ կապված: Արդյոք իրենց թեկնածուն ունի՞ այդ բոլոր որակներն ու հմտությունները: Իսկ ընդհանուր առմամբ՝ անձերի հետ կապված չէ այս խնդիրը, հարցն այն է, որ լավ աշխատող «ձիուն» հանեցին ու դա արեցին ամենավատ ձեւերով, քիչ էր մնում արդեն ձեռքերը ոլորելով հանեին, ու ասացին` գնա, դու պետք չես: Ու հիմա ես ուշադիր հետեւելու եմ, թե ինչպես է այս թատրոնը համալիր առողջանալու, այն դեպքում, որ մենք հիվանդ չէինք եւ հրաշալի ներկայացումներ ունեինք»:
Գուցե քաղաքապետարանը չի շտապում տնօրենի ԺՊ-ին բերել ներկայացնել եւ ժամանակ է շահում՝ փորձելով այնպես անել, որ կրքերը հանդարտվեն, ու մարդիկ էլ հաշտվեն իրավիճակին։ «Դե, ով կհաշտվի, ուրեմն ինքը հաշտվող է... նման մարդկանց ի՞նչ ասեմ..., հետո դժվար է լինելու նման մարդկանց հետ ճանապարհ անցնել, դա իրենց իրավունքն է, եւ ոչ ոք իրավունք չունի ոչ ոքի հարկադրել, համոզել, կոչեր անել, մարդը եթե չի ուզում իր ձայնը տեղ հասցնել եւ հարմարվել, հանգիստ նստել է, ուրեմն պետք չէ ո՛չ ձեռք տալ, ո՛չ էլ զարմանալ, որովհետեւ այն, ինչ եղել է, ինքնաբուխ է եղել: Մինչդեռ իրենք թեման ուժի զոռով փակեցին, արհամարհեցին կոլեկտիվին, բայց մենք հարցեր ունենք իրենց տալու, չի կարելի այսպես տրորել մարդկանց ու անցնել: Սա մայրաքաղաքի 2-րդ հին թատրոնն է, եթե տնօրենի երեսը չեք ուզում տեսնել, եկեք ապացուցեք, թե ինչ «հանցագործություն» է արել, բայց չէ՞ որ այդ մարդն այս թատրոնի փոշին սրբելով պահել է, ի՞նչ է ձեր ուզածը, որ ձեր մա՞րդը գա, դրանից ի՞նչն է ավելանալու»:
Այս ընթացքում, ինչպես նշում է Հարությունյանը, շատ բան է արվել թատրոնում, չի ժխտում՝ եղել են ներկայացումներ, որ այնքան էլ լավը չեն եղել, բայց եղել են նաեւ հրաշալի, շքեղ ներկայացումներ, ինչը հենց միայն հանդիսատեսը կարող է փաստել. «Եկան, «Խենթը» նկարահանեցին, բայց մինչեւ հիմա Հ1-ով չեն ցուցադրել, արդեն 9 ամիս է անցել, ինչո՞ւ ցույց չեք տալիս, որովհետեւ մենք ուզում ենք սահմանը բացե՞լ թուրքերի հետ, որ 2 տարում Թուրքիան կլանի այս երկիրը... ասում են` երբ նպատակահարմար լինի, ցույց կտանք, իսկ ե՞րբ նպատակահարմար կլինի... սա ամենամեծ արձագանքը ստացած ու լայն թափով գնացող ներկայացումներից է (բեմադրիչը Դ. Հ.-ն է): Ընդհանրապես, այս տեսակ ներկայացումներ քիչ կան մեր երկրում, շատերն այսօր ներկայացում են բեմադրում ոչնչի մասին, մինչդեռ մենք այնպիսի օրեր ենք ապրում, երբ պետք է ազգայինը, հայկականությունը, հայ թատրոն ասվածն ուժեղացնել եւ ոչ թուլացնել»:
Կարծիքներ