Հնամաշ, լքված, վթարային գույքերն ուզում ենք քանդել` նոր շենքեր կառուցել

Հնամաշ, լքված, վթարային գույքերն ուզում ենք քանդել` նոր շենքեր կառուցել

«Հրապարակի» զրուցակիցը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանն է:

- Անշարժ գույքի շուկայում, բնակարանների առքուվաճաքի գներում որոշակի փոփոխություններ նկատվո՞ւմ են: Գները, կարծես, ինչ-որ չափով նվազել են, կան տեսակետներ, որ վաճառքի մասով խնդիրներ կան, գնորդների թիվը զգալիորեն նվազել է: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը` ըստ Ձեզ:

- Քանի որ կար եկամտահարկի վերադարձի ծրագիր, իսկ 2024 թվականը Երեւանում ծրագրի վերջին տարին էր, ապագա պահանջարկի ծավալը տեղափոխվեց 2024 թվականի վերջին եռամսյակ: Այդ տրամաբանությամբ էլ ներկա պահին անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ակտիվությունը չի զրոյացել, էլի կա, սակայն ոչ այն տեմպերով, երբ եկամտահարկով գումարի վերադարձ էր նախատեսվում: Ինչ վերաբերում է գներին, ապա գների էական փոփոխություն տեղի չի ունեցել: Իմ կանխատեսումներով՝ չի էլ կարող տեղի ունենալ, ինչո՞ւ, որովհետեւ ամեն ինչ թանկանում է. շինարարական նյութերը, պետական տուրքերը, վճարները, կոմունալ ծախսերը եւ այլն: Այս համատարած թանկացումները հանգեցնում են նրան, որ շինարարական ծառայությունները բացառապես թանկանում են, այլ ոչ թե էժանանում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ գների նվազում չի կարող լինել: Որպեսզի Հայաստանում քաղաքաշինական, ներդրումային ծրագրերը լինեն արդյունավետ, այս ուղղությամբ քննարկումներ ենք նախատեսել կառավարության հետ՝ ակնկալելով պետության հետ համագործակցություն:

- Բայց երբ համեմատում ենք նախորդ տարվա եւ այսօրվա գները, որոշակի տարբերություններ տեսնում ենք:

- Գուցե առանձին դեպքերում 10-15 տոկոսով նվազել է, բայց ընդհանուր շուկայում գները մնացել են նույնը, ոչինչ չի փոխվել:

- Այժմ վաճառքի ծավալը` նախորդ տարվա համեմատ, քանի՞ տոկոսով է նվազել:

- Եկամտահարկի վերադարձից օգտվում էր գնորդների 70 տոկոսը, միայն 40 տոկոսն էր, որ բնակարան ձեռք էր բերում փուլային տարբերակներով: Այս պահի դրությամբ` 50 տոկոսով նվազել է բնակարան գնողների թիվը, բայց ակտիվ աշխատանքներ ենք տանում, կառավարության հետ համաձայնեցված, որպեսզի նոր գործիքներ ներդնենք, որից կշահի ե՛ւ պետությունը, ե՛ւ համայնքը, ե՛ւ քաղաքացին:

- Նկատելի է, որ ընթացող շինարարությունների քանակն էլ է նվազել: Սա ինչո՞վ է պայմանավորված:

- Այո, նման բան կա, քանի որ կար եկամտահարկի ծրագիր, երաշխավորված վաճառքի նախատեսմամբ կառուցապատողները քաղաքաշինական ծրագրերը շատացնում էին: Բայց քանի որ այժմ չկա եկամտահարկի վերադարձի ծրագիրը, կառուցապատողներն ավելի երկար են սկսել մտածել` նախքան ծրագրերն իրականացնելը: Կառուցապատողները նոր ռիսկի չեն դիմում, նոր ծրագրեր չեն սկսում, դա է պատճառը, որ նոր շինարարական պրոցեսների ականատես չենք լինում: Նոր մեկնարկող կառուցապատման ծրագրերը տասնապատիկ անգամ նվազել են: Նախորդ տարի մեկ շաբաթվա կտրվածքով հայտարարվում էր, օրինակ` 2 իքս քաղաքաշինական թույլտվություն, այժմ` 1 իքս: Ցանկությունը շատ է, սակայն ստեղծված իրավիճակը ներդրողներին կաշկանդում է: Կառուցապատողը վստահ չէ՝ կկարողանա՞ բնակարանները վաճառել, թե՞ ոչ:

- Նշում եք, որ կառավարության հետ ծրագրեր եք մշակում: Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը:

- Այսօր կառավարության ներկայացուցիչների հետ շատ ակտիվ քննարկումների փուլում ենք գտնվում` մի շարք ծրագրերի շուրջ, որոնցից մեկը ներդրումային քաղաքաշինական իրականացման մասին է: Այն ենթադրում է հնամաշ, լքված վթարային գույքերի քանդում, բնակիչներին փոխհատուցման տրամադրում եւ նոր քաղաքաշինական ծրագրերի իրականացում, քանդված, ապամոնտաժված շենքերի տարածքներում: Սա ունի տնտեսական կարեւորություն նախ հենց պետության համար, քանզի պետությունն ունի պարտավորություններ՝ ֆիզիկական անձանց անվտանգությունն ապահովելու հարցում: Այսօր վթարային շենքերը քիչ չեն: Այս ծրագիրն իրականացվելու է մասնավոր ներդրումների հաշվին, ինչը հենց պետությանը պետք է ձեռնտու լինի: Որպեսզի այս ծրագիրը կյանքի կոչվի, աշխատանքներ ենք տանում եւ հույս ունենք, որ նոր ծրագրերի մեկնարկին ականատես կլինենք: